կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 12:08
Հասարակություն

Ադրբեջանը միշտ էլ ձախողելու է, քանի դեռ մենք հավատում ենք մեր ուժերին. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը միշտ էլ ձախողելու է, քանի դեռ մենք հավատում ենք մեր ուժերին. Դավիթ Բաբայան

Տեղեկացրել էինք, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:

Նշենք, որ ապրիլյան դեպքերից հետո սա առաջին դիվերսիոն փորձն է, որ իրականացնում է հակառակորդը:

Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման նենգ քայլերի դիմելն Ադրբեջանի էությունն է: Ըստ նրա` այն, որ հիմա հարաբերական անդորր է` չի նշանակում, որ հակառակորդը փոխվել է կամ վերանայել իր մոտեցումները:

«Որևէ տարօրինակ երևույթ չկա, մանավանդ, որ արդեն 70 տարի ապրել ենք` այդ ահաբեկչական երկրի հետ առնչվելով: Սա նրանց ոճն է և միշտ էլ դիմել են նման սադրանքների:  Մենք ունենք շատ նենգ հակառակորդ, որը կարող է դիմել ցանկացած քայլի: Ի վերջո, չպետք է մոռանալ խոշտանգումները, որոնք նրանք արել էին մեր զոհված զինծառայողների մարմինների հետ»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ կարևորն այն է, որ վախի մթնոլորտ չկա, և մենք պատրաստ ենք հակահարված տալ հակառակորդին ցանկացած պահի:

Դիտարկմանը, թե վերջերս շատ է շոշափվում թեման, որ հնարավոր է հակառակորդն ակտիվանա օգոստոս ամսին` նախ ելնելով տարիներ առաջվա դառը փորձից և հաշվի առնելով այն, որ օգոստոսն ավելի պասիվ շրջան է, Բաբայանը պատասխանեց, որ պետք չէ մտածել, որ օգոստոսին մարտական գործողությունների հավանականությունն ավելի մեծ է, քան այլ ամիսների: Հավանականությունը, ըստ նրա,  կախված է մեր ուժից` ինչքան մենք ուժեղ լինենք, ինչքան հակառակորդը իմանա, որ ցանկացած ոտնձգություն պատժվելու է, մարտական գործողություններ սկսելու հավանակությունն ավելի քիչ կլինի:

«Ուստի որևէ ժամկետ չենք կարող նշել: Բացի այդ` ցանկացած պատերազմ սկսելիս, հատկապես` Ադրբեջանի նման ագրեսոր երկիրը միշտ էլ փորձում է քողարկել ժամկետը: Սա էլ է մի ձև, որ մտածում են` կարող են առավելության հասնել: Սակայն մենք տեսանք, որ Ադրբեջանը, մարտական գործողություններ սկսելու ժամանակը քողարկելով հանդերձ, չի կարողանում հասնել հաջողության: Այն, ինչ նա ծրագրել է` ամբողջովին Ղարաբաղը զավթել, զավթել ՀՀ որոշ տարածքներ, ձախողել է, և այդպես լինելու է ընդմիշտ, քանի մենք հավատում ենք մեր ուժերին և պատրաստակամ ենք պաշտպանել մեր հայրենիքը»,- ասաց Բաբայանը: