կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 16:48
Առանց Կատեգորիա

Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրման պարագայում Հայաստանը դիրքորոշման հստակեցման խնդիր է ունենալու. Արամ Շահնազարյան

Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրման պարագայում Հայաստանը դիրքորոշման հստակեցման խնդիր է ունենալու. Արամ Շահնազարյան

Անհրաժեշտ է ֆիքսել, որ թեեւ Իրանի շուրջ ծավալվող տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկայիս գործընթացները բավական բարդ ու ռիսկային են, այդուհանդերձ, իրավիճակը դեռեւս որոշակիորեն հեռու է առճակատման բարձր մակարդակի հատման կարմիր գծից. Իրանի շուրջ վերջին զարգացումների մասին զրույցում Yerkir.am-ին ասաց Alikonline-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը:

«Շեշտում եմ` որոշակիորեն, քանի որ այն կտրուկ փոփոխության բոլոր հնարավորություններրն ու նախադրյալներն ունի: Ըստ փորձագետների` այս պահի դրությամբ մենք գործ ունենք հիմնականում հետեւանքային դրսեւորումների հետ, այսինքն՝ կողմերից մեկը, վերջին շրջանում գլխավորապես ԱՄՆ-ը, ձեռնարկում է որոշակի քայլեր կամ կատարում է հայտարարություններ, որոնց հետեւում է Իրանի համաչափ ու համարժեք քայլը կամ հայտարարությունը: Օրինակ` ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավթի արտահանումը զրոյի իջեցնելու` իր մտադրության մասին, փոխարենն Իրանը հատարարում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորության մասին: Միացյալ Նահանգները որոշում է խստացնել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, ի պատասխան` Իրանը հայտարարում է Միջուկային գործարքով նախատեսված իր որոշ գործողությունների ժամանակավոր կասեցման մասին: Սրանք, անշուշտ, ռիսկի որոշակի գործոն պարունակող գործողություններ են, որոնք, սակայն, դեռեւս հնարավոր է ղեկավարել, կարգավորել կամ սառեցնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Արամ Շահնազարյանն առանձնացրեց, իր կարծիքով, երկու մտահոգիչ իրադարձություն: Առաջինը Սպիտակ տան՝  Պարսից ծոց «Աբրահամ Լինքոլն»  ավիակիր նավախումբը եւ B 52 ռազմավարական նշանակության ռմբարկոծիչներ գործուղելու որոշումն է, իսկ երկրորդը` նախօրեին ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում չորս նավթատար առեւտրային նավերի` սաբոտաժի թիրախ դառնալու դեպքը:

«Սկսեմ մատնանշածս երկրորդ փաստից. սա կողմերի միջեւ ռազմական հակամարտություն հրահրելու նպատակով մշակված լուրջ սադրանք կարող է լինել այն երկրների կողմից, ավելի որոշակի՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի, որոնց անմիջական շահերից է բխում Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական հակամարտությունը, դրանից բխող` Թեհրանի համար հնարավոր հետեւանքները: Չմոռանանք, որ, անդրադառնալով դեպքին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ կտուժի, եթե պարզվի, որ սպառնում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերին: ԱՄԷ-ն արդեն հայտարարել է, որ օտարերկրյա կառույցների (բնականաբար, խոսքն ԱՄՆ-ի մասին է) մասնակցությամբ սկսել է դեպքի հետաքննությունը: B 52 ռազմավարական նշանակության ռմբարկոծիչներն արդեն տեղակայված են Քաթարում, իսկ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավախումբն էլ մոտ օրերս Պարսից ծոց կհասնի: Հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է պատահել, եթե հետաքննության արդյունքում ի հայտ գան, այսպես կոչված, «ճշտված» փաստեր այն մասին, որ սաբոտաժը Թեհրանի ձեռքի գործն է եղել: Հիշեցնեմ` Իրաքի երկրորդ պատերազմն այդ երկրում միջուկային եւ քիմական զենքերի առկայության մասին նման «ճշտված» փաստերի արդյունքն էր»,- ասաց Շահնազարյանը՝  մեկ անգամ եւս ընդգծելով, որ իրավիճակը դեռեւս որոշակիորեն հեռու է առճակատման բարձր մակարդակի հատման կարմիր գծից:

Նա հիշեցրեց նաեւ, որ, ԱՄՆ-ի հնչեցրած բոլոր սպառնալիքների եւ վերջնագրերի ֆոնին, նախագահ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին` նշելով, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի չի ձգտում: Այս համատեքստում, ըստ Շահնազարյանի, կա եւս երկու կարեւոր գործոն: «Առաջինը Ռուսաստանի եւ Չինաստանի հստակ դիրքորոշումն է, որը, կարծում եմ, պարզ է բոլորին եւ հավելյալ պարզաբանում չի պահանջում, իսկ երկրորդն այս իրադրությունում ԵՄ-ի՝ ինչ-որ տեղ կառուցողական դիրքորոշումն է, ըստ որի՝ այն շարունակում է մնալ եւ փորձում է գործել Իրանի հետ Միջուկային գործարքի շրջանակներում։ Սա բավական հավասարակշռող իրողություն է: Չմոռանանք, որ, այնուամենայնիվ, առանց իր եվրոպական դաշնակիցների` գոնե քաղաքական համաձայնության, Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած տիպի ռազմական գործողություն, լայն իմաստով, չի ունենալու միջազգային անհրաժեշտ աջակցություն եւ, բնականաբար, լեգիտիմություն»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Իրանի շուրջ հնարավոր բացասական զարգացումներն ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա, Արամ Շահնազարյանը պատասխանեց. «Սցենարի ցանկացած զարգացման ուղղակի կամ անուղղակի հետեւանքներից Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները չեն կարող խուսափել: Դա առավել ակնառու է լինելու հատկապես Հայաստանի պարագայում, որը թշնամի երկու հարեւան պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է եւ մանեւրի սահմանափակ հնարավորություն ունի: Իրան-ԱՄՆ ռազմական առճակատման դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կունենա անվտանգային մթնոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ: Չպետք է աչքաթող անել այն իրողությունը, որ ռազմական առճակատումը կարող է Իրանի համար լուրջ խնդիրներ ստեղծել նաեւ երկրի ներսում` հինգերորդ շարասյան՝ անջատողական շարժումների, հատկապես՝ պանթյուրքիստական շարժման ակտիվացման տեսքով: Սա, բառի ամենաբուն իմաստով, աղետ է Հայաստանի ազգային անվտանգության դիտանկյունից: Ամեն պարագայում պետք է ընդգծել, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրման դեպքում Հայաստանը միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում արտաքին հիմնական խաղացողների միջեւ ընտրության առջեւ կանգնելու ու դիրքորոշման հստակեցման խնդիր է ունենալու: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան` չմոռանալով անփոխարինելի հարեւանների եւ եկող ու գնացող արտատարածաշրջանային ուժերի ու խաղացողների մասին իրողությունը»:

 Գ.Մ.