կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 16:54
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության միջոցառումները պատճառահետևանքային շղթայի թյուր վերլուծության արդյունք են. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացրած առաջարկությունները վերաբերում են առաջիկա 1,5-2 ամիսներին, այսինքն` հայտարարված արտակարգ իրավիճակի ժամանակահատվածին` պլյուս մեկ ամիս. ըստ yerkir.am-ի` հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվում էին ՀՅԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները։

Ըստ նրա` առաջարկությունները պատրաստվել են` ելնելով այն տեղեկատվությունից, որն  առկա է հանրային տիրույթում, և իրավիճակի փոփոխության դեպքում, բնականաբար, կարող են լրացվել, համալրվել:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի խոսքով` իրավիճակի` իրենց գնահատումը ցույց է տալիս, որ համավարակի դեմ կարող ենք պայքարել միայն կառավարչական հմտությունների գործադրմամբ, իրական ժամանակահատվածում բազմաթիվ, այդ թվում` նաև ցավոտ որոշումների կայացմամբ: «Ապրում ենք ծանր պայմաններում, և որոշումները չպետք է լինեն ամբոխահաճո: Հարկ ենք համարում ընդգծել, որ կառավարության կողմից  ներկայացված`կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաշվի չեն առնում իրավիճակի խորքային խնդիրները և պատճառահետևանքային շղթայի թյուր վերլուծության արդյունք են: Մենք պետք է կարողանանք պայքարել տնտեսական գալիք ճգնաժամի ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ, իսկ պատճառը Covid-19 համավարակն է: Դեռևս չենք կարող ասել ` որքան կտևի այն, ինչ հետևանքներ կունենա Հայաստանի և համաշխարհային տնտեսության վրա, հետևաբար` պատրաստի լուծումներ առաջարկելը, մեր կարծիքով, ժամանակավերպ է»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա` չի կարելի մի կողմից ասել` մնացեք տանը, ինքնամեկուսացեք, մյուս կողմից ասել` իսկ ինչպես ենք բիզնեսը խթանում: «Բիզնեսի խթանումը ենթադրում է կյանքի ակտիվացում, նաև բիզնեսի ակտիվացում, հետևաբար մեր այսօրվա խնդիրն է երկիրը բերել, պայմանականորեն ասած, նվազագույն էներգախնայողության ռեժիմի, ապահովել քաղաքացիների և պետության անվտանգությունը, լուծել բնակչության առջև ծառացող կենսական, սոցիալական խնդիրները»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով` կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի: Համաճարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձևավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր, ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք, նախ, երաշխավորում են բնակչության անվտանգությունը և պետության կենսունակությունը Այդ քայլերը պետք է նախատեսվեն մինչև համաճարակի` առնվազն համընդհանուր չեզոքացումը: Այսինքն`  ստեղծված սոցիալ- տնտեսական դժվարությունները չունեն ֆինանսական և տնտեսական հիմք ու կշարունակվեն այնքան, քանի դեռ գոյություն ունի վարակի տարածման վտանգը: Երբ վարակի դեմն առնենք, կայունացնենք վիճակը, հետո արդեն կարելի է առաջարկել տնտեսության վերականգնման, խթանման դրամավարկային և արտաբյուջետային փաթեթներ»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Այնուհետև նա ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի առաջարկությունները:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում: