Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքի 59-րդ տարում ի Տեր ննջեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ տիար Վարդան Դևրիկյանը:
Վաստակաշատ հայագետը հայ գրատպության պատմության լավագույն մասնագետներից էր, որի ուսումնասիրությունները լույս են սփռել հայ գրքագիտության, ձեռագրագիտության և բանասիրության ամենատարբեր խնդիրների և կնճռոտ հարցերի լուսաբանության վրա:
Մեծանուն հայագետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ էր: Հայ Եկեղեցու նկատմամբ ունեցած սիրո և նվիրումի գիտակցությամբ էր պայմանավորված նրա` 1993 թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսության պաշտոնաթերթ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 2000-2008 թթ․՝ որպես գլխավոր խմբագիր և Ս․ Էջմիածնի ձեռագրատան պատասխանատու աշխատելը։
Մինչ օրս տիար Դևրիկյանը շարունակում էր իր հարուստ գիտելիքներով և փորձառությամբ օգտակարություն բերալ «Էջմիածին» ամսագրի խմբագրությանը՝ որպես խմբագրական խորհրդի անդամ, իսկ Ս․ Էջմիածնի հրատարակչության կողմից պարբերաբար լույս էին ընծայվում մեծանուն հայագետի արժեքավոր ուսումնասիրությունները՝ մենագրությունների և հոդվածների տեսքով։
Վստահ ենք դեռ բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու Վ․ Դևրիկյանի՝ հայ գրքի նկատմամբ ունեցած նվիրումին` կարևորելով նրա հայագիտական հարուստ ժառանգությունը։
Ցավում ենք, սակայն տիար Դևրիկյանը չհասցրեց տպագրված տեսնել իր վերջին՝ «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում» խորագրով արժեքավոր ուսումնասիրությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության և Ս․ Էջմիածնի Մատենադարանի աշխատակիցները խորապես ցավակցում են Դևրիկյան ընտանիքի անդամներին. յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: