կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 18:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց լեզուն այլ մասնագիտական ֆակուլտետներից հանելը ոճրագործության հավասար բան կլինի․ Վարդան Դևրիկյան

Հին հույները Դեմոսթենեսի մասին ասում էին, որ կակազելով և ուսը ցցելով էր խոսում։ Իր լեզուն կանոնավորելու համար սուրը կախում է ուսի վերևը, որպեսզի այն գիտակցումը ունենա, որ հանկարծ չցնցվի, հանկարծ կակազելով չխոսի, որպեսզի խոսքը հավաք դարձնի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս պատմությունը հիշեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ անդրադառնալով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների՝ այլ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու մտադրությանը։

«Հին հույներն այսքան կարևորություն են տվել՝ պատկերավոր այն միտքը հայտնելով, որ եթե դու չես կարողանում մտքերդ նորմալ արտահայտել, ավելի լավ է՝ սրով խոցվես»,-ընդգեց նա։

Հայոց լեզվի դասավանդումը երբեմն կապում են հայրենասիրության հետ․ Վարդան Դևրիկյանին մտահոգում է «հայրենասիրություն» հասկացության հանդեպ վերաբերմունքը․ «Այնպիսի մի քամահրանքով են արտասանում, կարծես կոռուպցիոն դրսևորում է, ինչ է»։

Բայց խնդիրն անգամ սա չէ, նա բացատրեց պարզ բաներ՝ լեզուն առաջին հերթին հասարակական հաղորդակցման միջոց է, որով մտքերն են շարադրում․ «Պատկերացրեք, քաղաքական գործչից սկսած՝ եթե կմկմալով, անարտահայտիչ խոսի, չի կարող քաղաքական գործիչ լինել։ Նույնն էլ մասնագետը՝ կարող է երևույթները շատ լավ հասկանալ, բայց եթե չկարողանա շարադրել, ուրեմն չի կարող լավ մասնագետ լինել»։

Որպես գիտնական և ՀՀ քաղաքացի նա մեծ վտանգ է տեսնում հայոց լեզուն այլ մասնագիտական ֆակուլտետներից հանելու մեջ․ «Որովհետև սա ուղղագրության խնդիր չէ, սա, ինչպես ասում ենք՝ «ոհ, դու մեծասքանչ լեզու», այս արտահայտությունների խնդիրը չէ, այլ պարզապես ՀՀ նորմալ քաղաքացի, գրագետ քաղաքացի և լավ մասնագետ լինելու հարցն է»։

Նա միտում է տեսնում որոշակի շերտերի մոտ, որոնք ուզում են ազգային մտածողությունը ջնջել, ներկա մի կետից սկսել․ «Այդպես չի կարող լինել, հայ ժողովուրդը հազարամյակների խորքից է եկել, լեզուն հիշողություն է և բառերը ստուգաբանվում են։ Բարբառներն իրենց մեջ պահում են հնդեվրոպական ընդհանուր մայր լեզվի օրինաչափությունները, հետևաբար՝ հեռացումը հայոց լեզվից, ըստ էության, հեռացում կլինի նաև անցյալից, մեր հիշողությունից․ այս առումով ևս անթույլատրելի է հայոց լեզուն բուհերից հանելը»։

Հայոց պատմության դասավանդումը ևս ոչ միայն արժեհամակարգի, այլև հենց քաղաքացիական նկարագրի տեսանկյունից է կարևորում Վարդան Դևրիկյանը։

Մասնագիտական քննարկումների հարց կարող է դառնալ, թե ոչ մասնագիտական ֆակուլտետներում ինչպես պետք է դասավանդել, ո՛ր կուրսերում դասավանդել այս առարկաները, բայց հանելու հարցը նա համարում է  ոճրագործության հավասար բան․ «Ես չեմ խուսափում այս բառը օգտագործելուց, որովհետև հայոց լեզվի բառերը քչից-շատից հասկանում եմ և միակ հարմար բառը ես համարում եմ «ոճրագործությունը»»։

Նրա համար անհասկանալի է՝ եթե այլ մասնագիտական ֆակուլտեներում հայոց լեզու չանցնեն, մասնագիտակյան գրականությունն ո՞վ է թարգմանելու․ «Հո այլմոլորակայինները չե՞ն թարգմանելու, այսինքն՝ «մարդ է, որ գործե զերկիր»»։

Գործող իշխանությունները միտումնավո՞ր են այս կարգի հարցեր առաջ քաշում, թե՞ ոչ, Վարդան Դևրիկյանը չգիտի, բայց համոզված է, որ  կոշտ լինի, թե մեղմ՝ «պետք է մտցնել պատասխանատուներից նրանց գլուխը», ովքեր դա չեն հասկանում։

Կարծես անընդհատ կռիվ գնա հիշողության հետ՝ նկատում է Վարդան Դևրիկյանը․ «Եթե գիտական քո յուրաքանչյուր քայլը չես հարաբերում քո անցյալի հետ, քո պատասխանատվության հետ, դա շատ աղետալի հետևանքներ կարող է ունենալ»։

Գիտակրթական ոլորտի մեկ այլ աբսուրդ նախաձեռնություն՝ Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրամ դարձնելու և Ակադեմիայի ինստիտուտները Համալսարանին միավորելու մտադրությունը Վարդան Դևրիկյանը բացատրում է «կոմունիստների մեղքով»․ ակադեմիական հաստատությունները շատ լավ շենքերում են տեղավորել, այդ պատճառով էլ բոլորի «աչքի փուշն» են դարձել և անընդհատ պայքար է գնում այդ շենքերը վերցնելու համար։

«Այս նախաձեռնությունը նաև ինչով քննադատության չի դիմանում, որ բուհերը դեռ ձևավորման մեջ են, դու դրանց միավորում ես մեկ այլ բան։ Եթե մի բան չի ձևավորվել, դու ո՞ւր ես տանում, կամ ի՞նչն ես տանում՝ մարդկա՞նց ես տանում, լաբորատորիանե՞րն ես տանում․․․հլա հումանիտար գիտությունները, որոնք թղթի-գրքի հետ կապ ունեն, էլի հասկանալի է, բա կիրառական հետազոտություններ կատարող, լաբորատորիաներ ունեցող ինստիտուտները տեխնիկապես ի՞նչ ձևով են գնալու մտնեն համալսարանների մեջ»,-ասաց նա՝ անընդունելի համարելով կայուն ձևավորված գիտական համակարգը ջարդելն ու ինչ-որ մի էքսպերիմենտ կատարելը։  

Հայկական պետության լոկոմոտիվներից մյուսի՝ Երևանի պետական համալսարանի 100-ամյակը փոխադարձ մեղադրանքների ու հաշվեհարդարների թատերաբեմում չեզոքացավ․ Վարդան Դևրիկյանն անգամ ծայրահեղ միջոց է առաջարկում, հաջորդ տարի մեկ անգամ ևս նշել հոբելյանը և դա անել իմաստավորված ձևով։

Բուհերը ապաքաղաքականացնելու հայտարարություններով՝ դրանց ներքին գործերին միջամտելու գործելաոճին Վարդան Դևրիկյանը հակադարձում է՝ բուհերի ինքնուրույնությունը պետք է ապահովել  ռեկտորի ընտրությունը հնարավորինս լայն սպեկտրով կատարելով՝ նախկին իշխանությունների ժամանակվա պես՝ հոգաբարձուների մեծ կազմով։

«Միտքը կառավարելիության հետ անհամատեղելի է, միտքը պետք է ինքնուրույն լինի։ Չի կարելի որևէ մեկին դարձնել որևէ մեկի պիոները»,-ասաց նա։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները մեկ տեղում միավորելը և ծանրաշարժ, տարասեռ մարմին ստեղծելը նա անհասկանալի և անընդունելի է համարում․ «Մանավանդ որ, գիտությունն ու մշակույթը իրենց բնույթով հակոտնյա են, մի տեղ չեն կարող լինել․ գիտությունը աշխարհի երևույթներին մի հայացքով է նայում, մշակույթը՝ միանգամայն այլ, գիտությունը երևույթների օբյեկտիվ իրականությունն է որոշում, մշակույթը դա հոգևոր վերիմաստավորումների է ենթարկում։ Եվ այդ ոլորտի պատասխանատուները գիտության աշխարհի ներկայացուցիչների կարծիքը գրեթե չեն հարցնում»։

Քաղաքական նոր ղեկավարության գործողություններում Վարդան Դևրիկյանի համար մտահոգիչ է քամահրական վերաբերմունքը ազգային արժեքներին, ինչը համարում են հետամնաց, անգամ ծաղրելի։ «Նույնիսկ ազգային չէ՝ համամարդկային, բնականոն ընտանիքից սկսած մի ձևի հետամնացություն է դիտվում։ Այսինքն, վտանգ կա խաթարելու ոչ միայն մեր ազգային արժեհամակարգը, այլև ընդհանրապես՝ բարոյական, մարդկային արժեհամակարգը»,-նկատում է Վարդան Դևրիկյանն ու կոչ անում պայքարել կեղծ լուսավորյալներից կամ տարբեր տեղերից սնվողներից մեր ընտանիքն ու ավանդական կացութաձևը պաշտպանելու համար։

Նրան զարմացնում է «Մեր հայրենիք» հիմնի դեմ տարվող հետևողական թունավորումը։  

Ազատամարտին մասնակցած գիտնականը մի պատմություն է պատմում․ Դիրքային հերթապահության ժամանակ, երբ մարտական ակտիվ գործողությունները դադարել էին, մի ռադիոընդունիչ էին գտել։ Երեկոյան ժամը 12-ին, երբ «Մեր հայրեիքը» հնչում էր, բարդ խնդրի առաջ էին կանգնում՝ եթե օրհներգի ժամանակ կանգնեին՝ հակառակորդը դիմացից կխփեր, բայց նաև չէին կարող նստած կամ մեկ այլ ձևով լսել։ Եվ տղաներով որոշեցին, որ ծնկաչոք՝ խրամատում դիրքերում ծնկած լսել՝ ինչքան էլ անհարմար է, այդ ձևով էին լսում «Մեր հայրենիքը»։

Վարդան Դևրիկյանն ընդգծեց․ «Դա միայն այն հարցը չէր, որ մեր երկրի օրհներգն էր, դա հենց «Մեր հայրենիքն» էր և այն բոլոր տարբերակները, որ այսօր առաջարկում են, դրանք ոչ մեկը ծնկաչոք չի լսի և դեպի կռիվ չի գնա»։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․