Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի տեսակետը նույնն է, ինչ հնչեցրել է Սերժ Սարգսյանը Մյունխենում անվտանգության համաժողովում իր ելույթում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե Երևանը պատմական ադրբեջանական տարածք է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտարարել էր, որ դա, իհարկե, զառացանք է, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի հայտարարությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:
Մանոյանն ընդգծեց, որ միջազգային համայնքի լռությունը խրախուսանք է Ադրբեջանին, որ շարունակի նման հայտարարություններ անել:
Դաշնակցականը չի կիսում նաև բոլոր նրանց կարծիքը, ովքեր խորհուրդ են տալիս հայությանը` ոչինչ, շատ մի անհանգստացեք, սրանք ներքին սպառման համար է ասել Ալիևը: «21-րդ դարում ներքին սպառման համար նման բաներ չեն ասի, որովհետև մենք էլ ենք լսում: Ի՞նչ է նշանակում` ներքին սպառման համար ասել, երբ նա այդ մթնոլորտն է ստեղծում հենց իր հասարակության մոտ: Երբ նման հայտարարություններին միջազգային համայնքը պատշաճ հակազդեցություն չի ցուցաբերում, դա Ադրբեջանում մեկնաբանվում է որպես խրախուսանք»,- ասաց նա և բացատրեց, որ դա կարող է Ադրբեջանի նախագահի շրջապատին, հասարակությանը մղել նրան, որ սկսեն մտածել նաև նման հավակնությունների մասին:
Մանոյանի համոզմամբ` միջազգային համայնքը պարտավոր է իր գնահատականը տալ Ադրբեջանի նախագահի նման հայտարարություններին, որը ոչ մի ձևով չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը:
Դիտարկմանը` գուցե հայկական կողմի թերացումը կա, որ միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում Ալիևի հայտարարություններին, նա պատասխանեց, որ երբ Հայաստանի նախագահի կողմից նման հայտարարություն է արվում, դա հենց մեր ակնկալիքի դրևսորման ամենաբարձր մակարդակն է: «Միշտ կարելի է ասել, թե Հայաստանը ոչ մի բան չի արել, դրա համար է, որ միջազգային համայնքը լուռ է: Բայց մենք արդեն նախագահի մակարդակով բարձաձայնում ենք, որ սա վտանգավոր է. թողնել Ադրբեջանի` նման բաներ ասել, և այդպես էլ չլսելու տալ, դա իսկապես վտանգավոր է»,- ասաց Մանոյանը` հավելելով, որ դա կարող է պատերազմ նշանակել:
«Ադրբեջանում կսկսեն ակնկալել, որ իսկապես Երևանն իրենցն է և պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, իսկ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը պատերազմ է նշանակում: Դա է վտանգը, սա ռազմատենչ հայտարարություն է, իսկ ռազմատենչ հայտարարությունը ժամանակի ընթացքում կարող է վերածվել նաև ռազմական գործողությունների»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մանոյանը նշեց, որ նա այս առումով որևէ նոր բան չի ասել: «Նախագահը միշտ ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները մինչև գարուն առոչինչ են հայտարարվելու: Նոր բան այդ իմաստով չի ասել, կրկնել է այն, ինչ արդեն ասել է սեպտեմբերին ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից: Նա ասել է` եթե Թուրքիան սպասում է, որ այլ իրավիճակ կստեղծվի, որպեսզի վավերացնի արձանագրությունները, ապա այդ` իրավիճակ ստեղծվելը մենք հասկանում ենք, որ Թուրքիան վավերացման համար նախապայման է դնում Արցախի հարցի վերաբերյալ: Ուստի մենք ասում ենք, որ եթե ինչ-որ իրավիճակի փոփոխության եք սպասում, ապա նոր իրավիճակում պետք է նոր փաստաթղթի մասին բանակցենք»,- ասաց նա: