կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-17 21:21
Առանց Կատեգորիա

Հաշվետվության մեջ իշխանությունները գործընթացները հաճախ ներկայացնում են որպես արդյունք. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի մի մասը ներկայացվում է որպես ձեռքբերում, սակայն դրանք գործողություններ են, որոնց արդյունքները դեռևս տեսանելի չեն:

Խաչատրյանն օրինակ է բերում Կառավարության կառուցվածքի փոփոխության որոշումն ու ասում՝ սրա արդյունավետությունն ու վերջնարդյունքը դեռևս պարզ չէ. «Քանի արդյունավետության բարձրացում մենք չենք տեսել, չենք կարող գնահատել այս որոշումը որպես ձեռքբերում: Այսինքն՝ գործընթացը դեռ չի երաշխավորում հաջողությունը: Մի քանի տարի հետո հնարավոր է այնպես լինի, որ տեսնենք՝ ընդհակառակը՝ կատաստրոֆա է եղել: Իմ խորին համոզմամբ՝ այդ գործընթացը հետ կդառնա, այսինքն՝ գյուղատնտեսության նախարարությունը դարձյալ կառանձնանա»:

Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ վարչապետի ներկայացրած որոշ ձեռքբերումներ, առհասարակ, կապ չունեն Կառավարության գործունեության հետ. «Օրինակ՝ կա փաստ՝ ծրագրավորող ընկերություններն իրենց արտադրանքը կարող են վաճառել Google Play հարթակում, բայց սա մասնավոր ընկերություն-մասնավոր ընկերություն հարաբերություն է: Կամ ավելի շատ մարդ սկսել է ավելի շատ գիրք գնել, թանգարան գնալ: Ես հիմա կասկածներ ունեմ, որ գրքերի վաճառքի ավելացումը ՀԴՄ-ներ տպելու հետևանք է: Եթե մենք ասում ենք, որ ավելի շատ ՀԴՄ է տպվել, դա նորմալ է, բայց եթե մենք դա տարածում ենք գրքերի վաճառքի վրա, դա արդեն նորմալ չէ, նույն տրամաբանությամբ կստացվի, որ մարդիկ սկսել են ավելի շատ հաց գնել: Բայց սա չի նշանակում, չէ՞, որ ավելի շատ մարդիկ են հաց սկսել ուտել»:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին առնչվող փաստերին, նախկին նախարարն ասում է՝ չի տեսնում Կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը. «Առանձին-առանձին քայլեր տեսնում եմ, բայց հաջողությունն այստեղ երաշխավորված չէ»:

Հարցին՝ Գյուղատնտեսության նախարարության և Էկոնոմիկայի նախարարության միավորման արդյունքում, արդյոք, գյուղատնտեսական ոլորտում բացասական դինամիկա կնկատվի, Խաչատրյանը պատասխանեց՝ նման մտավավախություն ունի. «Եթե գյուղատնտեսությունը պետության համար գերակա ճյուղ է, ապա պետք է մարմին լինի, որն այդ գերակա քաղաքականությունը կիրականացնի: Ի վերջո, ոլորտներն ստանում են նախարարության կարգավիճակ՝ ելնելով իրենց կարևորությունից: Ավելի մեծ ներդրում ունեցող ոլորտ, քան գյուղատնտեսությունն է, մենք չունենք»:

tert.am

Մանրամասները՝ տեսանյութում: