կարևոր
4078 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 16:55
Քաղաքական

Ինչքան էլ փորձեն Իրանին ներքաշել խորը և լայնածավալ գործողությունների մեջ՝ Իրանը փորձելու է չտրվել սադրանքներին․ Ահարոն Վարդանյան

Ներգրավվածության հետ կապված կան կարծիքներ և տեսակետներ նույնիսկ Իրանում, որ Ադրբեջանը ներգրավված է Իսրայելի կողմից կազմակերպված հարձակումներին, չնայած պաշտոնապես ոչ մեկը չգիտի, որ Իսրայելն է, բայց ամեն դեպքում բոլորը խոսում են դրա մասին, որ Իսրայելն է կանգնած այդ ամենի ետևում. այս մասին, անդրադառնալով օրեր առաջ Իրանում օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարձակմանը, ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«ԱԹՍ-ի մի մասի հարձակում տեղի է ունեցել Ադրբեջանի հանրապետությունից։ Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած Բաքվի դեսպանատան վրա հարձակումից՝ չեմ կարծում, որ միմյանց հետ շաղկապված կլինեն, քանի որ հազիվ թե Ադրբեջանը իմանար, որ պետք է Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակում եղած լիներ։ Եթե Ադրբեջանը իմացել է դրա մասին, դա նշանակում է, որ Ադրբեջանը ինքն է կազմակերպել իր դեսպանատան վրա հարձակումը, քանի որ հարձակվողը եղել է Մարանդից Մոջա Հենդի Խալղ ըստ իրանական տեղեկությունների, հարձակվողի եղբայրը Ուրմիայում ունի մի գրախանութ Ֆիզուլի անվամբ, որը հանդիսանում է պանթուրքիստների որջ, հավաքատեղի, այսինքն հարձակվողի եղբայրը կապ ունի պանթուրքիստների հետ, ֆինանսավորվում է կա՛մ Թուրքիայից, կա՛մ Բաքվից։ Պանթուրքիստներին ֆինանսավորում են այս երկու պետությունները։ Եվ եթե այս տեղեկությունը ճիշտ է և պաշտոնապես հաստատվի, ապա դա որոշակիորեն հիմք կտա ընդունելու, որ նույնիսկ դեսպանատան վրա կատարած հարձակումն է կազմակերպված եղել այլ տեղերից և չի բացառվում, որ դա էլ մի շղթա է այս ԱԹՍ-ների հարծակման հետ կապված»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե ընդունենք Ազար Շահրում տեղի ունեցած մեքենաների շարժիչների յուղերի վերամշակման գործարանի պայթյունը , որը նշվում է, թե տխնիկական պատճառով է եղել, բայց ամեն դեպքում, եթե ընդունենք, որ դա էլ է եղել ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, ապա կնշանակի, որ ԱԹՍ-ն հազիվ թե Իսրայելից ուղղորդեին և կառավարեին, պետք է մոտիկ ինչ-որ հատվածից կառավարին, և դա նշում է ադրբեջանական հանրապետությունը․ «Որովհետև Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Իսրայելն այնտեղ ունի ռազմական ուղղվածություն, մանավանդ Արցախից բռնազատված տարածքներում որոշակի հատվածներ տվել է Իսրայելին, ով այնտեղ փորձում է կառուցել «խելացի գյուղեր», գյուղատնտեսական ներդրումներ անել։ Մենք գիտենք ինչ կարող է այդ ամենը նշանակել։ Այնտեղ է նաև Վարանդայի օդանավակայանը, որը կարող է հանդիսանալ ռազմական հենակետ և չի բացառվում, որ այս հատվածներից էլ լինի։ Նմանատիպ փորձ Բաքուն ունեցել է 2014 թ․-ին, երբ Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակում էր տեղի ունեցել, նշվել էր, որ ուղղորդումը ԱԹՍ-ի եղել էր Նախիջևանից, կրկին ադրբեջանական հանրապետության մաս կազմող հատվածից, և եղել է իսրայելական ԱԹՍ։ Նմանատիպ փորձ Բաքուն ունի։ Ներկայումս շատ լրջորեն քննարկվում է այդ խնդիրը, որ Իրանի վրա տեղի ունեցած հարձակմանը մասնակցել է նաև Բաքուն»,- ասաց իրանգետը։

Իրանագետը կարծում է, որ Իրանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ և սա առաջին դեպքը չէ․ «Նրանք մշտապես են փորձում դա անել, դրա լավագույն օրինակներից մեկը Ղասեմ Սոլեյմանի սպանությունն էր, բայց Իրանը միշտ կարողացել է զսպել և չներքաշվել լայնածավալ պատերազմական գործողությունների մեջ, որովհետև գիտակցում է դրա վտանգը իր համար։ Այս դեպքում էլ, ինչքան էլ փորձեն Իրանին ներքաշել խորը և լայնածավալ գործողությունների մեջ՝ Իրանը փորձելու է չտրվել սադրանքներին, բայց դա չի նշանակում, որ Իրանը չի պատասխանելու այս գործողություններին։ Ըստ իս կպատասխանի անհամաչափ հարվածներով, իսկ թե հարվածները որտեղից կլինեն, դժվարանում են ասել, դա կլինի պարզապես գուշակություն, որովհետև չունեմ որևէ տեղեկություն, վերլուծությունների վրա էլ հազիվ կարողանամ ասել, թե Իրանը ինչպես կպատասխանի, բայց որ կապտասխանի դա միանշանակ է, բավական խիստ, բայց լայնածավալ գործողություններ այս պահին հազիվ թե տեղի ունենան»,- ասաց նա։