Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Դանիելյանից հետաքրքրվեց` նրա ամբողջ պրակտիկայի ընթացքում վերևից ճնշումներ եղե՞լ են, որ այս կամ այն որոշումը կայացնի: «Մեր դատական պրակտիկայում նման դեպքերը շատ-շատ են, ոչ ոք դա չի կարող հերքել»,- ասաց պատգամավորը:
Մելքումյանի հաջորդ հարցը վերաբերում էր վերջին դատավարություններին: «Տեսնում ենք, որ խափանման միջոցները փոխվում են, մարդիկ դուրս են գալիս: Նախ` ի՞նչ գնահատական եք տալիս այս երևույթին, հնարավո՞ր էր` եթե իշխանությունը չփոխվեր, այս երևույթները տեղի ունենային»,- հարցրեց նա:
Դանիելյանը պատասխանեց, որ երբևէ դատական պրակտիկայի ընթացքում անձամբ չի առնչվել նման իրավիճակի հետ, երբ վերևից կամ որևէ այլ մարմինի կողմից փորձ կատարվի ազդել կամ ուղղորդել դատական պրակտիկան: «Այդպես է եղել առաջին ատյանում` իմ դատավոր աշխատած ժամանակ, առավել ևս դա գրեթե անհնարին է իրականացնել կոլեգիալ մարմնում որոշում կայացնելու փուլում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դատավարությունների ընթացքում խափանման միջոցներ փոխելուն, ըստ Դանիելյանի, նորմալ պրոցես է, դրանք նախատեսված են դատավարության օրենսդրությամբ: «Օրենսդրությունից դուրս բան չի արվում: Ասել, որ ինչ-որ հատուկ իրադարձություն է տեղի ունեցել, դրա համար են փոփոխվում այդ խափանման միջոցները, տեղին չէ»,- ասաց նա, և նշեց, որ շատ ուրախալի է, որ խափանման միջոցները փոխվել են, և որ մարդիկ հայտնվում են ազատության մեջ:
Մելքումյանը նշեց, որ իր առաջին հարցից էր բխում երկրորդը: «Կխնդրեի` անկեղծ լինեք»,- ասաց պատգամավորը, ինչին ի պատասխան ՍԴ դատավորի թեկնածուն ասաց. «Ես չեմ կարծում, որ անկեղծությունն այն պատասխանը հնչեցելն է, որը մոդայիկ կլիներ»:
Դանիելյանը պնդեց, որ իր պրակտիկայի ընթացքում չի եղել դեպք, երբ իր վրա ճնշում գործադրեն: Միևնույն ժամանակ նա նշեց, որ խափանման միջոցների համար փոխվել է այն, որ դատարաններին հնարավորություն է տրվել բնականոն գործունեություն ծավալել: «Ինչպե՞ս կարող էին նախկինում խափանման միջոցները փոխվել, երբ փաստաբանները չէին մտնում նիստերի դահլիճ: Հիմա կրքերը հանդարտվել են, և դատարանները սկսել են աշխատել»,- ասաց Դանիելյանը:
Աժ նախագահ Արա Բաբլոյանն էլ այս պատասխանից հետո ասաց. «Կարծում եմ` բոլորը բավարարված են»: