Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած ընտրություն, որը վերապահված է ռուս ժողովրդին և տեղի է ունեցել ժողովրդավարական ընթացակարգերով, պետք է ընդունելի լինի և հարգվի բոլորի կողմից, այդ թվում` Ռուսաստանի ռազմավարական գործընկերների. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով երեկ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ է վերընտրվել Վլադիմիր Պուտինը` 76,7% ձայներով:
«Ինչ վերաբերում է Պուտինի պարագային, մենք տևական ժամանակ այդ քաղաքական պետական գործչի հետ ունենք ձևավորված կոնկրետ փոխհարաբերություններ և ամենատարբեր պայմաններում` նույնիսկ շատ բարդ իրավիճակներում, կարողացել ենք գալ կոմպրոմիսների, ընդ որում` այն առճակատման ֆոնին, որ նկատում ենք Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում: Իհարկե, ես ցավ եմ ապրում, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարողանում թևակոխել կառուցողական զարգացումների փուլ, որովհետև դրանից ոչ ոք չի շահում` ո'չ Ռուսաստանը, ո'չ Արևելքը: Կարծում եմ` այդուհանդերձ, քաղաքական ողջամտությունը կհաղթի, որովհետև եթե սեղանին դրվի հնարավոր բացասական զարգացումների հեռանկարը, քաղաքական ողջամտությունը երկու կողմից էլ կհաղթի»,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին` արդյո՞ք Պուտինի վերընտրվելը նոր հորիզոններ կբացի ՀՀ և ՌԴ հարաբերություններում, նա նշեց, որ դա ուրվագծված է թե' ՀԱՊԿ շրջանակներում, թե' երկկողմանի ռազմավարական գործունեության կոնցեպտով: «Նոր հորիզոններ, հավանաբար, մենք չենք արձանագրի կամ ուրվագծի, բայց որ կունենանք ռեստարտի հնարավորություն, դա ակնհայտ է, այսինքն` դա կարող է դառնալ փոխհարաբերությունների նոր, բայց ավելի բարձր փուլ»,- ասաց Հարությունյանը:
Դիտարկմանը` ԵՄ-ի հետ համապարփակ պայմանագիրը շուտով կմտնի ուժի մեջ, և փորձագետների շրջանում մտավախություն կա, թե որոշ կետեր չեն իրականացվի, քանի որ մենք հակված են ՌԴ-ի կողմը, նա պատասխանեց, որ եթե որևէ կետ հակադրվեր ԵԱՏՄ առջև մեր ստանձնած պարտավարություններին, ԵՄ-ն այդ փաստաթուղթը չէր վավերացնի:
«Դա չի խանգարի վստահեցնում եմ ձեզ, սա ակնհայտ է: Եվրոպական մեր գործընկերները հարգեցին մեր ընտրությունը, եթե լիներ մեկ կետ, ենթակետ, որ կարող էր հակասություններ առաջացնել Եվրամիությանի առջև մեր ստանձնած պարտավորությունների և Եվրասիականի միջև, ԵՄ-ի կողմից այդ փաստաթուղթը չէր ստորագրվի: Այդ փաստաթուղթը լուրջ հնարավորություններ է տալիս Հայաստանին` որպես ԵԱՏՄ անդամ պետություն, նոր հնարավորություններ առաջարկել իր ԵԱՏՄ գործընկերներին: Ժամանակը ցույց կտա, թե որքանով մեզ դա կհաջողվի իրացնել, ժամանակը ցույց կտա այդ թղթին գրվածը մենք կյանքում գործնական կդարձնե՞նք, թե՞ ոչ, բայց որ այդ գրվածն այդ հնարավորությունը առաջացնում է, դա փաստ է»,- ասաց պատգամավորը:
Նա նաև անդրադարձավ Հայաստանում` ՌԴ դեսապանատների մոտ, Պուտինին ընտրելու համար գոյացած հերթերին: «Եթե Հայաստանում ապրում է մի քաղաքացի, որը ՌԴ քաղաքացի է, թողնենք երկքաղաքացիությունը, մենք իրավունք ունե՞նք զարմանալու` ինչո՞ւ նա այդպիսի դիրքորոշում ունի, իհարկե` ոչ: Մենք խոսում ենք մեծ քաղաքականության, պատասխանատու քաղաքականության մասին»,- եզրափակեց Հարությունյանը: