կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 20:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերոնք պիտի ասեին՝ և՛ տարածքային առումով, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի առումով ամբողջ Արցախը հայկական է․ Լենսեր Աղալովյան

Մենք դրոշակակիր ենք, դիվանագետ չենք՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը։

Նա նշեց, որ երբ հենց սկզբից մենք կանգ ենք առել «ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունքի վրա, դա մեծ սխալ էր, մերոնք պետք է ասեին՝ և՛ տարածքային առումով, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի առումով ամբողջ Արցախը հայկական է։ Ի վերջո, փաստեր կան, ընդգծեց գիտնականը, դրանք պետք է անընդհատ հնչեցնել, և մատնացույց արեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի կազմած երկհատոր փաստաթղթերի ժողովածուն,  որի հիմքով էլ ինքը նամակ է գրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու արտահայտել իր մտահոգությունները։

«Պետք էր ի սկզբանե ասել՝ և՛ ազգերի ինքնորոշման սկզբունքի, և՛ տարածքային ամբողջականության սկզբունքի առումով դա պատմական Արցախն է։ Կովբյուրոյի որոշումը պետք է վերանայվի որպես կուսակցական, իսկ այդ Կովբյուրոյի որոշման երկրորդ կետով, փաստորեն, Ադրբեջանի ձեռքը մկրատ են տվել՝ ոնց ուզի, կտրի։ Եվ ստացվեց այնպես, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը բոլոր կողմերից շրջապատված է Ադրբեջանով։ Երրորդ՝ ուժի չկիրառման սկզբունքը ևս խախտվեց այս պատերազմով»,-ասաց Լենսեր Աղալովյանը։

Նա նշեց, որ միջազգային այս երեք սկզբունքները Ադրբեջանի կողմից վերջին պատերազմով խախտելուց հետո պետք է առաջին հերթին հայտարարություն տարածեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, Թուրքիային պետք է կանչեին պատասխանատվության, որն, ի վերջո, ամբողջը իր վրա է վերցրել՝ այդ բոլոր ռազմական գործողությունների կազմակերպումը, իրականացումը, Թուրքիայի Գերագույն շտաբն էր այդ բոլորը նախաձեռնել, իրենց հրամանատարությունն էր, որոնց մեծ մասը օդից կարգավորում էր անօդաչու թռչող սարքերը, իսկ այս պատերազմի հիմնական հաղթողը այդ ԱԹՍ-ներն էին։

«Հիմա այդ հարցը կարո՞ղ է Մինսկի խումբը լուծել․ իհա՛րկե կարող է, եթե լինեն մեծ պետությունների շահերը։ Այստեղ մեծ դեր ունի Ռուսաստանը՝ ինչ է ցանկանում Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է նորից վերադառնալ իր նախկին կեցվածքին, եթե Թուրքիան նորից իր դեմքը ցույց տա, ոնց որ դա ցույց տվեց 1920-ական թվականներին»,-արձանագրեց Լենսեր Աղալովյանը։

Գիտնականը համոզված է, որ Հայաստանը և Արցախը չեն կարող գոյություն ունենալ, եթե չկա Քելբաջարի և Լաչինի հարցի լուծումը․ Ադրբեջանին հանձնված Քելբաջարն ու Լաչինը մի սեպ են՝ խրված հայկական երկու հանրապետությունների միջև։ Իսկ որ այդ տարածքները չպետք է հանձնվեին Ադրբեջանին Աղալովյանը հիմնավորում է այն հանգամանքով, որ Քելբաջարում վերաբնակեցվել են Արցախի Շահումյանի շրջանից բռնի տեղահանված հայերը։ Մինչդեռ այս պարագայում այդ մարդիկ նորից փախստական են դառնում և անորոշ է՝ որտեղ պետք է բնակվեն։ Ուրեմն, ըստ նրա, եթե Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հավասար է վերաբերվում, պետք է բարձրացնի այդ փախստականներին նորից Շահումյան վերադարձնելու հարցը, կամ էլ Քելբաջարն ու Լաչինը պետք է տրվեն Արցախի Հանրապետությանը և մարդիկ չպետք է լքեն իրենց տները։

««Կոլցո» օպերացիայի ժամանակ, որտեղ Ռուսաստանի դերը շատ մեծ էր, Շահումյանից եղան մեծ թվով փախստականներ, և պատերազմի ընթացքում ու հետո վերաբնակեցվեցին Քելբաջարի շրջանում և ստեղծեցին Նոր Շահումյանը։ Նրանք զրկվել են իրենց տներից և այստեղ վերաբնակվել են։ Հիմա նրանց ստիպեցին, որ թողնեն այդ տները․ որևէ տեղում պե՞տք է այդ մարդկանց հարցը դրվեր։ Այդ դեպքում, թող նրանց տանեն Շահումյանի շրջան։ Ի վերջո, ռուսները միշտ հայտարարել են, որ իրենցից և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը գտնվում են հավասար հեռավորության վրա։ Այստեղ կա հենց այդ մեծ հակասությունը․ հիմա, փաստորեն, մարդիկ երկրորդ անգամ թողեցին իրենց բնակավայրեը և չգիտենք որտեղ են նրանք»,-ասաց Լենսեր Աղալովյանը։

Նա համոզված է, որ ծագել է նոր ալյանս՝ Թուրքիա-Ռուսաստան ալյանսը։

«Այդ ալյանսը ձևավորվել է վերջին 3 տարիներին, երբ Սիրիայում դեպքեր եղան, և, կարծում եմ, այդտեղ թուրքերը ահագին օգնել են ռուսներին ինչ-որ հարցերում, համենայն դեպս՝ կա Աստանայի եռյակը՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան, որը զբաղված է Սիրիայի հարցով։ Հիմա հիմնական նպատակն է ստեղծել մի ալյանս, որը դեմ կլինի ԱՄՆ-ին և Եվրոպային։ Դրա համար թուրքերը դրել են իրենց պայմանը։ Թուրք-ադրբեջանական պայմանը դա Լեռնային Ղարաբաղն է։ Ես ցավում եմ, որ ռուսները գնացին դրան»,-ասաց Լենսեր Աղալովյանը։

Նա Սերգեյ Լավրովին ուղղված նամակում ևս գրել է՝ մի՞թե Ռուսաստանը չուներ այլ տարբերակ, իհա՛րկե ուներ։

Լենսեր Աղալովյանը նաև բացատրեց, թե ինչո՞ւ Հայաստանը և Արցախը չեն կարող գոյություն ունենալ, եթե չկա Քելբաջարի և Լաչինի հարցի լուծումը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․