կարևոր
838 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-08 10:59
Հասարակություն

Ձերը էտա՝ կալանավորելը, մարդուն ճնշելը ու վախեցնելը, մերը՝ պայքարելն ա, թասիբն ա ու պատիվը․ Արթուր Սարգսյան

Ձերը էտա՝ կալանավորելը, մարդուն ճնշելը ու վախեցնելը, մերը՝ պայքարելն ա, թասիբն ա ու պատիվը․ Արթուր Սարգսյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդությունը։

Պատգամավոր Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթը ամբողջությամբ ստորև․

Սիրելի Հայրենակիցներ,
Իմ քույրեր և եղբայրներ,

Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ հաճախ չէ, որ դիմել եմ Ձեզ այս ամբիոնից, սակայն այս ամբիոնից դուրս՝ լինեիք Դուք Ձեր գյուղում, քաղաքում, հանրահավաքին, փողոցում կամ հերթական ապօրինության արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում ես եղել եմ Ձեր կողքին:

    Ինձ շատերը մինչ օրս դիմում են որպես Սիսիանի քաղաքապետ, քանի որ լինելով Սիսիանից՝ միշտ իմ ընտանիքի հետ միասին եղել եմ իմ քաղաքի և իմ Սյունիքի կողքին: Վստահեցնում եմ Ձեզ՝ իմ քաղաքի համար ծառայելը բացառիկ պատիվ էր, և դա անում էի սիրով ու ամբողջ սրտով, էնպես ինչպես բնորոշ է Սիսիանցիներին:

    2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ինչպես Ձեզանից շատերի, այնպես էլ իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց: Սիսիանի իմ բազմաթիվ եղբայրներ հերոսաբար նահատակվեցին հանուն մեր Արցախի պաշտպանության, ինչպես բազմաթիվ այլ համայնքներից, հետևաբար ես չէի կարող այլևս պարզապես երկրում առկա իրավիճակին նայել մեր քաղաքի դիտակետից:

    Բոլորիս աչքի առաջ հանձնվում էր մեր Արցախը:
Ձեզանից շատերի նման, ինձ համար ակնհայտ էր, որ նոյեմբերի 9-ից հետո մյուս թիրախը լինելու է Սյունիքը, և ես ստանձնեցի պատասխանատվություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ:


    Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին և պայքարներին մասնակցել եմ իմ ողջ ներուժով, դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու ոգին: Ձեր հետ միասին կիսել եմ մեր հաջողությունները և պարտությունները: Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները և թուրք-ադրբեջանական տանդեմը: Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային:

    Անկեղծորեն՝ թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ Հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին:


    2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ իմ եղբայր Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում է դեպի Երևան:      Սահմանազատման և սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացը, դրա դեմ ընդվզումը վերածվեցին համազգային Սրբազան պայքարի, և ես այդ պայքարից ևս անմասն չմնացի:

    Օրվա իշխանությունները շատ ու շատ լավ են հիշում 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման:

    Ես այդ օրը գիտեի, դա հստակ էր, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ, շինծու մեղադրանքներ: Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց:


    2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին հաջորդող օրերին՝ ես առաջիններից էի, ում նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործ հարուցվեց, և չնայած պատգամավորի կարգավիճակին՝ ինձ ժողովրդավարության բաստիոնի դատավորները, նույն արմեն դանիելյանները կալանավորում էին կամ կալանքի տակ պահում:


    Ես այդ ապօրինություններից մի պահ անգամ չեմ ընկճվել, չեմ հուսահատվել, հակառակն՝ ավելի վճռական տրամադրված ազատ եմ արձակվել ու պայքարել եմ: Այսօր նույն խումբը  որոշել է, որ ինձ պետք է նորից կալանավորեն:


    Սիրելի հայրենակիցներ, ոնց արդեն ասացի, ես սպասում էի, որ նման մի բան լինելու է դեռ 2024 թվականի մայիսի 9-ից:

    Հարց է առաջանում՝ իսկ ինչու են որոշել ինձ զրկել անձեռնմխելիությունից: Եկեք առաջինն արձանագրենք, որ օրվա իշխանության համար հանցագործ է ցանկացած ոք՝ լինի դատավոր թե յուրային պատգամավոր, բարերար թե հոգևորական, ազգային պետական գործիչ թե մտավորական, եթե նա ազգային է, բարոյական է, եթե չի քծնում, չի հանձնվում, թուրքի կոշիկ չի լիզում: 

    Ճար ունենան, Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն՝ հայ լինելու հայի անունը բարձր պահելու համար կամ բաքվի բանտում գտնվող մեր Հայրենակիցների մասին խոսելու, հիշելու համար:

    Ըստ օրենքի, այս խոսքս պետք է կոնկրետ հասցեատեր ունենար, դրա իրացման համար նպատակ ունենար:

     Ժողովրդավարական երկրներում բազմաթիվ են դեպքերը, երբ Գլխավոր դատախազը գալիս է Ազգային ժողով՝ գիտակցելով, որ ոչ մի երաշխիք չունի, թե այդ միջնորդությունը բավարարվելու է, թե օրինակ հենց իր պաշտոնավարման հարցն է դրվելու: Բայց մենք աննախադեպ ժողովրդավարության բաստիոնում ենք, ավելի հստակ՝ բռնապետության բաստիոնում ենք․ այստեղ ամեն ինչ նախապես որոշված է, գրված է, հաստատված է:

    Հակառակ դեպքում կամ հակառակվելու դեպքում՝ պետք է պարզապես հարցնել Աղազարյան Հովիկին, ինքը լրիվ կասի, թե ձեր հետ ինչ կլինի: Ոստի անիմաստ է ձեզ ուղղված խոսք ասել:

    Եկել եք, որոշել եք կալանավորել՝ արեք:  Ձերը էտա՝ կալանավորելը, մարդուն ճնշելը ու վախեցնելը:  Մերը՝ պայքարելնա, թասիբնա ու պատիվնա:

    Օրեր շարունակ բոլոր տեղեկատվական միջոցներով՝ 24 ժամ, խոսում են, որ Հայաստանում ահաբեկչության մեղադրանքներ են առաջադրվել: Դուք նույնիսկ նման հարցերում եք հասարակությանը խաբում, Դուք նույնիսկ նվազագույն շնորհք չունեք անմեղության կանխավարկածը հարգելու կամ գոնե Ձեր իրավապահների խոսքը հարգելու: Մեղադրանքներն իբր ահաբեկչության նախապատրաստությանն են վերաբերում:

    Կրկին ոչ թե ահաբեկչություն, ոչ թե ահաբեկչության փորձ, այլ նախապատրաստություն:

    Պաշտոնապես եմ ասում, սիրելի Հայրենակիցներ, պարզ ճակատով եմ ասում՝ չկա նման բան, չի եղել նման բան, և չկա որևէ ապացույց նման որևէ երևույթի մասին: Մենք դուրս ենք եկել այս իշխանությունների դեմ պայքարի և նույնիսկ ձեր մոնտաժված, մի տեղ փոփոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ է պարզ, որ մենք Ձեզ հեռացնելու ենք օրենքով չարգելված միջոցներով, և վստահ եմ՝  դա լինելու է: Մեր ժողովուրդը դա տեսնելու է։

Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ես ոչ մեկից հայացք չեմ փախցնում, որովհետև ես Արցախ չեմ հանձնել, ես չեմ ճանաչել Արցախը ինչ-որ ադրբեջանի կազմում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ էլ մի բան եմ մուրացել, ես թասիբով ու տղամարդու խոսքի արժեքն իմացող Հայ տղամարդ եմ, ով արդեն հասցրելա ապօրինի կալանավորվի։ Ոչինչ թող էլի լինի, բայց դուք սաղ կյանք հիշելու եք՝ ինչքան փորձանք ու փորձություն, ինչքան ամոթ ու դժբախություն բերիք մեր Հայրենիք:


Ես պայքարել եմ ու պայքարելու եմ, ու լավ իմացեք՝ դուք եղածն օրվա իշխանություն եք, ու դուք հեռանալու եք, հեռացվելու եք  ու երբեք չեք մոռացվելու:

Աստված պահապան լինի մեր Հայրենիքին ու մեր օջախներին։ Չկասկածեք, այս փոքր ու մեծ փորձությունները ևս հաղթահարելու ենք, ժողովուրդ ջան:

Ու որպես վերջաբան.

Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ, որ իմ հայրենիքում Աստված չպարտվի սատանային, Սերը՝ ատելությանը, Տերը՝ ստրուկին, Վեհը՝ ստորին, Ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, Նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը։

Գնացինք Ձեր ցավը տանեմ: