Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Ազգային ժողովից «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:
Փոփոխությունների մասին փաստաբաններին պատշաճ կարգով չեն տեղեկացրել, այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Խնդիրը վերաբերում է հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններին, որով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման բացասական դաշտում՝ ԱԱՀ-ի և շահութահարկի տիրույթում։ Սրանով պայմանավորված, մենք ունենում ենք բացասական հետևանքներ, ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ՝ փաստաբանության համար։
Դեռևս 2019 թվականին այսպիսի նախագիծ դրվել էր շրջանառության մեջ, հետագայում այն հանվել է։ Այս տարի ևս այն դրվել է շրջանառության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։ Նույնիսկ Փաստաբանների պալատին չէին տեղեկացրել, որ նախագծում կատարվում է փոփոխություն, և փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման»,-ասաց Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ փաստաբաններն այս մասին տեղեկացել են e-draft համակարգից։
Փաստաբանները անընդունելի և մտահոգիչ են համարում նախագծի քննարկումն ու ընդունումը ԱԺ-ում։
«Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,-նշեց Փաստաբանների պալատի նախագահը։
Բացի վերոնշյալը, ըստ Բաբայանի, այս օրենքի կիրառման հետևանքով խնդրահարույց կամ գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը։