կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 19:17
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը «հարամ արեց» Թուրքիայի Հանրապետության տարեդարձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը միայն ճիշտ քաղաքական կողմնորոշման խնդիր չէ, այլ նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և հայ համայնքի տասնամյակների հետևողական աշխատանքի արդյունք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։  

«Հայ Դատի հանձնախումբը հազարավորներից կազմված՝ արագ քաղաքական արձագանքման ջոկատ ունի․ հազարավորներ կան գրանցված, որոնք, եթե հանկարծ կարիք զգացվի՝ կապվել իրենց ներկայացուցչի կամ ծերակույտի անդամի հետ, անմիջապես անում են։ Այսինքն, այդքան մարդ մոբիլիզացվել է»,-ասաց նա։

Նաև ընդգծեց հայ համայնքի հանգանակությունների կարևորությունը․ «Հայ դատի հանձնախմբերը միայն հայ ժողովրդին են պարտական, միայն հայ ժողովրդից են կախված՝ այս կամ այն քաղաքական աղբյուրից կախված չեն, իսկ լոբբինգը բազմաթիվ ուղղություններով աշխատանք է»։

Բոլոր այն ցինիկներին, ովքեր համարում են, որ բանաձևի ընդունումը որևէ բան չի տալու, Կիրո Մանոյանը հակադարձում է՝ եթե այդքան պարզ էր, ինչո՞ւ 35 տարի անգամ քվեարկության արգելք կար․ «Եթե այդքան պարզ է, որ ԱՄՆ-ի պես պետության Խորհրդարանի Ստորին պալատը ավելի քան 400 հոգու մասնակցությամբ՝ 2 ժամ հատկացնի այս հարցին միայն այդ օրը, եթե այդքան պարզ է՝ թող գնան իրենց անելիքը անեն։ Սա նաև համայնքի կազմակերպվածության հարցն է»։

Կիրո Մանոյանը վստահ է, որ բանաձևի ընդունումը Հայ դատի հանձնախմբի առաջնորդությամբ՝ ամերիկահայ համայնքի քաղաքական ուժի ցուցադրություն է։

«Երեկ Թուրքիայի Հանրապետության տարեդարձն էր, կարելի է ասել՝ հարամ եղավ։ Ոչ թե նպատակը դա էր, թվականը մենք չենք ճշտել, այդպես ստացվեց։ Չի բացառվում, որ կենգրեսականները այդ հաշիվը առել են, բայց գոնե մեր հաշվարկը դա չէր։ Բայց այսօր արդեն Արցախին նվիրված ամենամյա նշում կա նույն Կոնգրեսի շենքում, Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն այնտեղ է, կողմ քվեարկած կոնգրեսականների մի մասն առնվազն, համոզված եմ, ներկա է լինելու․ սա էլի քաղաքական ուժի ցուցադրության հետևանքն է, որ մարդիկ գալիս են»,-ընդգծեց Կիրո Մանոյանը։  

Նա համոզված է, որ եթե ամերիկահայ համայնքի թիվը լիներ, օրինակ, 100 հազար, ոչ թե 2 միլիոն՝ ինչ որ է, և քաղաքականորեն չլինեին այնքան ակտիվ՝ ինչքան են, այս բանաձևը չէր անցնի։ Եթե ԱՄՆ-ը ցանկանար Թուրքիային պատժել, այլ ճանապարհ էլ կգտներ, օրինակ, նույն օրն ընդունված՝ Սիրիայի հարցով Թուրքիային պատժելու բանաձևը։  

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Կիրո Մանոյանը խոսել է նաև բանաձևի քաղաքական արդյունքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․