Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տվյալների պաշտպանության և գաղտնիության ոլորտում ԵՄ–ն նոր կանոնակարգ է մշակել, որը կգործարկվի 2018թ. մայիսի 25-ից: Նոր փաստաթղթում հստակեցվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթներ, մասնավորապես` օրենքով ամրագրվել է մոռացված լինելու իրավունքը (մասնավոր անձանց կողմից որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու և իրենց վերաբերյալ անձնական տվյալները այդ համակարգերից հեռացնելու իրավունք), ավելի հստակ պահանջներ են դրվել տեղեկություններ տրամադրողից համաձայնություն ստանալու վերաբերյալ և այլն:
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը նշեց, որ այդ փոփոխությունը վերաբերում է նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին: Ըստ նրա` Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը (GDPR) կարող է տարածվել նաև Հայաստանում գործունեություն ծավալող` տվյալներ մշակող կազմակերպության վրա, որը ծառայություն կամ ապրանք է առաջակվում Եվրոպական Միության տարածքում կամ նրա ռեզիդենտներին:
Հայրապետյանի խոսքով` սակայն GDPR-ը չի տարածվի հայաստանյան կազմակերպությունների վրա, երբ, օրինակ, ինչ-որ եվրոպացի գա Հայաստան և ցանկանա օգտվել տվյալներ մշակող կազմակերպության ծառայություններից:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, Շուշան Դոյդոյանի խոսքով` մտահոգիչ է այն փաստը, որ մասնավոր սեկտորը տեղյակ չէ նոր կարգավորումներից և այն հնարավոր ռիսկերից, որոնց առջև կարող է հայտնվել յուրաքանչյուր կազմակերպություն:
«Այս կարգավորումը վերաբերում է ցանկացած կազմակերպության, որը մտադիր է կամ ներկայացնում է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների անձնական տվյալների մշակում: Անձնական տվյալ կարող է հանդիսանալ, օրինակ, քաղաքացու email-ի հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարը, ցանկացած տվյալ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է նույնացնել տվյալ անձին»,- ասաց նա:
Դոյդոյանի խոսքով` նման խախտումների համար փաստի առաջ կկանգնեն ոչ միայն մասնավոր, այլև պետական կառույցները: «Պետական և ոչ պետական կառույցները զանգվածաբար հաղորդագրություններ են ուղարկում Հայաստանի բնակիչներին կամ հեռախոսահամարներին` առանց ունենալու այդ անձանց թույլտվությունը նման հաղորդագրություն ուղարկելու, ընդ որում` այդ հեռախոսահամարները կարող են օգտագործվել Եվրամիության անդամ քաղաքացիների կողմից: Եթե առանց քաղաքացու իմացության հաղորդագորւթյուն ես ուղարկում նրա հեռախոսահամարին, ով հանդիսանում է ԵՄ անդամ պետության քաղաքացի, արդեն դու խնդրի առաջ ես կանգնում, քանի որ դու չունես նրա համաձայնությունը»:
Դոյդոյանի խոսքով` այս խնդրի մասին երկու- երեք տարի է` խոսում են, սակայն քանի որ ոլորտի կարգավորման վերաբերյալ դժգոհություններ էին եղել կազմակերպությունների կողմից, այն չեն կիրառել: Ըստ նրա` այժմ խնդիրն ավելի լուրջ է: «Եթե հանկարծ Եվրամիության անդամ երկրի որևէ քաղաքացի դժգոհեց, որ իր email-ի հասցեին կամ հեռախոսահամարին, առանց իր նախնական համաձայնության, անընդհատ հաղորդագրություններ են ուղարկել, ապա տվյալ կազմակերպությունները կկանգնեն փաստի առջև: Կամ` օրինակ, երբ քաղաքացին ինչ-որ դեղատնից տեսագրություն պահանջի տվյալ օրը, տվյալ ժամին այնտեղ գտվելու փաստի վերաբերյալ և նրան մերժեն կամ օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրեն, խնդիր կառաջանա»,- ասաց Դոյդոյանը:
Նա շեշտեց, որ նման խնդիր կարող է ծագել թե' ՀՀ և թե' ԵՄ քաղաքացիների հետ: