|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է:
Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ և ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որևէ խոչընդոտի: Անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման միտումներին՝ Մարկ Հորթոնն առանձնացրել է հատկապես ավիացիայի և գյուղատնտեսության բնագավառներում արձանագրվող հաջողությունները, որոնք կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունք են:
Միաժամանակ, պարոն Հորթոնն ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ փոխգործակցությանն առնչվող այլ հարցերի: