Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ն այսօր առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը: Մարտի 20-ը Երջանկության օր հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012թ. հուլիսի 12-ին։ Օրվա կապակցությամբ ողջույնի խոսք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ասելով. «Մարդկային ձգտումների հիմքը երջանկության ձգտումն է: Մարդիկ ամբողջ աշխարհում ձգտում են ապրել երջանիկ եւ գոհացուցիչ կյանքով, որը հեռու կլինի վախից ու կարիքից, նաեւ` ներդաշնակ բնության հետ: Այնուամենայնիվ, հիմնական նյութական բարեկեցությունը միայն անիրական պատրանք է մեծ թվով մարդկանց համար, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Իսկ շատերի համար էլ կրկնվող սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, բռնություններն ու հանցագործությունները, շրջակա միջավայրի քայքայումը եւ կլիմայի փոփոխության ընդլայնվող սպառնալիքները մշտապես գոյություն ունեցող վտանգներ են...»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երջանկության հարցում կարեւոր է համարում երկրի ու բնակչության սոցիալական բավարարվածության մակարդակը, բարեկեցությունը:
Երջանի՞կ են, արդյոք, իրենց համարում հայերը, թե՞ ոչ: Այս հարցը մեզ՝ հայերիս, շատ է հուզում: Ամեն տարի մի քանի զեկույցներ են հրապարակվում աշխարհում երջանկության ցուցանիշի վերաբերյալ: Հայաստանում իրեն երջանիկ է համարում բնակչության 70 տոկոսը, դժբախտ` միայն 10 տոկոսը: 18 տոկոսը «ո'չ երջանիկ է, ո'չ դժբախտ», իսկ 2 տոկոսը չի կարողացել կողմնորոշված պատասխանել: Հարցումը իրականացվել է նախորդ տարի՝ Gallup միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից, ՀՀ 500 քաղաքացիների շրջանում՝ հեռախոսով: Հարցման մասնակիցներին տրվել էր երկու հարց՝ «Անձնական կյանքում Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք», «Ի՞նչ եք մտածում եկող տարվա Ձեր պլանների մասին»:
Հայ սոցիոլոգները հիմնականում ըմբոստացան, քանի որ հարցումը հեռախոսով էր արվել, որը հնարավորություն չէր տվել տեսնելու՝ հարցման ենթարկվողի պայմանները բավարա՞ր են երջանիկ զգալու համար, թե՞ ոչ: Հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում մարդիկ իրենց երջանկությունը չեն կապում իրենց տնտեսական վիճակի հետ: Ավելին` Gallup-ի հարցման արդյունքների համաձայն՝ տնտեսապես ապահովված երկրների ժողովուրդներն իրենց պակաս երջանիկ են համարում: Սակայն գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ է համարում, երբ սոցիալապես ապահովված է:
Gallup միջազգային սոցիոլոգիական ասոցիացիան նաև նշում է, որ Հայաստանում ավելի երջանիկ են մինչև 35 տարեկանները եւ 65-ից բարձր տարիք ունեցողները:
Իսկ բրիտանական հետազոտական New Economic Foundation կենտրոնի տվյալներով` աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 53-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հարցումը հրապարակվել է 2012թ. հունիսին: Զեկույցը կազմելու ընթացքում փորձագետները յուրաքանչյուր պետության գնահատել են երեք հիմնական չափանիշներով` քաղաքացիների բավարարվածությունը կենսամակարդակից, կյանքի տեւողությունը եւ բնապահպանական բարօրությունը: Ցուցակում ընդգրկվել է 151 երկիր:
Մեր հարեւան երկրներից միայն Թուրքիան է մեզանից առաջ (44-րդ տեղ), Ադրբեջանը 80-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 55: Այնպես որ` անկախ նրանցից, թե մեզանից յուրաքանչյուրն իրեն մարդկանց որ խմբին է դասում, իրականությունը, ըստ հայտնի Gallup-ի, այն է, որ մենք հիմնականում երջանիկ ենք: Միայն թե հարցն այն է, որ մեզանում այս հզոր կազմակերպության գնահատականներին ժողովուրդը երբեք լուրջ չի վերաբերվել: Գուցե այդ հեռախոսազանգերի արդյունքում «պատահաբար» ընտրվել են իշխող էլիտայի ներկայացուցիչների հեռախոսահամարնե՞րը:
Ինչեւէ, սիրելի' ընթերցող, եղիր երջանիկ եւ հիշիր՝ երջանկությունը կատարյալ չի լինում, պարզապես կյանքում լինում են երջանիկ պահեր:
ԵՐԿԻՐ