կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 16:00
Քաղաքական

Հաշվետվության ժամանակն է գալու, պետք չէ անձի հետևից գնալ, անձին հռչակել աստված կամ կիսաաստված. Արծվիկ Մինասյան

Հաշվետվության ժամանակն է գալու, պետք չէ անձի հետևից գնալ, անձին հռչակել աստված կամ կիսաաստված. Արծվիկ Մինասյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արված գործերի մասին

Պատգամավորական նախորդ տարիների իմ փորձը ցույց է տալիս, որ, ակտիվ պատգամավոր լինելով, բազմաթիվ խնդիրներ հնարավոր է խորհրդարանում ներկայացնել ու լուծումներ գտնել: 2007-16թթ. եղել եմ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ, և այդ ընթացքում 200-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ ենք իրականացրել: Դրանց մեծ մասն ընդունվել է, դրանք հիմնականում եղել են օրենսդրական փոփոխությունների տեսքով, և շատ կարևոր է, որ այդ փոփոխությունները ոչ միայն լուսաբանվել ու ներկայացվել են, այլ նաև իրացման արդյունքում էականորեն փոփոխվել է թե՛ բյուջետային գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, թե՛ մի շարք հատկացումներ են կատարվել մարզային կտրվածքով: Սրանց արդյունքում, օրինակ, Արմավիրի մարզում 5-ից ավելի մշակութային օջախներ են վերանորոգվել, մի շարք ճանապարհային ենթակառուցվածքներ են բարելավվել, գյուղատնտեսական աջակցության սխեմաների ուղղությամբ է որոշ փոփոխություն եղել: Սակայն հիմնարար, ամբողջական վերանայումների կտրվածքով անհրաժեշտություն կա շատ ավելի մեծածավալ օրենսդրական նախաձեռնությունների, և այսօր այդ հնարավորությունը կա, որպեսզի մենք խորհրդարանում ավելի արդյունավետ քննարկումներ կազմակերպենք և իրացնենք այդ նախաձեռնությունները:

Բացի այդ` երբ արդեն աշխատում էի որպես նախարար, մի շարք հատկացումներ են կատարվել, որոնց արդյունքում Արմավիրի մարզում գործարար ծրագրեր են իրականացվել: Այն գործարարները, որոնք այդ ընթացքում հանդիպել են մեզ հետ, ստացել են մեր աջակցությունը, և համոզված կարող եմ ասել` օգտակար է եղել  մեր համագործակցությունը, քանի որ նրանց կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մի շարք աշխատատեղեր են ստեղծվել: Որպես բնապահպանության նախարար` ինձ հաջողվեց Էջմիածնի, Մեծամորի և Արմավիրի վերին հատվածում ձևավորված կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման ծրագիրը ներառել խոշոր ծրագրի մեջ, որը միջազգային աջակցության մեծ ծրագրի մի մասն է կազմում և առաջիկա տարիներին պետք է իրականացվի: Սրա արդյունքում կունենանք թե՛ մաքուր շրջակա միջավայր, թե՛ ավելի առողջ ապրելակերպ: Սրանք այն հիմնական աշխատանքներն են, որոնք արվել են:

ԱԺ-ում Դաշնակցության ներկայության կարևորության մասին

Ես  հատկապես հիմա կարևորում եմ խորհրդարանում Դաշնակցության և այն անձանց մասնակցությունը, որոնք ի վիճակի են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Սահմանադրական փոփոխություններից հետո մի շարք նորմեր իրացված չեն մեր օրենսդրության մեջ, ստացվում է` սահմանադրական փոփոխություններով պետական կառավարման մի համակարգ է, բայց գործող օրենսդրությամբ` ուրիշ: Սա խաթարում է առաջացրել պետական կառավարման մեջ մի շարք ուղղություններով` պետական ծառայողները պաշտպանված չեն, նկարագրված չեն նրանց գործառույթները, արդյունքում` ենթարկվում են թե' անհարկի ճնշման, թե', չունենալով իրենց աշխատանքի ավելի հստակ ձևակերպված և պատասխանատվության մեխանիզմը, հայտնվում են անելանելի վիճակում: Մյուս կողմից` պետությունն էլ չի շահում դրանից, քանի որ չաշխատող կամ գործառույթներին հստակ չտիրապետող անձից օգուտ չի լինում: Հետևաբար` լուծումը ոչ թե այն է, ինչ ներկայումս իշխանության կողմից բարձրաձայնվում է` կրճատումներ իրականացնելը, այլ հակառակը` պետք է հստակեցնել գործառույթները` պատասխանատվությունը, աշխատանքի չափման մեծությունը, խրախուսման, արժանապատիվ վարձատրության համակարգը, որից հետո նոր միայն պետք է քննարկել օպտիմալ կառուցվածքը:

Թեև սահմանադրական փոփոխություններով ամրագրված է` նախարարն անհատական պատասխանատվություն պետք է կրի, և խորհրդարանը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրավիրելու լսումներ և քննարկումներ, որի արդյունքում անվստահություն կհայտնի այս կամ այն նախարարին, ի տարբերություն նախորդ Սահմանադրության կարգավորումների, այսօր այդ նորմն իրացված չէ մեր օրենսդրության մեջ: Արդյունքում ստացվում է, որ ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա` կոլեկտիվ անպատասխանատվության միջավայր է ձևավորվում, և բոլոր նախարարների  կամ յուրաքանչյուր նախարարի գործողության համար կա'մ պետք է վարչապետը պատասխանատվություն կրի, կա'մ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա: Սա արդյունավետ լուծում չէ: Արդյունավետ լուծում չէ ոչ միայն այն բանի համար, որ հասցեական չէ պատասխանատվությունը, այլ նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր նախարար չի զգում խորհրդարանի և հանրության առաջ պատասխանատվությունը և հաշվետվողականությունը: Սրանք անհրաժեշտ փոփոխություններ են, որոնք մեր օրենսդրությամբ պետք է իրականացնենք:

Մեկ այլ օրինակ բերեմ` մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում. Սահմանադրությունը հռչակում է, որ մարդու իրավունքներն ունեն գերակայություն մնացած բոլոր իրավունքների նկատմամբ, այդ թվում` մարդու առաջնային իրավունքները: Անկախ նրանից` օրենք կա՞ ընդունված դրանց իրականացման համար, թե՞ ոչ, սրանք անմիջականորեն գործող իրավունքներ են: Մինչդեռ այսօր մենք ունենք մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքները և առանձին մարմինների` դատարան կամ վարչական մարմինների, հնարավորություն տալիս անհարկի սահմանափակելու մարդու իրավունքները, ինչի արդյունքում առաջանում է թե' ծանրաբեռնվածություն դատական ատյանում, թե' քաղաքացիները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները: Հետևանքը` հիասթափություն, անվստահություն, անհանդուրժողականություն: Այս ամենը պահանջում է, որպեսզի մենք հիմնարար վերանայենք օրենսդրությունը, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, որոնք հասկանում են, գիտեն և ունակ են ստեղծել օրենսդրական նախագծեր, քննարկել դրանք հանրության հետ, իրականացնել մասնագիտական խոր վերլուծություններ, և ամենակարևորը` յուրաքանչյուր նախագծի հիմնավորման շրջանակներում պատասխանատվություն են կրում հետագայում` այդ ընդունված օրենքները կիրառելու ժամանակահատվածում:

Գործադիր, օրենսդիր և դատական ատյանների հավասարակշռություն-անհավասարակշռությունը

Թեև մենք անընդհատ ասում ենք` իշխանությունը տարանջատված է իր գործադիր, օրենսդիր և դատական ատյանների, բայց ինչպես պրակտիկան է ցույց տալիս, այդ թվում` կառավարության կողմից օրենսդիր մարմնի նկատմամբ ճնշումը, մեզ մոտ ոչ միայն հավասարակշռություն չկա, այլև անընդհատ անհավասարակշռելիության իրավիճակում ենք հայտնվում: Չի կարելի պահանջել անկախ արդարադատություն, եթե չենք ստեղծել անկախ դատարաններ: Չի կարելի պահանջել գործադիր իշխանություն` անկախ գործելու հնարավորությամբ, երբ այդ գործադիր իշխանության լիազորությունները հստակ չեն: Օրինակ` Կենտրոնական բանկը  իր վրա է վերցրել ֆինանսական շուկայի կարգավորման բոլոր լիազորությունները, բայց, սահմանադրական կարգավորումների համաձայն, կառավարությունն է պատասխանատուն տնտեսական զարգացման հարցում: Արդյունքում ստացվում է, որ հիմնական կարևոր գործառույթ համարվող ֆինանսները կառավարվում են մի կառույցի կողմից, որն անկախ է կառավարությունից, բայց, մյուս կողմից, թելադրում է կառավարությանն իր վարքագիծը: Այս անոմալիան բերում է նրան, որ տնտեսությունը չի աճում, զարգանում, ընթացքում չի կարողանում իր մրցունակ կողմերն արտահայտել: Սրանք բոլորը հարցեր են, որոնք առաջին հերթին ենթադրում են օրենսդրական կարգավորումներ և դրանց հիման վրա` գործադիր գործառույթներ:

Կիսատ մնացած անելիքները

Ցավոք, այնպես ստացվեց, որ թեև երկու տարուց մի փոքր ավելի նախարարի պաշտոնը զբաղեցրի, բայց` տարբեր նախարարություններում, ինչի արդյունքում սկսած մեծածավալ ծրագրերը կիսատ մնացին: Կիսատ մնացած ծրագրերի արդյունքում ոչ միայն տուժում է պետությունը, կառավարությունը, այլ նաև այն քաղաքացիները, որ այդ ծրագրերից սպասվող օգուտը չստացան: Տնտեսական զարգացման կամ էկոնոմիկայի նախարարության օրինակով` մենք հասել ենք մեծածավալ օրենսդրական փոփոխությունների` ներդրումային միջավայրի փոփոխությունների, ներդրողների համար երաշխավորված համակարգ ներմուծելու, ինչպես նաև ներդրումները խթանելու ուղղությամբ կոնկրետ արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու մասով: Մասնավորապես` արդյունաբերական գոտիների ստեղծում, օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին օրենք, ներդրումների ապահովագրման համակարգ և սուվերեն ներդրումային ֆոնդի ստեղծում: Այս ամենը, ցավոք, կիսատ մնաց: Նախաձեռնությունները թերևս ներկայումս էլ կան, բայց քանի որ գաղափարակից մարդկանց թիվը կառավարությունում փոքրաթիվ է, և այլևս այդ լիազորություններն էլ չունենք, ստացվում է, որ ոչ գաղափարակիցներին հաջողվում է ձախողել այս նախաձեռնությունները: Երկրորդ օրինակը բերեմ` բնապահպանությունից. մեզ հաջողվեց էականորեն փոփոխել երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության սկզբունքը, այն է` ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնապահպանական ծրագիր պետք է երեք սյուների վրա հենված լինի` այն պետք է տնտեսապես օգտակար լինի, սոցիալապես ներառական լինի և բնապահպանական տեսակետից ընդունելի լինի: Այս երեք հենասյուների վրա կառուցված տնտեսական, սոցիալական համակարգն է, որ կարող է երկարաժամկետ առումով կայուն զարգացում երաշխավորել: Այս կոնցեպտի մի մասը մեզ հաջողվեց իրականացնել, մասնավորապես` ընդերքի մասը, երբ ներդրվեց հաշվետու կամ պատասխանատու հանքարդյունաբերության մեխանիզմի առաջին փուլը, իսկ երկրորդ, երրորդ փուլերը, որոնք այսօր արդեն անհրաժեշտություն են, ցավոք, մնացել են կիսատ: Արդյունքում տեսնում ենք, որ հայտարարությունները` փակել հանքերը, բնությանը ձեռք չտալ, դարձել է արգելակող գործառույթ: Ցանկացած մարդու գոյություն ինքնին նշանակում է, որ բնությունը պետք է շահագործվի, սակայն կանոն կա, որ այդ շահագործումը չպետք է բնության բնական վերարտադրողական կարողությունից ավելին լինի: Այսինքն` չպետք է, օրինակ, ջուրն ավելի շատ սպառենք, քան այն վերականգնվում է: Ջուրը սպառելուց չպետք է աղտոտենք շրջակա միջավայրը, որովհետև դա հանգեցնելու է մարդու կյանքի, առողջության էական վնասի: Անտառն օգտագործելիս պետք է նկատի առնել, որ ծառերը, օրինակ, պետք է հատվեն այնքան, որ վերականգնողական աճին չվնասենք: Այս բոլորը ենթադրում է հիմնարար փոփոխություն վարվող քաղաքականության մեջ:

Ցավոք, երկու նախարարություններում էլ կարճաժամկետ ներկայությունը թույլ չտվեց, որպեսզի այս ծրագրերն արդյունավետորեն իրականացնենք: Թեև բազմաթիվ նախաձեռնություններ ունեցան իրենց դրական ելքը, այդ թվում` մի շարք դրամաշնորհային ծրագրեր երկիր բերվեցին և ներկայումս էլ իրականացվում են` սկսած Արթիկի վերականգնողական ծրագրից, ավարտած` կենսաբազմազանության պահպանման ու բարելավմանն ուղղված` անտառամերձ համայնքներում զբաղվածության ապահովման ծրագրերով: Մասնավորապես` Սյունիքի մարզում արդեն ունենք էական արդյունքներ` շուրջ 18 համայնքներում ոչ միայն մարդկանց կենսապայմաններն են բարելավվել, այլ նաև ստեղծվում են աշխատատեղեր, որոնք թույլ կտան մարդկանց, առանց վնասելու անտառը, ստանալ օգուտներ անտառի բարիքներից: Այս ծրագիրն ընդլայնվում է, և մեզ հաջողվել էր բանակցությունների միջոցով ստանալ ևս մեկ դրամաշնորհային ծրագիր` 23 մլն եվրոյի չափով, որը պետք է կիրառենք ողջ Հայաստանի անտառային տարածքների մասով` հատուկ պահպանվող տարածքներից սկսած մինչև անտառային տնտեսություններ: Մեզ կհաջողվեր ամբողջ Հայաստանում սա ապահովել, եթե կարողանայինք ավելի երկար պաշտոնավարել: Նույնը վերաբերում է Սևանի հիմնահարցերին, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և այլն: Շատ են եղել ծրագրերը, որոնց մի մասը կիսատ է մնացել, մյուս մասը դրական ընթացքով դրել ենք հունի մեջ և իրականացվում է, մի մասն էլ պետք է նոր նախաձեռնեինք` ընդհանուր կոնցեպտի ներքո:

Ավագանու ընտրությունների արդյունքն ու սպասվող ընտրությունները

Ասեմ, որ թյուր է այն կարծիքը, որ Երևանի ավագանու և ԱԺ-ի ընտրությունները պետք է համեմատել իրար հետ, քանի որ չի եղել ժամանակ, երբ այս երկու ընտրություններում կրկնվել են արդյունքները, քանի որ ավագանու ընտրությունները մնում են ավագանու ընտրություններ, դրանք քաղաքական ընտրություններ չեն` Ազգային ժողովի մակարդակով: Հասարակությունը շատ ավելի բազմատես է և շատ ավելի հստակ է գիտակցում, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն ուժեր, որոնք ոչ միայն իրենց հայացքներով ու մոտեցումներով կրելու են տարբեր բևեռների բնույթ, այլ նաև գիտակցում են, որ ԱԺ-ն այն լավագույն վայրն է, որտեղ կարող են տեսակետները բախվել և ստանալ լուծումներ:

