կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 12:59
Հասարակություն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ-ի՝ 60 մլն ԱՄՆ դոլարի չափով օգնությունը Հայաստանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ-ի՝ 60 մլն ԱՄՆ դոլարի չափով օգնությունը Հայաստանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, ըստ որի՝ 2019 թվականին ԱՄՆ կառավարության օգնությունը Հայաստանին կկազմի 60 մլն դոլար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Մենք ողջունում ենք դեսպան Թրեյսիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանին օգնությունը կգերազանցի 60 մլն դոլարը 2019 ֆինանսական տարում, նրա խոսքով՝ 40 տոկոսով ավելի, քան նախորդ տարի»,- մանրամասնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Միացյալ Նահանգները վերջին 27 տարվա ընթացքում ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և մենք, իհարկե, մտադիր չենք փոխել այն հիմա՝ այն ժամանակ, երբ Հայաստանում ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ասել է ԱՄՆ դեսպան Լին ու ավելացրել. «Այդ իսկ պատճառով մենք հպարտ ենք, որ այս տարի ավելի քան 60 միլիոն դոլարի օժանդակություն ենք տրամադրում Հայաստանին»:

Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ լրացուցիչ միջոցները կներառեն ծրագրային տարբեր ոլորտներ, այդ թվում`«հակակոռուպցիա, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերեն լեզու, անտառային ծառայություն, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն և թափանցիկ ու հաշվետու կառավարության ուժեղացում՝ ներառյալ իրավապահ, արդարադատության և դատական ոլորտները»:

Հայ-ամերիկյան օգնության ավելացմանը զուգահեռ`ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը սերտորեն համագործակցում է Կոնգրեսի հայկական հանձնաժողովի հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության կտրուկ աճի վերաբերյալ զեկույցները պարզելու նպատակով: Համաձայն Կոնգրեսի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնեի, Ջեք Սփայերի և Ադամ Շիֆի՝ սեպտեմբերի 27-ի նամակի՝ Ադրբեջանը 2019  ֆինանսական տարում պաշտպանության նախարարությունից ստացել է 42.9 միլիոն դոլար օգնություն: Համապատասխանաբար, Հայաստանին տրամադրվել է 2.8 միլիոն դոլար: Նամակում նշվում է, որ Կոնգրեսը մտավախություն ունի, որ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը «կօգտագործվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան հետագայում ավելացնելու համար»: