կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-28 17:58
Քաղաքական

Սուբյեկտիվ մեկ հարցի վրա կառուցված կոնսենսուսը կարող է ամբողջ համակարգը քանդել. Լևոն Մկրտչյանը` Միքայել Մելքումյանին

Սուբյեկտիվ մեկ հարցի վրա կառուցված կոնսենսուսը կարող է ամբողջ համակարգը քանդել. Լևոն Մկրտչյանը` Միքայել Մելքումյանին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ԿԳ նախարարին դիմելով, նշեց, որ ԱԺ-ում կազմակերպված` «Բարձրագույն կրթության մասին» օրենքի լսումների ժամանակ 24 ելույթ ունեցողներից 23-ը մտահոգություններ հայտնեցին այդ օրինագծի վերաբերյալ: Ըստ պատգամավորի` օրենքի նախագծում պահպանված չէ սկզբունքայնությունը, օրինակ` տարբեր սերունդներ հակադրում են իրար:

Ապա Մելքումյանը հարցրեց, թե ինչո՞ւ պետք է ռեկտորների տարիքը սահմանված լինի մինչև 70 տարեկանը, իսկ մնացածինը` 65-ը: «Ի՞նչ է, ռեկտորն առանձնահատուկ բա՞ն է անում: Բերում եք օրենքներ, որ ուժի մեջ կմտնեն 7 տարի հետո: Այս օրենքը պետք է ունենա կոնսենսուս, առանց կոնսենսուսի այս օրենքը մեզ պետք չէ»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ սա այն հարթակ չէ, որ մտնեն բովանդակային հարցի մեջ, և որ չի կարող բոլոր հարցերին պատասխանել երեք րոպեում: Նա ասաց, որ ՄԻՊ-ի հետ ուսումնասիրել են բոլոր օրենքները, և թվեց մի շարք երկրների օրինակներ, որոնց բարձրագույն կրթության մասին օրենքով թոշակի անցնելու տարիքից հետո ռեկտորները չեն կարող աշխատել:

«Ամբողջ բարձրագույն կրթության օրենքը բերել, կանգնեցնել այս խնդրի առաջ, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի սկզբույնքայության և ոչ սկզբունքայնության հետ»,- ասաց Մկրտչյանը և կոչ արեց`օրենքը նայել ավելի լայն դիապազոնով:

Նախարարի խոսքով` օրենքն անցել է բարձրաշերտ քննարկումներ: «Լսում է ԱԺ-ն կազմակերպել, բայց մենք պատրաստ ենք նորից քննարկել բոլոր խմբակցությունների հետ: Օրենքը կբերի շատ վստահ և լուրջ փոփոխություններ մեր երկրի կյանքում, օրենքը մտահոգ է նաև երիտասարդության համար, որովհետև մենք գիտության մեջ 30-55 տարեկան երիտասարդների տոկոսային հավասարակշռությունը 6 տոկոս է, իսկ Եվրոպայում 60% է»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ իսկապես բաց են քննարկման համար, և լավ կլինի, որ կոնսենսուս լինի: «Կոնսենսուսի համար կոնկրետ սուբյեկտիվ մեկ հարցի վրա կառուցված քաղաքականությամբ զիջումը կարող է ամբողջ համակարգը քանդել: Ինձ համար ընդունելի չէ դնել սկզբունքայնության և չսկզբունքայնության հարց»,- ասաց նա: