Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը ունի գերազանց հարաբերություններ մեծ ազդեցիկ պետությունների և նրանց ղեկավարների հետ, սակայն դրանք մինչ օրս երբևէ չեն վերածվել տնտեսական հարաբերությունների: Այս պարզ պաշտոնական փաստն արձանագրվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից: Ավարտելով բրիտանական համալսարան, աշխատելով առևտրային բանկում` այս անձնավորությունը, ով այսուհետ ստանձնել է իր երկրի տնտեսական բարեփոխումները, ընդամենը 29 տարեկան է:
Ուրբաթ օրը Փարիզում նա ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին ընդունեց Էմանուել Մակրոնը: Ընտրվելով մայիսին Ազգային ժողովի կողմից՝ Փաշինյանը իշխանության է եկել «թավշյա հեղափոխության» միջոցով, ազգային զարթոնք, որը վերջ է դրել նախագահ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանությանը:
Տիգրան Ավինյանն ընկալում է իր երիտասարդությունը որպես առավելություն «խիզախ որոշումներ կայացնելու համար»: Եվ դրա կարիքը կա կաշառակերությամբ պատված երկիրը վերափոխելու համար, խոցելի կետ, որ մատնանշում են օտարերկրյա ներդրողները: Փոխվարչապետն անկեղծորեն ընդունում է դա: Այն, ինչը նրանից «ավելի շատ ժամանակ և էներգիա» է խլում, դա երկրի կառավարման համակարգի բարեփոխումն է, որը ներառում է «կաշառակերության և մենաշնորհների դեմ պայքարը»:
Նոր իշխանությունը ցանկանում է գրել մաքուր թղթի վրա: Այդ նպատակով, բացատրում է փոխվարչապետը, Հայաստանում առկա օտարերկրյա ձեռնարկությունները տեղեկացվել են, որ չեն հետապնդվի նախկինում գործած` կաշառակերության հետ կապված իրավախախտումների համար: Երբ նրան հարցնում ենք, թե ինչն է բնորոշում իր երկրի տնտեսությունը, Տիգրան Ավինյանը դատարկության զգացում է ունենում: Այնքան էլ հրապուրիչ չէ: Սակայն դա նշանակում է «մեծ աճ ունեցող պոտենցիալ»:
Հարց` ինչպե՞ս կարող է այդքան փոքր շուկան /3.000.000-ից քիչ բնակիչ/ գրավել ներդրողներին: Երիտասարդ ղեկավարն ընդգծում է Հայաստանի ռազմավարական դիրքը: Երկիրը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը` ազատ գոտի` կազմված Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից: Ըստ այդմ` այն կարող է դուռ բացել արտահանողների համար դեպի ավելի քան 200.000.000 բնակիչ ունեցող շուկա:
Այլ աշխարհագրական առավելություն` հարավում Հայաստանը սահմանակից է Իրանին: Սակայն, հաշվի առնելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների մեջ գտնվող ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը, ինքնըստինքյան հեշտ չի լինի օգտագործել Հայաստանը` որպես դուռ դեպի մոլլաների ռեժիմ: Այս փոքրիկ կովկասյան պետությունը թիրախավորում է մասնավորապես իր մարդկային կապիտալը:
«Գիտեի՞ք, որ խորհրդային ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում, և որ ԽՍՀՄ ռազմական էլեկտրոնիկայի 25% արտադրվել է մեզ մոտ»,- հարց է տալիս Տիգրան Ավինյանը: Աշխատուժը /էժան, ըստ մի գործարարի` միջին ղեկավար կադրը կարող է արժենալ ամսական 1000 եվրո, ներառյալ` բոլոր ծախսերը/ մնում է լավ զարգացած: Տեխնոլոգիական ոլորտը «ցուցադրական աճ» է գրանցում, հավատացնում է քաղաքական ղեկավարը: «Սինոփսիս»-ը /Սիլիկոնյան հովտի ձեռնարկություն` 3.000.000.000 դոլար շրջանառությամբ/, օրինակ, հիմնել է հետազոտական և զարգացման կենտրոն հազարավոր մարդկանց համար: Երկիրը ներդրում է կատարում երիտասարդների կրթության մեջ, ինչի վկայությունն է «Թումո» դպրոցը, որն անվճար սովորեցնում է ինտերնետային մասնագիտություններ: Անն Հիդալգոն, հիացած այդ կոնցեպտով Երևան կատարած իր մի այցի ժամանակ, նույնիսկ որոշել է «Թումո» դպրոց բացել Փարիզում: Վերջապես, ինչպես մյուս փոքրիկ պետություններում, աշխատուժը բազմալեզու է` ռուսախոս, գնալով ավելի շատ անգլախոս և հաճախ նաև ֆրանսախոս /ֆրանկոֆոն/:
Բացի այդ` հենց Երևանը կընդունի 10.10.2018թ. Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը, այլ ղեկավարների հետ նաև Էմանուել Մակրոնի և Կանադայի ղեկավար Ջասթին Տրյուդոյի ներկայությամբ: Իշխանությունները կօգտվեն ԶԼՄ-երում իրենց երկրի պրոպագանդման առիթից, որպեսզի կազմակերպեն գործարար ֆորում ֆրանկոֆոն ներդրողներին գրավելու նպատակով: