Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրան-Վաշինգտոն շահերի բեւեռացման այս փուլում չափազանց մեծ կարեւորություն է ստանում տեղեկատվական պատերազմը։ Կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս սահմանափակել դիմացինի քարոզչական մանեւրի հնարավորությունը: Հենց այս մարտավարության տրամաբանությամբ էլ պետք է դիտարկել Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ որոշումը, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ հենց Զարիֆը, նա պատասխանեց. «Խորհուրդ կտայի հարցի պատասխանը գտնել Զարիֆի թվիթերյան գրառման մեջ. «Իմ դեմ պատժամիջոցներ սահմանելու պատճառն այն է, որ ես Իրանի գլխավոր խոսնակն եմ ամբողջ աշխարհում»: Զարիֆը համարվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների առանցքը, որը լավագույնս է ներկայացնում Իրանի դիրքորոշումներն ու մեկնաբանում Միջուկային գործարքի եւ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ քայլերն ու նախաձեռնությունները:
Բացի այդ՝ Զարիֆն իր կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Նա իր դիվանագիտական գործունեությունը սկսել է դեռեւս ուսանողական տարիներին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում: Այնպես որ՝ նա գերազանց է տիրապետում ԱՄՆ մեդիա դաշտին, լավ գիտի ամերիկյան ԶԼՄ-ների հետ շփվելու, ամերիկյան հանրային կարծիքի վրա ազդելու նրբությունները: Դրա վառ ապացույցը նրա նյույորքյան վերջին այցելությունն էր, որի ընթացքում ամերիկյան ազդեցիկ լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցները, նրա ելույթներն ու ամերիկյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումները, բառի բուն իմաստով, հունից հանեցին ԱՄՆ իշխանություններին՝ նրանց ջղաձիգ արձագանքի պատճառը դառնալով»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Զարիֆի՝ բարձրակարգ դիվանագետի, հմուտ ստրատեգի եւ բանակցողի իմիջը, որը համեմվում է անգլերենի գերազնաց իմացությամբ եւ նրան հատուկ սարկազմով, լրջորեն խանգարում է ԱՄՆ քարոզչամեքենային:
«Թագուհուն ընդունված է համարել որպես շախմատի ամենահզոր խաղաքարը: Եթե ԱՄՆ-Իրան դիմակայությունը նմանեցնենք երկու գրոսմայստերների միջեւ անցկացվող շախմատային բարդ պարտիայի, ապա նման քայլով ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել Իրանի, շախմատային լեզվով ասած, թագուհուն»,- նշեց Շահնազարյանը:
ԱՄՆ-ի այս որոշման հնարավոր հետեւանքների մասին՝ մեր հարցին ի պատասխան, Արամ Շահնազարյանն ասաց. «Կցանկանայի մեջբերել հանրապետական սենատոր Ռենդ Փաուլի խոսքը՝ պատժելով դիվանագետին, դուք զգալիորեն սահմանափակում եք խնդիրները դիվանգիտական միջոցներով լուծելու հնարավորությունը: Իր այս քայլով Սպիտակ տունը տեսանելի ապագայում, եթե ոչ՝ ամբողջովին, գոնե զգալիորեն նվազեցրեց դիվանագիտական միջոցներով Իրանի հետ խնդիրները կարգավորելու, առկա լարվածությունը թոթափելու հնարավորությունը»:
Ըստ նրա՝ հենց այստեղ էլ ի հայտ է գալիս ԱՄՆ իրանական քաղաքականության «ողջ պերճանքն ու թշվառությունը», որն էլ ապացուցում է Իրանի հարցով գիտակցված որոշումներ կայացնելու՝ Թրամփի վարչակազմի իներտ մոտեցումը:
«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այլապես ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ Վաշինգտոնը դեռ բանակցություններ է ցանկանում, միայն ոչ՝ Զարիֆի հետ (ի դեպ, սա ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հայտարարությունն է, որը հետեւել է Սպիտակ տան՝ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման հրապարակմանը): Հնարավո՞ր է պատկերացնել, որ որեւէ երկիր կհամաձայնի նման պայմաններով բանակցությունների, երբ, փաստորեն, չեզոքացված է նրա արտաքին քաղաքականության առաջին դեմքը: Դա աբսուրդի ժանրից է»,- ասաց Շահնազարյանը:
Մեր զրուցակցից փորձեցինք պարզել, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի այս որոշումը Մերձավոր Արեւելքի զարգացումների վրա։ «Այս որոշումը միանշանակորեն բացասական է ազդելու տարածաշրջանային զարգացումների հետագա ընթացքի վրա: Այն կարող է չափազանց վտանգավոր լինել տարածաշրջանի՝ առանց այն էլ պայթյունավտանգ եւ փխրուն կայունության համար: Չմոռանանք հայտնի ասացվածքը. «Երբ փակվում է դիվանագիտության դուռը, ապա բացվում է հակամարտության դուռը»: Իհարկե, ես չեմ ցանկանում խոսել պատերազմի վերահաս վտանգի մասին, քանի որ կողմերից ոչ մեկին դեռեւս ձեռնտու չէ սցենարի նման զարգացումը: Այդուհանդերձ, տեսանելի ապագայում կարել է ենթադրել հռետորաբանության կոշտացում եւ լարվածության որոշակի մեծացում:
Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ անդրադառնալ Հայաստանի կարգավիճակին: Ցանկացած նոր պատերազմ Մերձավոր Արեւելքում, որը կլինի Իրանի ուղղակի ներգրավվածությամբ, կարող է կործանել ոչ միայն Մերձավոր Արևելքն՝ ընդհանրապես, այլ նաեւ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը: Հայաստանը եւ Իրանն անմիջական հարեւաններ են: Հայաստանն Իրանի հետ ունի բարեկամական, գործընկերային եւ ռազմավարականի ձգտող հարաբերություններ: Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Հայաստանը մշտապես փորձել է դա ընկալելի դարձնել երրորդ կողմի, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար: Վերջին մեկ տարում, սակայն, իրավիճակը որոշակիորեն փոխվել է: ԱՄՆ-Իրան հակամարտության օղակը, կարծես, ավելի է սեղմվում Հայաստանի շուրջը: Ամերիկյան վարչակազմն ակնհայտորեն փորձում է Հայաստանին «կա՛մ, կա՛մ» ընտրության առջեւ կանգնեցնել, ինչը չափազանց վտանգավոր է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով»,- ասաց Արամ Շահնազարյանը:
Գ.Մ.