կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 19:40
Հասարակություն

Մահը մոդայիկ է. էվթանազիայի համար այցելեք Հոլանդիա

Մահը մոդայիկ է. էվթանազիայի համար այցելեք Հոլանդիա

Նիդերլանդներն աշխարհի միակ երկիրն է, որտեղ օրենսդրորեն թույլատրվում է բժշկական օգնությամբ ինքնասպանությունը՝ էվթանազիան: Սակայն այս ամենն իրականացվում է կրիմինալի և վիճակագրության մանիպուլյացիաների սահմանագծին: Էվթանազիան հոլանդական հանրությանն ու բժիշկներին կանգնեցրել է մի շարք ոչ հաճելի հարցերի առջև, առաջին հերթին՝ էթիկական բնույթի. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Վզգլյադ» թերթը:

Բժշկի օգնությամբ կյանքից կամավոր հեռանալը Նիդերլանդներում գործնականում կիրառվում էր նաև մինչև 2002-ին օրենքի ընդունումը: Դատարանները պարբերաբար արդարացնում էին բժիշկներին, որոնք իրենց հիվանդներին մահաբեր ներարկումներ էին արել: 1990-ականներին էվթանազիան թույլատրել էին նաև հոգեկան խնդիրներ ունեցողներին:

Ինքնասպանությունների նկատմամբ նման ազատական մոտեցում մինչ օրս չկա աշխարհի ոչ մի երկրում: Էվթանազիայի իրավունք ունի երկրի ցանկացած քաղաքացի, որի 12 տարին արդեն լրացել է: Եթե պացիենտը 16-18 տարեկան է, նրա ծնողներին տեղյակ կպահվի այդ որոշման մասին, սակայն նրանց կարծիքը չի կարող ազդեցություն ունենալ: Իսկ մինչև 16 տարեկանների ծնողների թույլտվությունը պարտադիր է:

Ի տարբերություն էվթանազիա գործնականում կիրառող երկրների, Նիդերլանդներում այն թույլատրվում է ոչ միայն մահացու հիվանդներին, որոնք իսկապես անտանելի ցավեր ունեն: Բժշկի օգնությամբ կյանքից կամավոր հեռանալու առիթ կարող են լինել «ֆիզիկական և հոգեբանական տառապանքները», ընդ որում՝ դրանց աստիճանը որոշում են բժիշկն ու պացիենտը: Բացի այդ՝ էվթանազիայի կարող են ենթարկվել հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները, նույնիսկ եթե նրանց ախտորոշումը ենթադրում է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում:

Էվթանազիան գործնականում անվճար է. դրա գումարը ներառված է ստանդարտ բժշկական ապահովագրության մեջ, որն ունի յուրաքանչյուր հոլանդացի: Օրենքը բժիշկներին ազատում է պատասխանատվությունից. 2002-ից էվթանազիայի համար ոչ մի բժիշկ չի դատապարտվել: Հազարավոր բժիշկներ օգնում են մարդկանց հեռանալ կյանքից՝ չմտածելով անգամ, որ դա հակասում է Հիպոկրատի երդմանը:

Վերջին տարիներին էվթանազիան մոդայիկ է դարձել. Նիդերլանդները էվթանազիայի նպատակով «զբոսաշրջության» կենտրոն է: Իսկ հոլանդացիները զանգվածաբար կտակ են գրում՝ պահանջելով, որ Ալցհեյմերի հիվանդության և ծերունական տկարամտության դեպքում հարազատներն ապահովեն իրենց էվթանազիան:

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն կյանքից կամավոր հեռանալը դարձել է սպառման պատվաբեր յուրօրինակ առարկա. դրա հիմնական երկրպագուները հասարակության հարուստ խավից են:

Չնայած հռետորաբանությանը, թե կյանքից արժանապատվորեն հեռանալը մարդու իրավունքն է, իրականում զանգվածային էվթանազիան սարսափեցուցիչ է: Նիդերլանդներում ավանդական եղանակով կյանքից հեռանում է տարեկան 2 հազար մարդ, դա է միայն գրանցվում վիճակագրական զեկույցներում: Մոտ 32 հազար կյանք էլ ընդհատվում է ոչ բնական ճանապարհով. անգիտակից վիճակում գտնվող հիվանդի հարազատները կամ բժիշկներն են որոշում, որ հարկավոր է անջատել կյանքը պահպանող սարքերը: Որպես մահվան պատճառ  սովորաբար նշում են ջրազրկումը կամ հյուծումը: Բնականաբար, դրանք էլ որևէ վիճակագրության մեջ չեն հայտնվում և սպանություն չեն համարվում: Ընդհանուր առմամբ, Նիդերլանդներում տարեկան մոտ 40 հազար մահ ոչ բնական ճանապարհով է տեղի ունենում՝ կա՛մ էվթանազիա, կա՛մ անջատում: Դա երկրում գրանցվող մահերի քառորդից ավելին է:

Վերջին շրջանում ամեն ինչին արդեն սովոր հոլանդացի բժիշկներն են անգամ բարձրաձայնում, որ էվթանազիայի մասին օրենքը շատ ազատորեն է մեկնաբանվում:

Ի դեպ, Նիդերլանդներում գործում է «Կամավոր էվթանազիայի հոլանդական ընկերակցություն» կազմակերպությունը, որն ունի 170 հազար անդամ՝ ավելի շատ, քան երկրի որևէ քաղաքական կուսակցություն: Ընկերակցությունը պարբերաբար անցկացնում է  բազմահազարանոց հավաքներ, ցույցեր ու համաժողովներ: Անդամների մեծ մասն ազդեցիկ, մասնագիտական բնագավառում հաջողակ և կիրթ մարդիկ են, նրանք հանդես են գալիս առանց սահմանափակումների էվթանազիայի օգտին: Ամեն կերպ դրան աջակցում են նաև ապահովագրական ընկերությունները՝ մի էվթանազիան 3 հազար եվրո, մինչդեռ անօգնական հիվանդի խնամքի ծախսը կարող է տասնյակ և հարյուրավոր հազարներ լինել:

Մի փաստ ևս. երկու տարի առաջ Նիդերլանդների արդարադատության և առողջապահության նախարարությունները հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ՝  70 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու ապահովել «մահվան հաբով», որը նա կարող է ստանալ ու ընդունել առանց բժշկի հետ խորհրդակցելու: Օրինագիծը դեռ սառեցված է, սակայն, հաշվի առնելով Նիդերլանդների «առաջատարի» համբավը, իրական երկյուղներ կան, որ երկիրը կբացի նաև Օվերտոնի այդ պատուհանը: