կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 17:16
Հասարակություն

Բարեգործություն չէ, խրախուսանք է

Բարեգործություն չէ, խրախուսանք է
Ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ աղերս չունի բարեգործության հետ. գրված է Երևանի քաղաքապետարան տարածած մամլո հաղորդագրության մեջ, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.

 

 

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քաղաքապետարանը բարեգործ է և անտեղյակ» վերտառությամբ տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ հեղինակի կողմից որպես «խայտառակ բարեգործություն» որակված մայրաքաղաքի դպրոցների թվով 67 ուսուցիչների տրամադրված դրամական պարգևատրումը որևէ աղերս անգամ չունի բարեգործության հետ: Ամենամյա արդեն ավանդական դարձած դրամական այս խրախուսանքը Երևան քաղաքի մասնավորապես այս տարվա բյուջեում ներառված է եղել աշխատակազմի հանրակրթության վարչության «Դպրոցականների օլիմպիադաների և այլ միջոցառումների կազմակերպման» ծրագրում՝ «Մանկավարժների խրախուսում» կետով, որի համար նախատեսված է եղել 2 մլն դրամ գումար և որն էլ հատկացվել է վերոնշյալ 67 ուսուցիչներին: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ խրախուսվող ուսուցիչների ընտրությունը կատարվում է դպրոցական առարկայական օլիմպիադաներում, համաքաղաքային բազմաբնույթ մրցույթներում և միջոցառումներում տվյալ մանկավարժի սաների արձանագրած արդյունքներից, ինչպես նաև ուսուցիչների միջև կազմակերպվող տարատեսակ մրցույթների («Տարվա լավագույն ուսուցիչ»՝ ՀՀ ԿԳ նախարարություն, հումանիտար առարկաների «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և այլն) քաղաքային փուլին մասնակից ուսուցիչների դրսևորած հաջողություններից ելնելով:

 

Վերոնշյալը, վստահ ենք, առնվազն տառաճանաչ ցանկացած մարդու մոտ այլևս կասկածի հետք անգամ չթողեց, որ համայնքային բյուջեով նախատեսված և ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ կերպ բարեգործություն չի կարող որակվել և տարածվածն ընդամենը ապատեղեկատվություն է:

 

Ավելորդ չենք համարում նաև հավելել, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մայրաքաղաքի հանրակրթական բոլոր դպրոցների մանկավարժական կոլեկտիվների կողմից ստացել է տվյալ հրապարակումը արդարացի վրդովմունքով դատապարտող գրություններ և հեռախոսազանգեր, որոնք պահանջում են անհապաղ հերքել մանկավարժի ինքնասիրությունն ու պատիվն արատավորող ձևակերպումներով լեցուն ստահոդ  տեղեկատվությունը: Նրանց հատկապես վիրավորել է հայ մանկավարժի, ուսուցչի նկատմամբ հոդվածագրի կողմից դրսևորած արգահատելի այն վերաբերմունքը, որով փորձ է արվում մանկավարժին ներկայացնել նսեմացված, մինչդեռ նրանց կողմից դրամական խրախուսանքը արդարացիորեն ընկալվել և այսուհետ էլ ընկալվելու է որպես գնահատանք՝ իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կհորդորեինք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից, որոնք կարող են վիրավորել մարդկանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը»: