Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հասարակության մեջ, զարմանալիորեն, հանդես են եկել ուժեր, որոնք Թուրքիայի հետ հարաբերությունները ջերմացնելու կողմնակիցներ են դարձել, ընդ որում, այդ հարաբերությունների ջերմացումը պետք է լինի մեր ազգային-պետական շահերի հաշվին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԳԱԱ-ում՝ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» կլոր սեղան-քննարկմանը։
«Մենք երբևէ դեմ չենք եղել այդ հարաբերությունների նորմալացմանը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ պատմությունը մեզ ցույց է տվել, որ այդ հարաբերությունները միշտ փորձ է արվել կառուցել ի վնաս մեզ»,-արձանագրեց նա։
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ միայն վերջին 20 տարվա կտրվածքով հայ-թուրքական հարաբերությունները Հայոց ցեղասպանության համատեքստում վերլուծելով՝ կտեսնենք, որ միշտ էլ թուրքական կողմը փորձել է Հայոց ցեղասպանության խնդիրը հանել օրակարգից, և միշտ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ պետք է մոռանանք պատմությունը և, եթե ուզում ենք այսօր նորմալ հարաբերություններ ունենալ, նայենք ապագային՝ Հայոց ցեղասպանության խնդրի մոռացման տարբերակով։
«Արդյոք պատահակա՞ն էր, որ 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհրդի ընդունած՝ Անկախության հռչակագրի վերջին կետը, որով ՀՀ-ն պարտավորություն էր վերցնում իր արտաքին քաղաքականության բաղադրամաս դարձնել Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, բուռն դժգոհություն առաջացրեց Թուրքիայում։ Իսկ հետագայում, օրինակ, երբ 90-ականների վերջին օրակարգ եկավ «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» աշխատանքը, որ այդ հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր, որովհետև հայ-թուրքական հաշտեցում նշանակում էր, որ թուրքերի հետ մեր խնդիրը ինչ-որ փողոցային կռիվ էր և հիմա հաշտեցման մասին է խոսքը, հաշտեցում, որը ենթադրում էր ոճրագործի և զոհի միջև հաշտեցում։ ՀՀ-ն պաշտոնապես հայտարարում էր, որ մենք որևէ կապ չունենք այդ բանակցությունների հետ, որոնք ԱՄՆ-ում էին ընթանում, և ՀՀ ԱԳՆ-ից ևս ներկայացուցիչ կար, որը պաշտոնապես հայտարարում էր, որ ինքը որևէ կապ չունի այդ բանակցությունների հետ և անհատապես է ներկայացնում հայկական կողմը, ոչ թե հայոց պետությունը, բայց հետագայում ստացվեց, որ պետական շրջանակները, անշուշտ, կապի մեջ են եղել։ Հետագայում օրակարգ եկավ հայ-թուրքական Ցյուրիխի արձանագրությունները, որը, բարեբախտաբար, ձախողվեց»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։
Եվ հիմա՝ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ստորագրելով՝ հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու խնդիրը նորից եկել է օրակարգ՝ ասաց Մելքոնյանը։ Գինը նորից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից ու Արցախից հրաժարվելն է։ Աշոտ Մելքոնյանը հարց է տալիս՝ արժե՞ արդյոք այդ գինը վճարել Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու համար։
Նա հիշեցրեց, որ 1993 թ-ի ապրիլին, երբ Քավաճառի ազատագրումից հետո Թուրքիան փակել էր Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը, այն չբացեց անգամ հիմա, երբ հայտարարեց, որ արգելքը վերացված է, որովհետև այժմ էլ առևտուր է անում այլ հարցերի շուրջ՝ հայ ռազմագերիների, Սյունիքի, Մեղրիի և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում․