Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերահսկիչ պալատի հաշվետվությունում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերաբերյալ երկու ուղղություններ են եղել` նպաստների ու թոշակների վճարման արդյունավետությունը եւ տարեցների ու երեխաների խնամքը եւ այդ ծրագրերի արդյունավետության ստուգումը. արձագանքելով ՎՊ հաշվետվությանը` այսօր լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ, թոշակների վճարման օրինականության հետ կապված, ստուգումները նոր չեն, եւ ՎՊ-ն նշել է, որ այս անգամ իր ուսումնասիրություններն իրականացրել է տեղեկտվությունների վերլուծության միջոցով:
«ՎՊ-ն անդրադարձել է, թե ինչպիսին է իրավիճակը նախկինում արձանագրված թերությունների առումով: 2013 թվականի հունիս ամսից արդեն կիրառում ենք նոր տեղեկատվական շտեմարանները: Պետք է նշեմ, որ գործընթացը բավականին արդյունավետ է, եւ համակարգը տեղեկատվության ճշգրտման առումով կարեւորագույն դեր է ունեցել: Ասեմ, որ ունեցանք թոշակառուների թվերի նվազեցումներ»,- ասաց Ա. Ասատրյանը` նշելով, որ ֆինանսական տեսքով ճշգրտումները կազմել են շուրջ 7 միլիարդ դրամ:
Նախարարի հավաստմամբ` այն բոլոր ռիսկերն ու խնդրները, որոնց մասին նշվել է, այսօր հասցվել են նվազագույնի, եւ ոլորտում կա մի վիճակ, երբ ցանկացած գործողություն արձանագրվում է տեղեկատվական շտեմարանում, ու խնդիր առաջանալիս կա կոնկրետ պատասխանատու: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ տարաբնույթ խախտումներ են գրանցվել ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող գնումների ընթացակարգերում. կազմակերպություններ են արձանագրվել, որոնք մրցույթներին մասնակցելու իրավունք չեն ունեցել, ժամկետներ են խախտվել եւ այլն:
Իսկ ամենախնդրահարույց հարցերը համապատախան ապրանքների տեխնիկական բնութագրերն են եղել ու մնում: Այս հարցը պետք է լուծվի, որպեսզի հստակ լինի, թե ապրանքների գները համապատասխանո՞ւմ են, արդյոք, իրենց որակին ու գնումների պայմանագրով առաջադրված պահանջներին, թե՞ ոչ: Նախարարը ասաց, որ բոլոր այն պատասխանատուները, ովքեր գնումների գործընթացները կազմակերպել են, կրել են համապատասխան պատասխանատվությունները` խիստ նկատողություններ են ստացել եւ այլն:
Արտեմ Ասատրյանը հայտնեց նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում շուրջ մեկ միլիարդ դրամի գնումներ են կազմակերպվել, որի արդյունքում նախարարությունն ունեցել է շուրջ 150 միլիոն դրամի խնայողություններ:
Նախարարը նշեց, որ իրենք ընդունում եմ ՎՊ կողմից արձանագրված դրական առարկությունները, ներկայացրել են իրենց դիտարկումները, մասնավորապես` որ ընթացակարգային խնդիրները տարըմբռնման տեղիք են տալիս: Սակայն բյուջեի միջոցները «լափվելու» տեսակետին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը համաձայն չէ: «Բնական է, որ ես համաձայն չեմ, որ պետբյուջեի միջոցները լափվում են»,- նշեց Ա. Ասատրյանը: