կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-25 10:28
Առանց Կատեգորիա

Հաշվետվության համար նյութեր կան, և որքան ուզեք

Հաշվետվության համար նյութեր կան, և որքան ուզեք

Հեռավոր 1895 թվականին, երբ Փարիզում կինոյի հիմադիրներ Լյումիեր եղբայրները ճերմակ սավանի վրա ցուցադրում էին իրենց հայտնագործությունը` աշխարհում առաջին շարժանկարը,  այն ժամանակվա համար ոչ տարօրինակ բան կատարվեց: Ֆիլմը, որ կոչվում էր «Գնացքի ժամանումը», ցնցեց դահլիճը: Գնացքի ժամանման հետ մարդիկ սկսեցին, իրար հրմշտելով, փախչել կինոսրահից: Կարծում էին` գնացքն իրենց վրայով է անցնելու:

Այդ բարի և անմեղ  ժամանակներից շատ բան է փոխվել, և այժմ նույնիսկ նոր տեխնոլոգիաներով նկարահանած ֆիլմերն անակնկալի չեն բերում անգամ հինգ տարեկան երեխաներին: Բայց մի բան մնացել է անփոփոխ: Վատ ֆիլմի դեպքում հանդիսատեսը` որպես բողոքի նշան, պարզապես լքում է սրահը, իսկ ֆիլմը ընդամենը խոտանվում է և չի իջեցվում կինոշուկա: Չնայած տեսականորեն դա այդպես է, բայց պրակտիկորեն իրեն հարգող ֆիլմարտադրող ընկերություն ուղղակի ջանում է վատ ֆիլմ չնկարել: Այսինքն` փողերը չի մսխում հանուն ինչ-որ մեկի սիրուն աչքերի կամ, ինչպես ընդունված է ասել, «ատկատի» խաթեր:

Մեզ մոտ ուրիշ է: Ինչպես պատմեց ինձ ծանոթ կինոռեժիսորներից մեկը, լինում են դեպքեր, երբ ֆիլմի պրեմիերայի ժամանակ ֆիլմի հեղինակները կանգնում են սրահի դռների մոտ և հսկում,  որ ծանոթ-ընկեր-բարեկամները ցուցադրության կեսից դուրս չգան դահլիճից, և իրենք չխայտառակվեն: Կարևորը ֆիլմի հետագա ճակատագիրը չէ, այլ շնորհանդեսը և մեկ անգամ էլ որևէ հեռուստատեսությամբ ցուցադրելը: Իսկական «գալչկա»

Անկախության  20 տարիների ընթացքում, այս բնագավառում սովետական շրջանից մնացած լավ երևույթներն ամբողջովին անտեսվեցին` որակվելով դրանք «խորհրդային մտածողություն», իսկ խորթ բարքերը դարձան  գերիշխող և  այնպես  արմատավորվեցին,  որ դրանցից ազատվելն ուղղակի անհնար է դարձել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ, անընդհատ եվրոպական ինտեգրման մասին բարձրաձայնելով, խորը ասիական ապրելակերպից ոչ մի քայլ չենք հեռանում: 

Օրինակ` մինչ այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել այն ապաշնորհ ղեկավարներին, ովքեր պետական բյուջեից երեք տարի շարունակ կլորիկ գումարներ տրամադրեցին մի ֆիլմի, որն ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հաջորդ օրը կեսգիշերն անց հանրային հեռուստաընկերությամբ:  Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ոչ մի իրեն հարգող կինոարտադրող ընկերություն թույլ չի տա  շնորհանդեսի հաջորդ օրը իր ֆիլմը ցուցադրվի ինչ-որ հեռուստաընկերությամբ, այն էլ կեսգիշերն անց, երբ մարդիկ քնած են: Նույն կերպ եղավ նաև «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմի հետ: Նման ֆիլմերի ցանկն անսպառ է, կարելի է անընդհատ շարունակել: Սա պարզ և սովորական «սովետական գալչկա» է, որ դրեցին մեր կինոյի  այրերը` արդարացնելու համար մսխված  գումարը:

«Նայիր հայելու մեջ» ֆիլմի մասին չխոսվեց, համարյա չգրվեց, ոչ ոքի չհետաքրքրեց թե ոնց է լինում, որ միայն 2007-2008-2009 թթ. շարունակաբար գումար է տրվում մեկ ֆիլմի, որից միայն 2008-ին 134 միլիոն 700 հազար դրամ:  Նաև չի խոսվում, թե այդ ֆիլմով և, ընդհանրապես, արտադրված ֆիլմերով, որ կինովարձույթներն են հետաքրքրված, ովքեր գնեցին ցուցադրության իրավունքը, քանի ցուցադրություն եղավ և որ երկրներում, որքան գումար հետ բերվեց հետագայում նոր ֆիլմեր նկարելու համար և այլն:

Բայց կինոկենտրոնի ղեկավարը դժգոհ է` Հայաստանում  կինոյին պետական բյուջեից տրամադրում են ընդամենը  600 000 եվրո, իսկ Վրաստանում նույն նպատակի համար 3 000 000,  սա արդեն զավեշտ է: Պետությունից բոլորն են դժգոհում: Դե իհարկե, պետությունը  որքան շատ փող տա, այնքան շատ կմսխվի, բայց երբեք որևէ չինովնիկ դեռ չի խոսել և չի դժգոհել իր ղեկավարած ոլորտից: Ամեն ինչում մեղավորը պետությունն է, իսկ իրենք միայն մշակույթի չարքաշ մշակներ են: Իսկ չարքաշ մշակներն էլ շարունակում են «արարել» և գզրոցները լցնել ոչ ոքի չհետաքրքրող, անիմաստ ֆիլմերով: Կարևորը` հաշվետվության համար նյութեր  կան, և որքան ուզեք:

Հարություն Հարությունյան

Այս շարքից կարող եք կարդալ նաև

«Ո՞մ համար է ոսկե ծիրանը»http://yerkir.am/am/news/9104.htm

«Հայկինոն Բերմուդյան եռանկյունում»http://yerkir.am/am/news/9376.htm