Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Մի քանի ամիս առաջ՝ մարտի 26-ին, ադրբեջանի հատուկ ծառայությունները Ռուսաստանից առևանգել են ազգությամբ թալիշ հայտնի իրավապաշտապան, «Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ Զահիրադդին Իբրահիմիին։ Նա անհետացել էր ՌԴ Սվերդլովսկի մարզից, ապա «հայտնվել» ադրբեջանական բանտում։ Իբրահիմին ՌԴ քաղաքացի է, Ալիևի քաղաքականության և ընդհանրնրապես Ադրբեջանի մեծ քննադատ։ Ժամանակին՝ 2015թ.-ին, Ադրբեջանի իշխանություններն իրենք էին արտաքսել թալիշ գործչին երկրից՝ հայտարարելով նրան persona non grata։ Իսկ այս տարվա մարտին, ինչպես արդեն նշեցին, առևանգել են նրան Ռուսսաստանի տարածքից, ինչը, իհարկե, շառաչուն ապտակ էր ՌԴ հատուկ ծառայությունների հեղինակությանը։
Վերջիններիս մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Զահիրադդին Իբրահիմիի առևանգումը կազմակերպել են հենց այն նույն Զիեդդին և Հուսեյն Սաֆարով եղբայրները, որոնք մի քանի օր առաջ մահացել են Ռուսաստանի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։ Իսկ սա նշանակում է, որ ադրբջանական կողմը թերևս ճիշտ է, երբ պնդում է, որ եղբայրներն ամենևին էլ սրտի կաթվածից չեն մահացել, ինչպես նշում են ՌԴ իրավապահները։
Ամենայն հավանականությամբ, ռուսական հատուկ ծառայությունները պարզապես վրեժ են լուծել իրենց փաստացի ստորացրած Սաֆարով եղբայրներից ու Ադրբեջանի հատուկ ծառայություններից։
Այսինքն, կոնկրետ այս դրվագում գործ ունենք կարևոր իրողության հետ. այն, ինչը հանրային ու քաղաքական մեծ արձագանք է գտել, խորքում հատուկ ծառայությունների կռիվ է։
Կռիվ, որը կարող է և չլիներ, եթե ժամանակին՝ 2019թ. մարտին, ռուսական կողմն Ադրբեջանին չհանձներ մեկ այլ թալիշ գործչի, թալիշների ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից մեկին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդային։ Վերջինս 2020թ. նոյեմբերի 9-ին սպանվել է ադրբեջանական բանտում։ Ծանոթ ամսաթիվ է, չէ՞։ Ի դեպ, Աբոսզոդայի հանձնումն Ադրբեջանին ինձ համար այն առաջին լուրջ ազդակն էր, որը վկայում էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների մի նոր՝ մեզ համար չափազանց վտանգավոր աստիճանի հասնելու մասին։
Իսկ այսօր ահա Կրեմլում հանկարծ պարզել են, որ Ադրբեջանի իշխանություններն այնքան են ժրել, որ Ռուսաստանից մարդ տանելու համար այլևս թույլտվություն չեն հարցնում։ Պարզապես գողանում են։
Հետո Կրեմլում փորձել են հասկանալ, թե էլ ի՞նչ կարող է անել Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում և շատ արագ արձանագրել, որ… ամեն ինչ։ Ինչ ուզեն։ Որովհետև նաև «պարզվել է», որ Ադրբեջանը Ռուսաստանում բազմաթիվ լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների և նույնիսկ հատուկ ծառայությունների ղեկավարների է գնել։
Դա «դժվար էր տեսնել», երբ գնված գործի(ք)չներով Ալիևը թալիշների կամ, նույնիսկ, Արցախի հարց էր լուծում, բայց անհնար դարձավ չնկատել, երբ այդ ռեսուրսն ուղղվեց Ռուսաստանը Հարավային Կովկասից վերջնականորեն դուրս բերելու գործին։ Կրեմլում հասկացել են, որ այդպես չի կարող շարունակվել և նախ՝ շատ կոնկրետ հարցեր ուղղել իրենց հատուկ ծառայություններին, ապա՝ սկսել ապամոնտաժել Ռուսաստանում գործող ադրբեջանական ազդեցության ցանցը։
Շարունակելի…»։