կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 12:38
Հասարակություն

Մենք նշում ենք Արցախի Հանրապետության օրը մեր աշխատանքով. Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորական ուղերձներ են հղել

Մենք նշում ենք Արցախի Հանրապետության օրը մեր աշխատանքով. Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորական ուղերձներ են հղել

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները միացել են ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայերին՝ նշելով Արցախի Հանրապետության 30-ամյակը՝ խոստանալով շարունակել ԱՄՆ-Արցախ կապերի ամրապնդումը և հետ մղել ադրբեջանական ու թուրքական ագրեսիան: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք նշում ենք Արցախի Հանրապետության օրը մեր աշխատանքով՝ Կոնգրեսի մեր դաշնակիցների հետ՝ առաջ տանելով օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ, որը կարգելափակի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչպես նաև կապահովի մարդասիրական օգնություն Արցախին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսեր նախագծի վրա՝ փորձելով ստանալ որքան հնարավոր է շատ օգնություն Արցախին օգնելու համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Ես նաև կցանկանայի տեսնել Արցախի՝ որպես պետություն, որպես երկիր, ճանաչումը, տեսնել պաշտոնական հարաբերություններ Արցախի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես նաև առաջընթաց խաղաղության գործընթացում»,- ասել է Փալոնը:

Կոնգրեսական Դեյվիդ Վալդաոն իր ուղերձում ընդգծել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը սեփական ճակատագիրն ու ազատությունը որոշելու համար մղվող պայքարում ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել Ադրբեջանի շարունակվող ագրեսիային: «Ես 2017 թվականին այցելել եմ Արցախ և անձամբ տեսել Արցախի ժողովրդի նվիրվածությունը ինքնորոշմանն ու խաղաղությանը, այն հիմնարար արժեքները, որ կիսում են Միացյալ Նահանգներն ու Արցախը: Ես Ներկայացուցիչների պալատի դահլիճում գլխավորել եմ ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն ապահովելու, Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերություններն ամրացնելու, ականազերծման միջոցով կյանքեր փրկելու ջանքերը: Ես աջակցում եմ Արցախի և Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում և կշարունակեմ աշխատել Կոնգրեսի իմ գործընկերների հետ հայ գերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և ԱՄՆ-ի կողմից Արցախին և Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վալդաոն:

Արցախի Հանրապետության 30-ամյակը շնորհավորել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այսօր մենք նշում ենք Արցախի Հանրապետության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, վերջին պատերազմն Արցախի ժողովրդին անպատկերացնելի փորձությունների ենթարկեց: Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս: Եկեք այս կարևոր օրը նվիրենք մեզ Արցախի ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու գործին»,- ասել է Շիֆը:

Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն նշել է. «Ցավոք, այդ խաղաղ որոշումը հանդիպել է տարիներ տևող բռնության՝ ներառյալ 2020 թվականի պատերազմը, որի հետևանքով ավերվել են տներ և գյուղեր, կորսվել են բազմաթիվ կյանքեր: Բայց ես եղել եմ Արցախում և գիտեմ, թե որքան ուժեղ մարդիկ են այնտեղ ապրում: Ես լի եմ վճռականությամբ ապահովելու անհրաժեշտ աջակցությունը Արցախի վերականգնմանն ու բարգավաճմանը նպաստելու համար»,- ասված է Ջուդի Չուի ուղերձում:

Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստն, Աննա Էշուն, Ջիմ Մաքգովերնը, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել աշխատանքը Կոնգրեսում՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին հզոր աջակցություն ապահովելու, Արցախի անկախության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: