կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 18:03
Քաղաքական

Թուրքիայի հետ Ռուսաստանի լավ հարաբերությունները չեն լինի Հայաստանի հետ հարաբերությունների հաշվին. ռուս քաղաքագետ

Թուրքիայի հետ Ռուսաստանի լավ հարաբերությունները չեն լինի Հայաստանի հետ հարաբերությունների հաշվին. ռուս քաղաքագետ

Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում  ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը նշեց, թե «նոր իշխանությունների օրոք փոխվել է հայաստանյան մամուլի լեզուն. նախորդ իշխանությունների օրոք  հատուկ ընդգծված նեգատիվ վերաբերմունք կար հայ-ռուսական թեմաներին առնչվող հրապարակումներում»:

Իսկ այն, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը և նրա թիմից շատերն այլ կարծիքի էին ՌԴ-ին առնչվող շատ հարցերում, Կռիլովն արձագանքեց. «ՀՀ-ում ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը, որն իշխանության եկավ այլ լոզունգով, իսկ հետո փոխվեց: Քաղաքական գործիչը,  երբ գալիս է իշխանության,  կա'մ պետք է պետության շահից գործի, կա'մ արտաքին ուժերի»:

Փորձագետը հույս ունի, որ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը կշարունակի գործել պետական շահով, և առաջիկա ամիսներին կլուծվեն այն հարցերը,  որոնք արդիական են,  մասնավորապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, որն, ըստ էության, առնչվում է կազմակերպության ֆունկցիոնալությանը:

«Դա իրականում ՀԱՊԿ-ի ներսում փոխգործակցության խնդիր է, որը բնավ չի սահմանափակվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության խնդրով: Այստեղ կազմակերպության հեղինակության բարձրացման հարցն է: Եթե որոշակի քայլեր չձեռնարկվեն,  ապա ՀԱՊԿ-ը կդառնա ԱՊՀ-ի  նմանօրինակը՝ թույլ և անիմաստ մի կազմակերպություն, որը չի կարողանում լուծել իր անդամների հարցերը»,- վստահեցրեց Կռիլովը:

Հարցին՝ կարելի՞ է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանն առավել ռուսամետ է, քան Սերժ Սարգսյանը, փորձագետն արձագանքեց, որ Փաշինյանը հայամետ է, և հենց այդ քաղաքականությունից է բխում նրա վարած քաղաքականությունը: Միաժամանակ, Կռիլովը նշեց, թե ռուսամետ կամ արևմտամետ լինելու հարց չկա,  և որ Հայաստանի գործիչները պետք է գործեն` երկրի շահից ելնելով, կախված չլինեն մեկ վեկտորից: 

Փորձագետը շեշտեց, որ Ռուսաստանը և Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տարբեր հարաբերություններ ունեն, բայց սա չի նշանակում, թե «Թուրքիայի հետ Ռուսաստանի լավ հարաբերությունները կլինեն Հայաստանի հետ հարաբերությունների հաշվին»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա առաջիկա ամիսներին կամ տարիներին ոչ մի փոփոխություն չի լինի, քանի որ, ըստ Կռիլովի, ո'չ ՀՀ-ում է դիրքորոշում փոխվել, ո'չ էլ` Ադրբեջանում: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ` «զոնդաժ»:

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը համակարծիք է՝ ԼՂ հարցում փակուղային վիճակը դեռ երկար կպահպանվի:

Անդրադառնալով Կռիլովի` ավելի վաղ արտահայտած մտքին՝ կապված ՀՀ-ում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքին, նա պնդեց. «Հայաստանում ռուսաֆոբիան քաղաքական առևտրի առարկա չի եղել և չի կարող լինել»: