Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը երբ լսում է իշխանական թևին, որը քարոզում է սահմանադրության հանրաքվեի ժամանակ ասել «այո», մոտը «ոչ» ասելու ցանկություն է առաջանում, իսկ երբ լսում է ընդդիմությանը, որն էլ քարոզում է ասել «ոչ», «այո» ասելու ցանկություն է առաջանում:
Այսօր նա լրագրողներին կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ըստ էության, չի քննարկվում, այլ կարծես կռիվ է գնում՝ դու ո՞ւմ կողմից ես` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության:
«Կարծում եմ` այսպես չպետք է լիներ: Իշխանության մեջ պետք է գտնվեին մարդիկ, ովքեր դեմ լինեին, իսկ ընդդիմության մեջ՝ մարդիկ, ովքեր կողմ կլինեին: Ես մշտապես կողմ եմ փոփոխություններին, հնարավոր չէ ակնկալել զարգացում` առանց բարեփոխումների, սակայն կարծում եմ, որ Սահմանադրությունը պետք է ոչ թե այսպես՝ մի ամբողջ փաթեթով, այլ գլուխ առ գլուխ դրվեր քննարկման, որպեսզի մարդիկ մանրամասն հասկանային` ինչին են դեմ կամ կողմ»,- ասաց Բաբայանը:
Նրա կարծիքով` Սահմանադրությունը նրա համար է, որ ՀՀ քաղաքացին ակտիվ ձևով մասնակից լինի պետականաշինությանը, իրեն իր երկրի տերը զգա, երկիրը մարդակենտրոն քաղաքականություն վարի, և այդ ժամանակ, Բաբայանի հավաստմամբ, ամենևին էլ կարևոր չի լինի` խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական կառավարման համակարգ ունենք.«Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրում ապրելու և իր երկրի ճակատագրի համար կարևոր որոշումներ կայացնել պետք է կարողանա: Ես դեռ չգիտեմ` «այո», թե՝ «ոչ» եմ ասելու Սահմանադրական բարեփոխումներին»:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, և բարեփոխումներն ուղղակի անհրաժեշտություն են, հատկապես՝ նորաստեղծ անկախություն ունեցող պետությունների համար:
«Ես պատվական մարդկանց` իրավաբանների կարծիքներ եմ լսել, որոնք բացատրում էին, թե ինչու է անհրաժեշտ այդ բարեփոխումը մեզ, և ես պետք է ասեմ, որ հանրաքվեի ժամանակ «աԱյո» եմ ասելու: Այն շատ բան կփոխի մեր կյանքում, կկարողանա իր մեջ կենտրոնական ուժ գտնել, ներքին ու արտաքին կայությունը պահպանել: Դատելով Սահմանադրության տեքստից` կարող եմ ասել, որ բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները»,- ասաց նա:
Տեր-Գուլանյանի կարծիքով` լավ ու վատ Սահմանադրություններ չկան, եթե այն աշխատում է, ուրեմն լավն է: Ըստ նրա` եկել է ժամանակը, որպեսզի Սահմանադրությունը տեր կանգնի իր ժողովրդին, և բարեփոխումները հետաձգելու խնդիր չի տեսնում: «Ես տագնապներ ունեի՝ բարեփոխումների հետ կապված, որոնք, սակայն, հաղթահարեցի, տեքստը կարդալուց հետո»,- ասաց գրողը:
Ի դեպ, երկու բանախոսներն էլ դեմ էին, որ բարեփոխումների փաթեթում Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ է տրվում: Նրանք դեմ են` մեր եկեղեցու շահերից իսկ ելնելով, քանի որ եթե ինչ-որ կառույցի կամ ինչ-որ մեկին հատուկ կարգավիճակ ես տալիս, նրան առանձնացնում ես մյուսներից, իսկ դա լավ տեղ չի տանում: