կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 12:47
Քաղաքական

Չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում դա անել քո սեփական երկրում․ Ռոբերտ Քոչարյան

Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Արցախն այսօր անորոշությունների առջև է կանգնած, ըստ էության։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ հարցերին։

«Երևի նկատել եք, որ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես խուսափում են խոսել Արցախի մասին, չեն խոսում կարգավորման տարբերակներից ընդհանրապես, և տպավորությունն այնպիսին է, որ ուղղակի ձեռքերը լվանում են Արցախից։ Բոլոր հարցերը, կապված Արցախի հետ, շատ հանգիստ հասցեագրում են ռուսական կողմին։ Մի քիչ ժամանակ էլ անցնի նաև մեր հանրությունն այլևս բոլոր հարցերը Արցախի հետ կապելու է ռուսական կողմի հետ, և բոլոր անբարենպաստ որոշումներն Արցախի հետ ևս կապվելու են ռուսական կողմի հետ․ կարծում եմ, որ սա արվում է գիտակցաբար։ 

Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը վերջնականապես ինքը լուծել է, և, ցավոք, մենք այդ բանակցային սեղանին չունենք որևէ լուրջ արգումենտ, որևէ լուրջ բան՝ արդյունավետ բանակցություններ վարելու համար, փաստը սա է։

Ես ամեն օր ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է լինելու 3,5 տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը։ Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանությունն այս հարցն ինքն իրեն տալի՞ս է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ ամեն օր այդ հարցը պետք  ինքն իրեն տա։

Աշխարհաքաղաքական իրավիճակի մասին մի քանի խոսք․ Հարավային Կովկասում ակնհայտ է, որ լուրջ պրոցեսներ են ընթանում և ոչ մեր օգտին։ Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է այս պատերազմում։ Սա առաջին դեպքն է հետխորհրդային այդ տարածքում, երբ այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական  գործողություններին․ Թուրքիայի մասին է խոսքը։ Առաջին դեպքն է, մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ Ռուսաստանին չնյարդայնացնելու համար, հասկանում էին, որ արձագանքը կլինի շատ կոշտ։

Հիմա ի՞նչ հետևանքներ է սա ունենալու, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը, որպես գործոն, կա՛մ դադարել է գոյություն ունենալ այստեղ, կա՛մ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Եվ ակնհայտ է, որ այս ամենը Ռուսաստանը հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ այս տարածաշրջանում։ Ադրբեջանի դերակատարությունն աճել է, Թուրքիայի դերակատարությունն աճել է, Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ, դա մեզ դուր է գալի՞ս, թե՞ ոչ, սա փաստ է։

Մենք հիմա խոսում ենք խաղաղության դարաշրջան բացելու մասին տարածաշրջանում, ուղղակի հարց է  առաջանում՝ իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու և նման նպատակներ հետապնդելու ժամանակ։ Ամենից զավեշտալին գիտե՞ք ինչն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես։ 

Այստեղ ևս մեկ հանգամանք՝ չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում և չես արել որևէ քայլ այդ նպատակին հասնելու համար, հատկապես՝ պատերազմից հետո,  և հատկապես՝ պատերազմի հոգեբանական հետևանքները շտկելու համար։ 

Հիմա կարելի՞ է ինչ-որ բան փոխել այս ամենի մեջ, իհարկե, կարելի է՝ այս մարդիկ պետք է գնան։ Ընդհանրապես ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած ուղղակի հոգնում է մարդը, չի ստացվելու։ Եվ հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։