Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի շրջանակում փետրվարի 13-ին ու 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում «Միջին Արևելքի ապագան» խորագրով հակաիրանական խորհրդաժողով է անցկացվելու: Կհաջողվի՞ սրա արդյունքում հակաիրանական դաշինք ստեղծել. yerkir.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ամերիկացիները փորձում են իրենց հակաիրանական քաղաքականության մեջ ներքաշել նաև Եվրոպային, գուցե որոշ դեպքերում դա նրանց հաջողվում է, բայց, ռազմավարական առումով, Եվրոպան դրան չի տրվի:
«Եթե ռազմավարական առումով դիտարկենք, ապա Եվրոպան չի գնա ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերության՝ հակաիրանական գործողությունների առումով, քանի որ Եվրոպան ունի իր շահերը: Իսկ դրանք կապված են Իրանի հետ՝ որպես էներգակիրների այլընտրանքային կենտրոնի, որոնք հնարավոր է տրամադրվեն Եվրոպային: Երկրորդ՝ Իրանը մեծ հնարավորություն ունի եվրոպական ներդրումների համար: Այնպես որ՝ չեմ կարծում, որ եվրոպացիները կենթարկվեն ԱՄՆ-ի ճնշումին: Իհարկե, որոշ քայլեր կձեռնարկեն՝ ցույց տալու, որ ԱՄՆ-ին, ընդհանուր առմամբ, կողմ են, բայց կոնկրետ իրենց հարաբերությունները Իրանի հետ շատ չեն վատացնի»,-նշեց նա:
Հավելենք՝ թեև ԱՄՆ-ը տեղեկացրել է այդ նիստին 70 երկրների ԱԳ նախարարների մասնակցության մասին, շատ երկրներ վերջին օրերին հայտարարել են իրենց չմասնակցելու մասին, այդ թվում՝ Ռուսաստանը:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մեծացմանը, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց՝ չի կարծում, որ Թուրքիային կհաջողվի հասնել դիրքերի ուժեղացման այն մակարդակին, ինչին ձգտում է:
«ԱՄՆ-ը հայտարարում է, որ իր ուժերը հանելու է Սիրիայից, սա Թուրքիայի դիրքերը նույնիսկ կթուլացնի, ինչը թուրքերը լավ հասկանում են, դրա համար էլ ակտիվություն են ցուցաբերում ՌԴ-ի հետ հարաբերություններում՝ համաձայնությունների շնորհիվ և փորձելով Իրանին դնել մի կողմ: Չեմ կարծում, որ դա կհաջողվի, որովհետև Իրանն իր խոսքն ունի ասելու և' Սիրիայում, և' Մերձավոր Արևելքում: Երկրորդ՝ Թուրքիայի հարաբերություններն արաբական աշխարհի կարևոր երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի հետ, լարված են, ուստի չեմ կարծում, թե Թուրքիան կկարողանա այդ պայմաններում Մերձավոր Արևելքում իր դիրքերն ուժեղացնել և հասնել ուժեղացման այն մակարդակին, ինչին ձգտում է»,- կարծիք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը: