կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 17:35
Տարածաշրջան

Իսրայելը, տարածաշրջանային զարգացումների առումով, ՀՀ-ին բավականին լուրջ է ընկալում. Սաֆրաստյան

Իսրայելը, տարածաշրջանային զարգացումների առումով, ՀՀ-ին  բավականին լուրջ է ընկալում. Սաֆրաստյան

The Jerusalem Post-ին տված հարցազրույցում  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ասել էր, որ «Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ», և որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի  Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում»:

Հաշվի առնելով  թուրք-իսրայելական սրված հարաբերությունները` Հայաստանը որքանո՞վ կարող է իրականություն դարձնել սա և Իսրայելի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել:  Yerkir.am-ի այս հարցին ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում կարևոր դիրք է զբաղեցնում, ուստի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատել, սակայն, ըստ թուրքագետի, հայ-իսրայելական հարաբերությունները չպետք է կապել թուրք-իսրայելականի հետ:

«Անկախ նրանից, թե թուրք-իսրայելական հարաբերություններն ինչ մակարդակի վրա են, մենք պետք է Իսրայելի հետ ունենանք նորմալ դիվանագիտական հարաբերություններ, դրա արդյունքում էլ` դեսպանատուն այնտեղ: Բայց ես կարող եմ մի բան ասել՝ Իսրայելը շատ լուրջ ուսումնասիրում է իրադրությունը ՀՀ-ում: Ես՝ որպես արևելագիտության ինստիտուտի տնօրեն,  քննարկումների ժամանակ ականատես եմ եղել և հասկացել, որ նրանք, տարածաշրջանային զարգացումների առումով, ՀՀ-ին  բավականին լուրջ են ընկալում և պատրաստ են ընդլայնել համագործակցությունը: Իհարկե, շատ կարևոր կլինի, որ մենք այնտեղ ունենանք մեր դեսպանատունը»,- նշեց Սաֆրաստյանը: