Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադարձավ այսօր ԱԺ նիստում «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություն անելու առաջարկի քննարկմանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախաձեռնությամբ առաջարկված լրացումով ի ցույց են դրվում Հանրապետականի և նրան աջակցողների վախերը խորհրդարանական սպասվող արտահերթ ընտրությունների նկատմամբ: Նազարյանը պարզաբանեց, թե, ըստ իրեն, ինչի համար է արվում այդ լրացումը: «Գործող Սահմանադրությամբ` վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ, եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրված թեկնածուներ, կամ առաջադրված թեկնածուներից ոչ ոք անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում, ապա քվեարկությունից 7 օր անց անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, և եթե նորից երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ԱԺ-ն արձակվում է` իրավունքի ուժով»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ եթե վարչապետի ընտրություն տեղի չունենա, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ի՞նչ հիմքերով է, որ վարչապետ չընտրվելու դեպքում նիստը համարվում է չկայացած: «Եվ հիմա մեզ հրամցվում է մի նախագիծ, փոփոխություն, որը որոշակի, այսպես կոչված, հիմքերի դեպքում վարչապետ չընտրելու նիստը համարելու է չկայացած: Ասում են` այ եթե արտակարգ իրավիճակներ լինեն կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստը ընդհատված է, և հաշվել այն` որպես չկայացած նիստ»,- ասաց նա:
Ըստ Նազարյանի` սա արվում է, քանի որ կա Հանրապետականի վախը, որ եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվել ԱԺ շենքի մոտ ու թույլ չտալ, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չի համարվի կայացած, քանի որ երկու անգամ չկայանալու դեպքում ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով: «Ահա այսպիսի մեխանիզմների մշակմամբ է զբաղված Հանրապետականը ԱԺ-ում, և ամբողջ աբսուրդն այն է, որ ԱԺ ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու ու հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա»,- ասաց նա:
Նազարյանը վերջում նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի չունեցան մայիսին մի պատճառով` որ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայելու իրենց քաղաքական գիծը և դրա արդյունքում «մի քիչ հանրային աջակցություն ձեռք բերելու»: «Փոխարենը կուտակված ամբարտավանությունը, հանդգնությունը, մեծամտությունը թույլ չի տալիս ոմանց խոհեմություն դրսևորել, որոշ դեպքերում ափսոսանք հայտնել, և եթե դա չի ստացվում, գոնե լռեն ու չհակադարձեն քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը և գործունեությունը կարելի է որակել որպես իրենց մանդատները պահելու խղճուկ փորձ»,- եզրափակեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Նազարյանին ասաց, որ պարզ է նրա տեսակետը և հիշեցրեց, որ բոլոր պատգամավորները Սահամանդրությամբ պետք է քվերակեն իրենց խղճին համոզմունքին համապատասխան, և որևէ մեկը ՀՀ-ում և ցանկացած ժողովրդավարական երկրում պատգամավորի վրա որևէ ճնշում չի կարող իրականացնել:
Հիշեցնենք, որ երեկ պետաիրավականի մշտական հանձնաժողովի նիստում Գևորգ Պետրոսյանի այս առաջարկի քվեարկությանը չի մասնակցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, քանի որ չկար կառավարության և «Ելք» խմբակցության դիրքորոշում` կապված հարցի հետ: