Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ շատ քաղաքացիների ընդհանրապես չի հուզում, թե պետական մարմինը կամ մասնավոր ընկերությունն իրենց տվյալներն ինչ նպատակով է պահանջում, և հետագայում ինչպես են օգտագործվելու դրանք: Մարդկանց չի մտահոգում իրենց անձնական տվյալների ճակատագիրը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով գործակալության իրականացրած հարցման արդյունքները: Ըստ այդմ` պարզվել է, որ հարցվածների 60 տոկոսին ընդհանրապես չի հուզում իր անձնական տվյալների ճակատագիրը:
Դոյդոյանը հայտնեց, որ գործակալությունն իր հիմնադրումից ի վեր շուրջ մեկ տարի է, ինչ վերահսկում է տեսահսկման ոլորտը: «Այսօր գրեթե ցանկացած վայրում՝ խանութ լինի, թե` բնակելի շենք, մենք ենթարկվում ենք տեսահսկման, և այդ հսկման 90 տոկոսն իրականացվում է առանց անձնական տվյալների պաշտպանության կանոնների»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիրն իրավակարգավորումների բացի մեջ է:
Դոյդոյանը տեղեկացրեց, որ իրենց գործակալությունը տեսահսկման ուղեցույց է մշակել, որում հանգամանալից ներկայացված և նկարագրված են տեսահսկում իրականացնողների պարտականությունները: Մասնավորապես՝ ըստ այդ կանոնների` տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ չի կարող փոփոխել տեսահսկում իրականացնելու նպատակը` առանց սուբյեկտին իրազեկելու:
«Օրինակ` եթե գործատուն աշխատավայրում տեսահսկում է իրականացնում և այդ մասին իրազեկում է աշխատակիցներին՝ նշելով, որ այն իրականացվում է բացառապես շենքի անվտանգությունն ապահովելու համար, չի կարող այդ տեսագրությունը հիմք ընդունել և աշխատողների հանդեպ կարգապահական տույժ կիրառել այն բանի համար, որ աշխատակիցն, օրինակ, ուշացել է աշխատանքից: Այսինքն` անձնական տվյալներ մշակելու ընթացքում նպատակը չի կարող փոխվել` առանց իրազեկելու անձնական տվյալների սուբյեկտին»,- բացատրեց նա:
Դոյդոյանը հայտնեց, որ նոր օրենսդրական փոփոխություն է մշակվել, մասնավորապես` «Էլեկտրոնային հաղորդագրության մասին» օրենքում, որով կկարգավորվի խանութների կամ տարբեր կառույցների կողմից քաղաքիների հեռախոսահամարներին զեղչերի վերաբերյալ sms հաղորդագրություններ ուղարկելու ոլորտը: «Արդեն հստակ օրենքի պահանջ կդրվի, որով կնշվի, որ արգելվում է, առանց քաղաքացիների իմացության, հաղորդագրություններ ուղարկել, և եթե քաղաքացին ինչ-որ պահի փոշմանել է, կարող է հետ վերցնել իր համաձայնությունը: Թե չէ ստացվում է, որ սպառողը կրակն է ընկնում, երբ գնում է մի խանութ, այնտեղ առաջարկում են տվյալները թողնել իրենց մոտ՝ զեղչերի մասին ինֆորմացիա ուղարկելու նպատակով, այնուհետև պարզվում է այդ խանութը ինչ-որ մեծ խանութների ցանցի մի անդամ է, և սպառողն արդյունքում դառնում է այդ խանութների գովազդային արշավների «զոհը»: Ընդ որում` համաձայնությունից հրաժարվելը պետք է լինի մատչելի, բջջային հեռախոսով կամ ինտերնետով մի քանի գործողություն կատարելով, ասենք` կոդ հավաքելով և այլն»,- ասաց նա: