| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսական Независимая газета պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունը, ժամանակագրությունը:
Հոդվածի հեղինակը` Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը, նշում է, որ, պատմական տեսանկյունից, ԼՂ հակամարտությունում անմեղներին և մեղավորներին որոնելն անիմաստ է, սակայն ԽՍՀՄ փլուզման համատեքստում ավելի արդար պետք է համարել հայերին: «Ամեն դեպքում` նրանք ավելի հետևողական էին՝ հետևելով բացառապես ինքնորոշման իրավունքին: Իսկ Ադրբեջանն, իր համար ճանաչելով այդ իրավունքը, ամբողջովին մերժեց Ղարաբաղին այդ հարցում»,- գրում է հեղինակը:
Նա մանրամասն բնութագրում է հակամարտության ընթացքը, ռազմական գործողությունները և եզրափակում խոսքը հետևյալ տողերով. «Երկու պետությունների ու ժողովուրդների միջև պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը, հակամարտության լուծմանն առնչվող նրանց դիրքորոշումները բացառում են մեկը մյուսին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս ոչ ոքի կողմից չի ճանաչվել, բայց գրեթե ամբողջովին ինտեգրված է Հայաստանին: Ստեղծված ստատուս քվոն միանգամայն ընդունելի է հայերի, սակայն միանշանակորեն անընդունելի է ադրբեջանցիների համար, որոնք նավթային եկամուտների շնորհիվ ռազմական ներուժն են ավելացնում: Այն, որ վաղ, թե ուշ հանուն Ղարաբաղի պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է: Այնուհանդերձ, իրավիճակի սրման միտումը վերջին շրջանում ակնհայտ է: Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են»: