կարևոր
2683 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-08 18:46
Քաղաքական

Ճակատին դաջված շշի հետքը կմաքրվի, բայց խարանը՝ երբեք

Ճակատին դաջված շշի հետքը կմաքրվի, բայց խարանը՝ երբեք

Այսօր հայ հասարակությունը ականատես եղավ խորը մտորելու տեղիք տվող ևս մի դեպքի: ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով առավել հայտնի դարձավ հանրությանը, երբ սեփական թիմակցի կողմից նետված շիշը կպավ ճակատին, այսօր կողմ քվեարկեց, որպեսզի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին զրկեն անձեռնմխելիությունից և կալանավորեն:

Թվում է՝ արտառոց բան չկա: Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Կարեն Համբարձումյանը ևս Սիսիանից է, Արթուր Սարգսյանի համաքաղաքացին: Եվ «ռայոնական» չգրված օրենքներով՝ սիսիանցիները կարող են հարց տալ՝ ի՞նչ է նշանակում միանալ ինչ-որ մի թրքահաճո խմբակի և քվեարկել իր սեփական քաղաքի տղու դեմ:

Ի դեպ, Կարեն Համբարձումյանն առաջին անգամը չէ, որ դիմում է նման քայլի. 2020 թվականին էլ Կարեն Համբարձումյանը, իբրև «Իմ քայլի» պատգամավոր, կողմ է քվեարկել դատախազի  երկու միջնորդություններին, որով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զրկվում էր ազատությունից,և վերջինիս առաջադրվում էր  մեղադրանք: Եվ դա այն դեպքում, երբ դրանից որոշ ժամանակ առաջ հանդիսանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և 2018 թ. Սյունիքի մարզպետ էր հենց այդ կուսակցության քվոտայով:

Ինչպես ասում են՝ դժվարն առաջին փորձն է, հետո կդառնա սովորական բան:

Հ.գ. Երբ 2018 թ. հոկտեմբերին Կարեն Համբարձումյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, դրանից օրեր անց էլ դուրս եկավ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իր «ավարտաճառում» պաթետիկ խոսքեր էր գրել. «Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»:

Փաշինյանական աղետաբեր ու մահաբեր տարիների հեռվից, երբ այսօր Սյունիքի ու իր հայրենի Սիսիանի լինել-չլինելու հարցն է դամոկլյան սրի պես կախված, հետաքրքիր է՝ Կարեն Համբարձումյանը Սյունեցիներին հարցրե՞լ է՝ գո՞հ են իր ծառայություններից: Եվ ընդհանրապես, Կարեն Համբարձումյանը հայելու դիմաց երբևիցե ինքն իրեն հարցեր տվե՞լ է:

 

Վահե Սարգսյան