Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ էին պատմության մեջ, որոնք միջազգային հանրության կողմից համարվեցին թափանցիկ: Այս մասին լրագրողներին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը՝ նշելով, որ կարևոր է նայել ապագային, այդ թվում՝ տնտեսական զարգացմանը, որպեսզի ունենալ ուժեղ և ժողովրդավար հասարակություն:
ԵՄ հանձնակատարն առանձնացրեց տնտեսական այն ոլորտները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ֆինանսական հատկացումների առումով: Դրանք են՝ գյուղատնտեսությունը, ապագային եւ տեխնոլոգիաներին միտված ոլորտները, դատական համակարգը, կրթությունը, ենթակառուցվածքները:
Եվրահանձնակատարը նշեց, որ ներկայում իրականացվում են 300 մլն եվրոյի ծրագրեր, ևս 100 մլն եվրո արժողությամբ ծրագիրը «ճանապարհին» է:
«Վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 մլն-ի ներդրումներ են եղել էներգետիկայի, ջրի, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում: Դա էլ ավելի կմեծանա, քանի որ աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի հստակեցվեն հետագա օժանդակության ոլորտները: Վերջերս կրթության և նորարարության ոլորտում ստորագրել ենք 23 միլիոն եվրոյի փաթեթ, որում ընդգրկված է նաև «Թումո»-ն: Ես այցելեցի «Թումո» կենտրոն եւ պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ», - ասաց Հանը՝ նշելով, որ Եվրամիության ներսում բանակցություններ են ընթանում բազմամյա հաջորդ փաթեթի հետ կապված, խոսքը 7 տարվա բյուջեի մասին է, որի շրջանակներում հարևաններին ցուցաբերվելիք ֆինանսական հատկացումներն ավելի մեծ կլինեն, քան ներկայում տրվողը: «Դա պիտի դրական արդյունք ունենա Հայաստանի համար»,- շեշտեց ԵՄ հանձնակատարը:
Հարցին, թե որքանո՞վ է ԵՄ-ի աջակցությունը կապված Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների հետ, եվրահանձնակատարը նշեց, որ ժողովրդավարության խթանման համար կա բյուջետային տող, և դա կլինի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր Հայաստանի համար:
«Դա մի փոքր անցյալ տարի իրականացվեց, բայց այս տարի ավելին կանենք: Ես հանդգնում եմ արդեն այս պահին հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացմանը»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, թե ՀՀ-ում դրական տրամադրություն կա, որն ազդելու է ներդրումների վրա, ավելին` մարդիկ արդեն հետաքրքրված են ներդրումներով: «Ինձ նույնիսկ ասել են, որ անցած տարի, երկար տարիների մեջ առաջին անգամ, Հայաստան է եկել ավելի շատ մարդ, քան գնացել է», - ասաց Հաանը:
Դիտարկմանը, որ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար, և որ ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 միլիոն եվրոյի չափով, տրամադրվելու է Հայաստանին, Յոհաննես Հաանը պատասխանեց, որ իրականում Հայաստանը համեմատության մեջ ամենափոքր ստացողը չէ:
«Հայաստանը բոլորից պակաս չի ստանա: Կան ավելի քիչ ստացողներ: Այստեղ ծրագրերի պատրաստվության աստիճանն է կարևոր: Մեր բոլոր արևելյան հարևանների հետ հստակ համաձայնեցված քարտեզ ունենք՝ անդրեվրոպական ցանցի ընդլայնման հետ կապված, և նրանք մեզ հետ պետք է նախապատրաստեն այս բոլոր ծրագրերը: Կարելի է ասել՝ առաջինը եկողը առաջինը կսպասարկվի, բայց սա մրցակցություն չէ»,-ասաց եվրահանձնակատարը: