կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 15:12
Հասարակություն

Հայտնի է, թե ինչ պետական օժանդակություն կլինի ցրտահարությունից տուժած տնտեսություններին

Հայտնի է, թե ինչ պետական օժանդակություն կլինի ցրտահարությունից տուժած տնտեսություններին

Կառավարությունն այսօր հաստատեց մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները հնարավորինս մեղմելու և նրանց աջակցություն և օգնություն տրամադրելու մի շարք որոշումներ:

 

Դրանցից առաջինը «Սերմացուների ձեռքբերումը թույլատրելու և դրանք մարզերի' ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին հատկացնելու մասին» որոշման նախագիծն էր, որով նախատեսվում է,  ըստ առաջացած պահանջարկի, ձեռք բերել 85 միլիոն դրամ արժողությամբ տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ և դրանք անհատույց հատկացնել ցրտահարությունից առավել տուժած այգետերերին:

 

Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ձեռք կբերվեն հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ 3.5 տոննա տարբեր սերմեր ու սերմացուներ:

 

Հաջորդ որոշմամբ կառավարությունը նախատեսվում է 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցնել 150 դրամի: Իսկ 2014 թվականի` գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի և դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ազոտական պարարտանյութի և վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած այգետերերին որոշվեց իրականացնել առանց առավելագույն չափաքանակի սահմանափակման' փաստացի ունեցած հողատարածքի չափով:

 

Կառավարությանը այս առումով մի որոշման նախագիծ էլ ներկայացրել էր տարածքային կառավարման նախարարությունը, ըստ որի` ցրտահարությունից տուժած մարզերին որոշակի օժանդակություն տրամադրելու նպատակով հողի հարկի և հողի վարձակալության վճարների, ինչպես նաև ջրօգտագործողներին որոշակի օժանդակություն ներկայացնելու նպատակով առաջարկվում է մարզերին հրատապ ծրագրերի իրականացման համար տրամադրված 10 միլիարդ դրամից' որոշ ծրագրերի իրականացումը հետաձգելով, առանձնացնել մոտ 750 միլիոն դրամ' ջրի վարձի 50 տոկոսը փոխհատուցելու համար' 450 միլիոն, և հողի հարկի վճարումները կատարելու համար' 271 միլիոն դրամ:

 

Ըստ մարզերի' Արագածոտնի մարզին այս երկու նպատակով նախատեսվում է տրամադրել շուրջ 100 միլիոն դրամ, Արարատի մարզին' 302 միլիոն, Արմավիրի մարզին' 243 միլիոն, Կոտայքի մարզին' 60, Սյունիքի մարզին' 25 և Վայոց ձորին' 28 միլիոն դրամ:

 

Գումարները մոտավոր են, քանի որ վերջնական շահառուների և օժանդակության հասցեատերերի ցուցակները դեռևս ճշտման փուլում են:

 

«Մեր պայմանավորվածության համաձայն` 5-րդ հրատապի գումարների մեջ վերաբաշխումներ է առաջարկվում անել, և այդ վերաբաշխումների միջոցով մենք, ըստ էության, ցրտահարությունից տուժած տնտեսություններին առաջարկում ենք օժանդակության կարգով, հողի հարկի և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի վճարումը: Մեր պայմանավորվածությունը նաև հետևյալն է' մարզային իշխանությունները, տեղական իշխանությունների հետ միասին, պետք է կազմեն այն բոլոր շահառուների ցուցակը, ովքեր այս օժանդակությունից օգտվելու են: Այդ ցուցակները պետք է լինեն հրապարակային»,- իր հերթին հայտարարեց Արմեն Գևորգյանը' հավելելով, թե ցուցակները պետք է տեղադրվեն համապատասխան մարզպետարանների, ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքերում, որպեսզի բոլորն իմանան, թե ով ինչի դիմաց է այդ օգնությունը ստանում, և գոնե տեղերում հարցադրումներ չլինեն:

 

Ցրտահարությունից տուժածներին ցուցաբերվող օժանդակության և օգնության ծրագրերը, նշեց Արմեն Գևորգյանը, շարունակություն են ունենալու նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով: Այս առումով նախարարի ժամանակավոր պաշտոնաատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ժամանակավոր զբաղվածության ծրագրերի շրջանակներում այդ տնտեսություններին ցուցաբերվելիք օժանդակության մանրամասները:

 

Ըստ այդմ' ինչպես անցյալ տարի Արմավիրի մարզի' կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսույուններին օժանդակություն ցուցաբերվեց' շուրջ 630 տնտեսությունների` 120 միլիոն դրամի չափով, փոխհատուցելով աշխատողների օրական աշխատավարձ' 4000 դրամի չափով, այս տարի նույնպես բոլոր այն գյուղացիական տնտեսությունների համար, որ կհամապատասխանեն չափորոշիչներին, բնականաբար, առաջին հերթին առավել խոցելի խմբերին, կիրականացվի նույնատիպ ծրագիր:

 

Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս նպատակով նախատեսվել է 150-200 միլիոն դրամի գումար, ինչը, Արմեն Գևորգյանի մեկնաբանությամբ, կարևոր ծրագիր կլինի' ինչ-որ տեղ ֆինանսապես թեթևացնելով ցրտահարությունից տուժած տնտեսություններում առաջացած ֆինանսական խնդիրները: