կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-20 12:56
Քաղաքական

Անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին. ՀՀ ԱԳՆ-ն՝ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

Անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին. ՀՀ ԱԳՆ-ն՝ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

The Jerusalem Post-ին տված հարցազրույցում  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ասել էր, որ «Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ», և որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի  Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՀՀ դիվանագիտական ցանցի ընդլայնումը մշտապես արտաքին քաղաքական գերատեսչության օրակարգում է: «Զարգացումների վերաբերյալ հանրությանը տեղյակ կպահվի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ Իսրայել այց կատարելու ծրագրերին, Նաղդալյանը պատասխանեց. «Մենք Իրսայելի հետ ունենք ձևավորված օրակարգ, որի բաղկացուցիչ մասն են կազմում փոխադարձ այցելությունները: Երբ հստակեցում լինի այդ օրակարգի շուրջ, համաձայնեցված կարգով կհայտարարվի: Փոխարտգործնախարարն Իսրայելում էր քաղաքական խորհրդակցություն անցկացնելու նպատակով, որի ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին: Մեր հետագա քայլերը կառուցելու ենք այս ամենի շուրջ»:

Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման  ֆոնին Հայոց ցեղասպանության շահարկմանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը բարոյական պատասխանատվության հարց է, իսկ ցեղասպանությունների կանխարգելումը ենթադրում է համամարդկային արժեքների գերակայություն, նման հանցագործությունների բացառում:

«Եվ դրանք պետք է զերծ լինեն որևէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումից: Այս հարցի առնչությամբ մենք մշտապես ընդգծել ենք՝ պետք չէ երկկողմ ընթացակարգ փնտրել այնտեղ, որտեղ դա չկա: Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում՝ տեսլականով, որ որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ: Մենք մշտապես աշխատելու ենք այդ ուղղությամբ, դա մեր գերակայությունն է, ուստի մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարում՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին: Կրկնում եմ՝ Հայոց ցեղասպանության  ճանաչումն ու դատապարտումը բարոյական հարթակում է»,- ամփոփեց Նաղդալյանը: