կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 13:01
Քաղաքական

Ամերիկացի 64 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին ռազմական օժանդակությունից զրկելու և Հայաստանին ու Արցախին 150 միլիոն դոլար հումանիտար օժանդակություն տրամադրելու նախագծին

Ամերիկացի 64 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին ռազմական օժանդակությունից զրկելու և Հայաստանին ու Արցախին 150 միլիոն դոլար հումանիտար օժանդակություն տրամադրելու նախագծին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի նրանք դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգային ճգնաժամերը: Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

«Այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման համար տևական ժամանակահատված աշխատանք է իրականացվում նաև ԱՄՆ-ում գործող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների ներգրավմամբ։

Մեկնաբանելով բավական մեծ թվով կոնգրեսականների միացումը հիշյալ նախաձեռնությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք կանգնած ենք Կոնգրեսի 64 անդամների կողքին, որոնք 2023թ․ ֆիսկալ տարվա համար կոչ են անում բավական ազդու օգնություն ցուցաբերել Արցախին և Հայաստանին, հակազդել Ադրբեջանի շարունակվող հարձակումներին և իրապես փոխել շուրջ 100.000 հայերի կյանքի որակը։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների հետ, որ ամերիկյան հարկատուների գումարները չօգտագործվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն օգնելու և աջակցելու համար»։

 Երկկուսակցական նամակում, օրենսդիրները, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ, բարձրաձայնել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել ծանր դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ անմեղ քաղաքացիների դեմ մինչ օրս շարունակվող սադրանքների պատճառով և, որ Արցախին հատկացվելիք 50 միլիոն դոլարի օժանդակությունը «կօգնի հայ փախստականներին տրամադրել օգնություն, բնակարան, պարենային անվտանգություն, առողջապահություն, վերականգնում և ականազերծում, ինչն անհրաժեշտ է իրենց համայնքները վերականգնելու, իրենց կյանքը վերակազմակերպելու համար»:

 Հայաստանին 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու` իրենց առաջարկի հիմնավորվածությունը օրենսդիրները բացատրել են այն հանգամանքով, որ դա կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, ամրապնդել ամերիկյան ներկայությունը, մեծացնել ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։

 Օրենսդիրներն իրենց նամակում նաև կարևորել են, որ «907-րդ բանաձևի» կատարումն ամբողջապես վերականգնվի, որով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան արտաքին օժանդակության տրամադրումը, ինչպես նաև կարևորել են հայ ռազմագերիների ազատ արձակումը։
 
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն համագործակցում է Ֆ․ Փալոնի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարության հետ՝ հայանպաստ այս նախագծի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով Հայ դատի հանձնախումբն իրականացրել է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա, որով ավելի քան 50․000 նամակներ են ուղարկվել կոնգրեսականներին՝ հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով», - նշված է հաղորդագրությունում։