Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նորընտիր պատգամավոր, ՀՅԴ-ական Կարեն Խանլարյանը:
-Պարո՛ն Խանլարյան, ընտրվելով Իրանի Իսլամանական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր, նախ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ ծրագրեր ու նպատակներ եք նախատեսում առաջիկայում կյանքի կոչել:
-Իրանահայ համայնքի և երկրի մասշտաբով բազմաթիվ անելիքներ կան, և այս կապակցությամբ ես ունեմ իմ նախընտրական պլատֆորմը ու պիտի հետևեմ այդ բոլորին: Իրան-Հայաստան հարաբերությունների մասին կցանկանամ խոսել: Իրանահայ համայնքը մեծ դեր ու նշանակություն ունի հայ-իրանական հարաբերությունների ձևավորման, ամրապնդման և զարգացման գործում: Իրանը վերջին բանակցությունների արդյունքում աստիճանաբար դուրս է գալու շրջափակումից, պատժամիջոցներն են աստիճանաբար վերանում, և սա մեծ հեռանկարներ է պարունակում` առևտրի զարգացման իմաստով, էներգետիկ, ռազմավարական այլ բնագավառներում` ևս, հեռահաղորդակցական կապերի, փոխադրական ճանապարհների զարգացման առումով:
- Ըստ Ձեզ` Հայաստանը կկարողանա՞ ճիշտ գնահատել իրավիճակը և հնարավորինս օգտվել ստեղծված բարենպաստ պայմաններից:
-Բնականաբար, եթե լինի ազգային ռազմավարություն, անպայման կկարողանա: Մեզ համար հստակ է, որ բավականին հեռանկարային իրավիճակ է ստեղծվել: Վերջին ժամանակներում Հայաստանից Իրան էին եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և վարչապետի` տուրիզմի գծով օգնական Տիգրան Կարապետյանը: Այս իմաստով բավականին հեռանկարներ կան, և լուրջ փոփոխություններ կարելի է կանխատեսել: Կապի, ճանապարհների մասին է խոսքը: Այս ոլորտներում բավական լուրջ երկուստեք բանակցություներ են գնում, և կանխատեսելի է, որ մոտ ապագայում կտեսնենք լուրջ փոփոխություններ և զարգացումներ: Բնականաբար, իրանահայ համայնքի տեղի ու նշանակության մասին խոսելով, պետք է ասեմ, որ այդ լույսի տակ յուրահատուկ դեր է պահպանված նաև մեզ համար` որպես խորհրդարանի պատգամավորների: Մենք պետք է փորձենք այս հարաբերությունների հետ կապված կողմնակի համագործակցություններ ունենալ: Պետք է ասեմ, որ Իրանի արտաքին դիվանագիտության ակտիվացումն իր հետ կբերի նաև Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների զարգացում, քանի որ կա տարածաշրջանային գործոնը: Իրանը կփորձի հարաբերությունները զարգացնել նաև Ադրբեջանի հետ`որպես հարևան երկրի:
-Այո, իրավացի եք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն վերջերս Իրանում էր: Ի՞նչ հետևանքներ սպասենք այս այցից: Իրան-Ադրբեջան հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:
-Ադրբեջանը ոչ շատ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ: Իսրայելի ռազմական առկայությունն Ադրբեջանում, նաև այլ միջազգային ու տարածաշրջանային հաշվարկներ կան, որոնք Ադրբեջանին դարձրել են ոչ շատ բարեկամական երկիր Իրանի համար: Բնականաբար, նորմալացման քաղաքականություն է փորձում իրականացնել Իրանը, և Ալիևի վերջին այցը պետք է այդ կոնտեքստում տեսնել, բայց Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների զարգացումը բացասական առումով չի ազդելու Իրան-Հայաստան փոխհարաբերությունների վրա, որովհետև Իրանն այս երկու անկախ կոմպոնենտները փորձում է զարգացնել` առանց մեկը մյուսի դեմ հանելու կամ առանց մեկը մյուսից բացասաբար ազդվելու պայմանով: Սա ակներև է Իրանի քաղաքականության մեջ: Թող մեզ չմտահոգի Ալիևի այցն Իրան, որովհետև դա Իրան-Հայաստան հարաբերությունների հարցում բացասական ազդեցությանը միտված չէ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք օգտագործել հնարավորությունները: Այն, ինչ կոչվում է գեոպոլիտիկա, սահմանային կետերի օգտագործման հարցն ակտուալ է և օրակարգային: Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցումը կարող է զարգացնել և կայունացնել քաղաքական փոխհարաբերությունները երկու երկրների միջև, որը, կարծում եմ, մի փոքր դադարից հետո ակտիվացման հեռանկար է ստեղծում:
-Հայաստան-Իրան երկաթուղու շահագործման հետ կապված ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Երկուստեք ի՞նչ օգուտներ կարող է բերել այս երկաթգծի շահագործումը:
-Իրանն այս պահի դրությամբ իր էներգակիր ուղիները և փոխադրական ճանապարհները բացել է դեպի Եվրոպա: Հայաստանը հյուսիսային տարածքով ցամաքային լավ ուղի է մինչև Սև ծով: Բնականաբար, եթե տարանցիկ ճանապարհների հարցը մենք կարողանանք ճիշտ կերպով լուծել` երկուստեք իմաստով, կարողանանք մի տրամաբանական լուծում գտնել էներգակիր ուղիների համար: Կարծում եմ, որ Իրանն իր ազգային շահը կունենա, իր շահը կունենա նաև Հայաստանը: Իհարկե, այստեղ պետք է բազմաթիվ գործոններ նկատի ունենալ, բայց տարանցիկ ճանապարհները ձևավորվում են, նույնն էլ` երկաթգիծը, որը միջազգային ստանդարտով ավելի ընդունելի է, և այդ դեպքում Հայաստանն էլ կկարողանա օգտվել: Այստեղ օգուտը վերաբերում է նաև տուրիզմին: Տուրիզմը բավական լուրջ հող ունի: Իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես տուրիստական և տեսարժան, պատմական վայրեր ունեցող երկիր: Փոխադրական ճանապարհների մի բաղադրիչն էլ լինելու է տուրիզմը: Այս կապակցությամբ լուրջ բանակցություններ արդեն ընթացան անցյալ շաբաթ: Ինչպես նշեցի, Հայաստանից պատվիրակություն էր եկել, և կարծում եմ, որ այդ հարցի երկրորդական կողմը կարող է լինել նաև տուրիզմը:
-Պարո՛ ն Խանլարյան, կխնդրեի խոսել նաև իրանահայությանը հուզող թեմաներից: Հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում իրանահայերը:
-Իրանահայության խնդիրները հիմնականում տնտեսական են` այս պահի դրությամբ: Պատժամիջոցների պատճառով երկիրն ընկել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ: Կարելի է ասել «յոլա» ենք տանում, բայց ես լավ հեռանկարներ ունեմ, առաջիկայում նախատեսվում է տնտեսական զարգացում, և սայլը վերջապես կշարժվի տեղից, ու իրանահայության տնտեսական վիճակն ավելի տանելի կլինի: Ասեմ, որ մեր գլխավոր խնդիրը դա է, իսկ մյուս հարցերի հետ կապված` լուրջ խնդիրներ չունենք, բայց տնտեսական վիճակի պատճառով արտագաղթն է զարգացել վերջին տարիներին, և այս պահի դրությամբ դա մեր գերխնդիրն է համարվում: Տնտեսական կյանքի բարելավմամբ` հույս ունենք, որ այդ հարցն էլ կունենա իր տրամաբանական լուծումը, այսինքն` արտագաղթի չափերը կսահմանափակվեն: Մանր-մունր հարցեր կան, որ փորձում ենք լուծել, և լուծման մեջ մեծ հույս կա` օրենսդիր ոլորտի հետ կապված: Քվեարկության բարձր քանակի մասնակցությունը խոսում է այն մասին, որ իրանահայությունն իր հարցերը լուծելու համար հավատում է օրենսդիրին և փորձում է այդ միջոցով իր հարցերը լուծել, և մենք մեծ մասամբ մեր խնդիրները կարողանում ենք հաջող ելքով լուծել: Կարծում եմ, որ ապագայում էլ նույն ընթացքը պետք է շարունակվի:
- Պարո՛ ն Խանլարյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունն օրեր առաջ ստորագրել են «Համագործակցության հուշագիր»: Ի՞նչ կարող եք ասել այս համագործակցության մասին:
-ՀՅԴ-ն կոալիցիայի գաղափարի առաջատարն է Հայաստանում: Ես գնահատում եմ այդ սկզբունքը, քաղաքական նոր իրավիճակներ են ստեղծվում և ձևավորվում է համագործակցություն: Ես սա գնահատում եմ, որովհետև սա քաղաքական կյանքի ակտիվության մասին է խոսում: Դաշնակցությանը հանձնված նախարարությունները բավականին լուրջ են, մանավանդ` կրթության մասին է ավելի շատ խոսքս: Ինքս խորհրդարանում կրթության ենթահանձնաժողովի անդամ եմ և հասկանում եմ, թե ինչքան լուրջ և պատասխանատու ոլորտ է դա: Ես լիահույս եմ, որ ՀՅԴ-ին հանձնված ոլորտներում լուրջ քայլեր կարվեն: Այս զարգացումներում եթե հաշվի առնենք նաև Հայաստան-Իրան համագործակցությունը, ես կարծում եմ, որ դրական իմաստով փոփոխություններ կարող են լինել:
Հարցազրույցը՝ Լուսինե Հակոբյանի