Այդ տեսակետից Դաշնակցությունն էականորեն ու շահեկանորեն տարբերվում է մնացած բոլոր կուսակցություններից` նախ իր ազգային դիմագծով: Դաշնակցությունն ազգային կուսակցություն է, ժողովրդի ծոցից ծնված կուսակցություն է, ունի անհրաժեշտ մարտունակություն և զինական ներուժի մարմնավորում է: Բացի այդ` Դաշնակցությունը, լինելով սոցիալիստական հայացքներ կրող քաղաքական ուժ, սոցիալական արդարության հետապնդման հիմնական քաղաքական միավորն է: Դաշնակցությունը, լինելով ժողովրդավարական արժեքներ դավանող, երբեք չի հակադրում մարդու իրավունքները պետականության ուժեղացման գործընթացին, ի տարբերություն շատ այլ ուժերի, որոնք գտնվում են ծայրահեղ տարբեր դիրքերում: Մի մասն ասում է` մարդն ինչպես ուզում է, այնպես էլ պետք է վարվի, մյուս մասն էլ ասում է` պետությունը պետք է խեղճացնի այն մարդուն, որը չի համակերպվում այս կանոնների հետ: Դաշնակցությունը համերաշխության կողմնակից է, որպեսզի մարդն իր ապագան կառուցի մեր երկրում` վստահելով պետական ինստիտուտներին, համոզված լինելով, որ պետությունն այնքան զորեղ է, որ կարող է երաշխավորել ոչ միայն իրավունքները, այլ նաև պատրաստ է ցանկացած ժամանակ քաղաքացուն ապահովել անհրաժեշտ միջոցներով, և սա վերաբերում է բոլորին` մանուկից սկսած մինչև ծերերը: Նույն կենսաթոշակայինի հետ կապված, մեր խորին համոզմամբ, պետությունն այն կառուցվածքն է, որ պետք է երաշխավորի ծերերի արժանապատիվ ապրելը: Դաշնակցությւոնը և ես անձամբ այն հիմնական դերակատարն ենք եղել, որ ժամանակին պայքարում էինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ դեմ և այսօր էլ համոզված կերպով պնդում ենք, որ այն պետք է վերացվի, քանի որ որևէ լավ բան չի երաշխավորում ոչ միայն քաղաքացուն, այլև պետությանը, տնտեսությանն ու աշխատաշուկային: Սրանք հարցեր են, որոնց լուծումները մենք ունենք,և Դաշնակցության` ավելի շատ վստահության քվեի դեպքում ավելի արդյունավետ և արագ կլուծենք այս հարցերը, քան այլ ուժեր, քանի որ տեսնում ենք, որ քաղաքական դաշտում թիթեռի կյանք ունեցող քաղաքական ուժերը, պոպուլիզմի գիրկն ընկած, հայտարարություններ են անում և, գալով իշխանության, մոռանում են իրենց հայտարարության մասին, մյուս մասն էլ չի գալիս իշխանության, բայց շարունակում է պոպուլիզմը` ներառելով հասարակությանը մի արատավոր շղթայի մեջ:

Ակնկալիքները` քարոզարշավից

Միանշանակ բացասական եմ գնահատում այն քարոզարշավը, որ տեղի ունեցավ ավագանու ընտրությունների ժամանակ: Իրականում իշխանությունը փոխեց խաղի կանոնը, որը հարիր չէր ոչ միայն ավագանու ընտրություններին, համայնքային ընտրություններին, այլև, առհասարակ, քաղաքագիտական կանոններին: Ներկա քարոզարշավը կրում է այլ բնույթ` եթե նախկինում շատ ավելի մեծ էին հանրահավաքային միջոցառումները, ներկայումս ավելի շատ է «Ֆեյսբուք»-ի դերը և առանձին խմբերի հետ հանդիպումները,  կոնկրետ հարցադրումներ են ուղղում ու ստանում պատասխան, որպեսզի հետո որոշեն` ում են տալու իրենց քվեն: Կարծում եմ` այստեղ էլ ասելիք ունեցող քաղաքական ուժերը, և թեկնածուները պետք է պատրաստ լինեն բանավեճի: Մենք պատրաստ ենք ցանկացած այլ ուժի թեկնածուի հետ բանավիճել` ցույց տալու համար մեր ծրագրերի արդյունավետությունը, ճշմարտացիությունը և իրականացված կամ իրականացման ենթակա այլոց խոստումների ոչ արդյունավետ ու սնանկ լինելը: Ճիշտ կլինի, որպեսզի կարողանանք այս քարոզչությունը տանել հենց այդ հարթության մեջ, որպեսզի նաև ընտրողներն էլ որոշեն իրենց անելիքը և ոչ թե անձի հետևից գնան, անձին հռչակեն աստված կամ կիսաաստված, կարողանան հասկանալ, որ վաղը հաշվետվության ժամանակն է գալու: Մենք բացառում ենք անցյալին վերադարձը, բայց ապագան կառուցում ենք` մեր արմատները նկատի ունենալով, մեր անցյալի թերություններն ու սխալները հաշվի առնելով:

Կ. Հ.