կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-29 15:05
Քաղաքական

Հեշտ է հայտարարել՝ 50% սուբսիդավորեք, բայց դա մնալու է կառավարության ուսերին. նախարարը` Մելքումյանին

Հեշտ է հայտարարել՝ 50% սուբսիդավորեք, բայց դա մնալու է կառավարության ուսերին. նախարարը` Մելքումյանին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած` «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող` ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց, որ օրենքի նպատակն է սահմանել գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները:

Նախագծով առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցությունը բնական աղետների կամ համաճարակների հետևանքով բերքի կորստի կամ գյուղատնտեսական կենդանիների անկման դեպքում սահմանել կորստի առնվազն 50 տոկոսի չափով:

Ըստ նախագծի` գյուղատնտեսությանը պետական աջակցություն իրականացվում է տարեկան ծրագրով: Տարեկան ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը եւ հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքի սկզբունքներին, աջակցման նպատակներին եւ պետական աջակցության հիմնական ուղղություններին համապատասխան:

Մելքումյանն առաջարկեց երկու մասով հետաձգել օրենքի նախագծի քննարկումները` մինչև խոսեն, համաձայնեցնեն կառավարության հետ:

Քննարկմանը ներկա` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ նշեց, որ գյուղատնտեսության մասին օրենքը պարտադիր պետք է լինի: Նա տեղեկացրեց, որ նախարարությունում ստեղծել են խումբ, որն աշխատում է օրենքի նախագծի վրա: Ինչ վերաբերում է կրած վնասի 50% սուբսիդավորելուն, Առաքելյանի խոսքով, ինքը` որպես գյուղատնտեսության նախարար, կցանկանար 100% սուբսիդավորում, բայց պետք է նշվի նաև, թե ի՞նչ միջոցներով:

«Կառավարությունը վերցնելու է պարտավորություն: Այդ վնասների 50%-ը սուբսիդավորելու միջոցները որտեղից ենք բերելու: Հայտարարելը հեշտ է, բայց դա հետո մնում է կառավարության ուսերին: Ինչպե՞ս դա պետք է արվի»,- հարցրեց Առաքելյանը:

Նախարարը հավելեց, որ ընդունում են Մելքումյանի առաջարկը` նախագծի քննարկումը երկու մասով հետաձգել:

Մելքումյանն էլ ասաց, որ այս օրենսդրական նախաձեռնությունները հիմք են, որ գործը տեղից շարժվի, գյուղացիները սուբսիդավորում ստանան:

«Մեկ բան պետք է ընդունենք` կա կարգավորելու, բարելավելու անհրաժեշտություն: Գյուղատնտեսության պետական աջակցությունը պետք է օրենքով կարգավորվի: Իսկ 50 տոկոսը մտածված գրվել է: Որտեղի՞ց գումար: Սեղմված գազ եք թանկացրել, գնաճ կա, այդ գումարները գնում են բյուջե, դրանց մի մասով գյուղատնտեսությանը աջակցեք, որպեսզի ունենանք կայուն տեսանելի աջակցության սխեմաներ»,- եզրափակեց նա: