Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Ռոսիա 1» հեռուստաալիքը ֆիքսել է, որ Դուշանբեում վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը միեւնույն վերելակից են դուրս գալիս: Եթե համարենք, որ երկուսն էլ վերելակում գտնվել են մոտ 10-15 վայրկյան, ապա կարող ենք ասել, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւը մոտ 10-15 վայրկյանանոց առանձնազրույց, ընդ որում` փակ դռների հետեւում: Ի՞նչ են խոսել, գաղտնիք չէ. Փաշինյանը, իր կարծիքով, Տաշքենդից, իսկ իրականում Դուշանբեից վերադառնալուն պես լայվ մտավ ու ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ 2 հարցում պայմանավորվել են, առաջինը՝ թուլացնել լարվածությունը շփման գծում, երկրորդը՝ հաստատել օպերատիվ կապ: Այսինքն` եթե Փաշինյանը ցանկանա խոսել Ալիեւի հետ, կարող է անմիջապես կապ հաստատել հետը, եւ հակառակը` եթե Ադրբեջանի նախագահը մեր վարչապետի հետ զրուցելու կարիք ունի, նույնը կարող է անել: Հիմա երկու երկրների մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես կապեն Փաշինյանին ու Ալիեւին:
Փաշինյանն արդեն Երեւանում ասաց, որ Ալիեւն իր վրա բավականին կրթված ու դրական մարդու տպավորություն թողեց: Կրկնում եմ՝ Ալիեւը Փաշինյանի վրա բավականին կրթված ու դրական մարդու տպավորություն է թողել, այն նույն Փաշինյանի, որի կարծիքով` հանրապետության երեք նախագահներից երկուսը քաղաքական դիակ են: Բայց սա դեռ մի կողմ. Ալիեւից փոխադարձ հաճոյախոսությունն ուշանում է, եւ ուրեմն` կա'մ մեր վարչապետը չի տպավորել Ադրբեջանի նախագահին, կա'մ էլ նա բոլորովին այլ ու ավելի կարեւոր գործեր ունի: Ըստ երեւույթին` երկրորդն է, քանի որ Դուշանբեում Փաշինյանի հետ պայմանավորվելուց հետո Ադրբեջանի նախագահն իր արտգործնախարարին կարգադրում է, որպեսզի կոչ անի աշխարհին՝ ճնշել Հայաստանին:
Ավելին` Բաքվում ընդդիմությունը՝ «Ազատագրենք Ղարաբաղը» կարգախոսներով ցույց է անում, որի նախաձեռնողները շեշտում են՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Ի դեպ, ցույցն օրեր առաջ արտոնվել է հենց Ադրբեջանի իշխանության կողմից; Փաշինյան-Ալիեւ հանդիպման հաջորդ օրն էլ հենց Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հաղորդել է իր ենթականերին գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը՝ ավելի կատարելագործված մարտական հերթափոխ իրականացնել եւ տեխնիկական միջոցները շփման գծի ողջ երկայնքով ավելի լայնորեն կիրառել:
Ի դեպ, երբ Ստեփանակերտը ողջունեց Դուշանբեում Փաշինյան-Ալիեւը պայմանավորվածությունները, հատուկ շեշտեց, որ Ալիեւին հավատալ չի կարելի: Հետո սա կրկնեց նաեւ Փաշինյանն անձամբ, բայց փաստ է, որ Արցախում նույնիսկ տասը տարեկան պատանին ավելի լավ է ճանաչում Ալիեւին, քան նրան պետք է ճանաչի երկրի ղեկավարությունը: Ի դեպ, ՀՀ վարչապետի խորհրդականները տեղեկացնո՞ւմ են նրան, որ Ադրբեջանի նախագահն իր հետ շատ փափուկ է խոսել, որովհետեւ ՀԱՊԿ-ում դիտորդ դառնալու խնդիրներ է լուծում, կամ` Ալիեւը չի կարող կրթված մարդ լինել, քանի որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, մեղմ ասած, լավ չի սովորել… Առհասարակ, որեւէ բան վարչապետին տեղեկացնո՞ւմ են, օրինակ` Գյումրիի տոնի մասին չէին տեղեկացրել:
Հովիկ Աֆյան