կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 17:00
Քաղաքական

Մարզերի զարգացման ռազմավարությունների մշակմանն ուղղված մեթոդական օժանդակություն

Մարզերի զարգացման ռազմավարությունների մշակմանն ուղղված մեթոդական օժանդակություն

Ի կատարումն վարչապետի հանձնարարականի` ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը դեկտեմբերի 7-9-ը մարզային շահագրգիռ կողմերի, մասնավորապես, մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերի համար կազմակերպել է 2-րդ եռօրյա դասընթացը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: 

«ՄարզՌազմ» ծրագրի 2-րդ դասընթացի նպատակն է աշխատանքային խմբերին ներկայացնել անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, SWOT վերլուծությունը, ինչպես նաև տրամադրվելու են պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:   

ՀՀ մարզպետարանների աշխատանքային խմբերի հետ հանդիպմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ տարածքային զարգացման ռազմավարությունների մշակման գաղափարը ՀՀ կառավարոթյան կողմից ընդունված ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության տրամաբանական շարունակությունն է:

 «Որպես ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության տրամաբանական  շարունակություն` մարզերը պետք է կազմեն իրենց  համապատասխան ռազմավարությունները նույն ժամկետների համար: Այս աշխատանքը մեզ մոտ կատարվում է առաջին անգամ, որովհետև մյուս բոլոր երկարաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրերը, որ մենք կազմել ենք, մի փոքր այլ տրամաբանություն են ունեցել: Իսկ  այս դեպքում մենք պետք է կարողանանք նույնականացնել մեր մարզերի առանձնահատկությունները, մարզերի  հեռանկարային կամ, ինչպես ընդունված է ասել, ուժեղ և թույլ կողմերը և  դա հաշվի առնելով` նախանշել մարզերում իրականացվելիք  աշխատանքերը կամ այն  ջանքերը, որ մենք պետք է ներդնենք՝  մարզերում  որոշակի զարգացման ցուցանիշներ ապահովելու համար: Ցուցանիշներ, որոնք արդյունքում կհանգեցնեն մեր ընդհանուր ռազմավարության մեջ  ամրագրված խնդիրների իրականացմանը»:

Փոխնախարարի խոսքով, մարզային ռազմավարությունների նախագծերը պատրաստ կլինեն մինչև այս տարվա վերջ:

Դասընթացի վերջում մասնակիցները կվերանայեն իրենց իրավիճակային վերլուծությունը և պատրաստ կլինեն խորհրդատվություններին, ծանոթ կլինեն SWOT վերլուծությանը` որպես ռազմավարական վերլուծության գործիքի և կկարողանան կիրառել այն ՏՌԶ-ներում, կկարողանան ներգրավել և կառավարել մարզային շահագրգիռ կողմերին իրավիճակի և SWOT վերլուծությանն առնչվող խորհրդատվական հանդիպումներում: 

Ծրագրի 1-ին դասընթացը տեղի է ունեցել ս.թ. հոկտեմբերի 26-28-ը Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Առաջին փուլում աշխատանքային խմբերին է ներկայացվել ռազմավարությունների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները։

 Դասընթաց-քննարկումները շարունակական բնույթ են կրելու։ Դասընթացին հաջորդելու են ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորած փործագիտական խմբի այցերը Հայաստանի բոլոր մարզեր՝ դասընթացի մասնակիցներին տեղերում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 

 

ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին