կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-22 12:51
Քաղաքական

Արցախին ԱՄՆ-ից տրվող օգնությունը եթե վերացվի, Ալիևը կդիտարկի՝ որպես իր հակահայ քաղաքականությանը տրված խրախուսանք. Կիրո Մանոյան

Արցախին ԱՄՆ-ից տրվող օգնությունը եթե վերացվի, Ալիևը կդիտարկի՝ որպես իր հակահայ քաղաքականությանը տրված խրախուսանք. Կիրո Մանոյան

168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը

– Պարո՛ն Մանոյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին այս տարի օգնություն չի տրամադրվի. Ինչո՞վ եք պայմանավորում Թրամփի վարչակարգի այս որոշումը:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը, արդեն երկու տարի է՝ աշխատում է, որ այդ պետության բյուջեում Արցախին հատկացվելիք օգնության մասին որևէ տող չլինի, բայց մինչև 2020 թվականի բյուջեն հնարավոր է եղել մեծ աշխատանքի և ջանքերի շնորհիվ այդ տողն ամերիկյան բյուջեում ունենալ: Հիմա՝ 2020-ի համար, որոշել են Արցախին հատկացվող մարդասիրական օգնությունը՝ ականազերծման նպատակով տրվող, չհատկացնել: Ստացվում է՝ ԱՄՆ գործադիր մարմինը չի ուզում, բայց օրենսդիր մարմինն ուզում է, ուստի տեսականորեն կա հնարավորություն շարունակել աշխատանքը, որ օրենսդիրները հասնեն նրան, որ այդ կարևոր տողը ԱՄՆ 2020 թվականի բյուջեում պահպանվի: Հիմա մենք աշխատանքի հենց այդ փուլում ենք:

ԱՄՆ-ում մի կողմից՝ ցանկանում են Ադրբեջանին հատկացվելիք միջոցները պահպանել, մյուս կողմից՝ ուզում են Հայաստանին և հայությանն ինչ-որ բան հասկացնել: Սրան ավելանում է նաև այն, որ 20 տարուց ավելի է՝ Ադրբեջանը դեմ է, որ Արցախին տրվի մարդասիրական օգնություն, և եթե մինչ այժմ իր այդ նպատակին չէր կարողանում հասնել, ապա այսօր, կարծես թե, հասնում է:

– Դեռ անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ այդ աջակցության ծրագիրը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է և յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ: Կարող ենք արձանագրել, որ այդ օրակարգային հարցը հօգուտ Արցախի լուծել չհաջողվեց, հետևապես՝ բանակցություններն անօգուտ էին:

 Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:

– Ադրբեջանին տրվող 100 միլիոն դոլարի աջակցությունը դադարեցնելու մասով դեռևս չկա որևէ տեղեկատվություն, հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ նույնությամբ կշարունակվի: Եթե Արցախին տրվող աջակցությունը վերացվում է, իսկ Ադրբեջանինը՝պահպանվում, սա ինչի՞ մասին է վկայելու. Հայաստանի և Արցախի նկատմամբ ԱՄՆ-ում վերաբերմունքի փոփոխություն է եղել:

– Այն, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Արցախին տրվող ֆինանսական հատկացումը դադարեցնել, այլ պատճառ ունի. խնդիրն այստեղ գումարը կամ դրա չափը չէ: Սա ֆինանսի հետ կապ չունեցող քաղաքական որոշում է: ԱՄՆ-ում Հայաստանի և Արցախի նկատմամբ կա վերաբերմունքի փոփոխություն: Սակայն, եթե վերջնականապես որոշվի, որ ԱՄՆ-ը Արցախին չի օգնում, ապա այդ որոշումը կխախտի նաև Արցախի հարցում ԱՄՆ-ի չեզոք կեցվածքը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Հավասարակշռությունը կխախտի Ադրբեջանին տրվելիք այդքան մեծ ֆինանսական օգնությունն ու Արցախին այդ փոքրիկ մարդասիրական օգնությունից զրկելը:

– ԱՄՆ–ի՝ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևն արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար» և չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Արցախին տրվող ֆինանսավորման  դադարեցումը կարո՞ղ է արդյոք հակադրվել 907 բանաձևի արգելքին:

– ԱՄՆ նախագահին օրենսդիրի կողմից տրվել է լիազորություն՝ հիմնավորելու, թե ինչու պետք է այդ բանաձևը շրջանցել, և հիմա դա է արվում:

– Իսկ առհասարակ, ԱՄՆ–ի ֆինանսավորման դադարեցումը կարո՞ղ է սխալ ազդանշան լինել Ալիևի ռեժիմի համար:

– Ադրբեջանը կդիտարկվի սա՝ որպես հաջողություն, Ալիևը սա կորակի՝ որպես մարտի դաշտում և հակահայ քաղաքականության հարցում իրեն տրված խրախուսանք: Շեշտում եմ՝ Արցախին տրվող օգնության վերացումը խախտելու է ուժերի հավասարակշռությունը, իսկ ԱՄՆ-ը արդեն խնդիր կունենա իր չեզոքությունն ապացուցելու հարցում:

– Իսկ այս հարցում ի՞նչ դերակատում ունի ՀՀ իշխանությունը. միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեռևս մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ «ԱՄՆ-ին որևէ իշխանություն այնքան չի քննադատել, որքան ես» և «Նահանգները զրոյական աջակցություն է ցուցաբերել հետհեղափոխական Հայաստանին» հայտարարությունների պատասխանն է նաև:

– Այն, որ դրանք չէին կարող ինչ-որ հետևանքներ չունենալ, հաստատ է: Իրանի հետ հարաբերություններ, Սիրիայում մեր ներկայություն, Հայաստանից նեղացածություն… այս բոլորը գուցե դրված են ԱՄՆ-ի քաղաքական կեցվածքի հենց հիմքում: Ես կարող եմ ենթադրել, որ այս բոլոր հանգամանքները կապված են ԱՄՆ-ի այդ որոշման հետ: Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը նոր չսկսեց դեմ լինել, իսկ թե ինչու նրա ցանկությունն այս անգամ փորձում են իրականություն դարձնել, կարող է և կապված լինել իմ ասած հանգամանքների հետ: