Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ համամասնական ցուցակում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը 19-րդ տեղում է: Yerkir.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ իր հայտնվելը ՀՀԿ համամասնական ցուցակում տրամաբանական էր, քանի որ վերջին տարիներին իր համագործակցությունը ՀՀԿ-ի հետ արդյունավետ է եղել:
«Ցուցակում հայտնվելը ինձ համար անակնկալ չէր, անցողիկ տեղում հայտնվելը` ևս: Հանրապետականը գնահատել է իմ գործունեությունը, այլապես ես ընդհանրապես ցուցակում չէի լինի: Շարունակելու եմ իմ գործունեությունը նույն տեմպով, նույն հետևողականությամբ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա պաշտպանել է ու պաշտպանելու է Հանրապետական կուսակցությանը, և այդտեղ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոն չի տեսնում: Ըստ Խոսրով Հարությունյանի` ինքը համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ, որովհետև իր ղեկավարած կուսակցության և ՀՀԿ-ի միջև ընդհանուր կոնցեպտները, գաղափարական մոտեցումները շատ են` սոցիալական պետություն, սոցիալական շուկա և այլն:
Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվեց սոցիալական պետություն կառուցել, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ կառուցման ճանապարհին են: «Շատերին թվում է, թե սոցիալական պետությունը դա սոցիալիստական պետությունն է: Բայց դա խոր մոլորություն է»,- ասաց նա:
Իսկ թե ինչպես կգնահատի ՀՀԿ ցուցակը, Խոսրով Հարությունյանը կարծում է, որ փորձ է արվում երիտասարդների վրա դնել գլխավոր շեշտը` քաղաքական դերակատարման տեսանկյունից: Նաև փորձ է արվում երիտասադրների դերակատարումը մեկտեղել քաղաքական փորձառություն ունեցողների դերակատարման հետ:
«Հանրապետական կուսակցությունը շատ հանգիստ ձեռնամուխ է եղել քաղաքական սերնդափոխությանը: Եթե նախկինում այդ նույն երիտասարդները գտնվում էին ցուցակի ստորին տեղերում, ապա այժմ նրանք առջևում են` ստանձնելով ամբողջ քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք արդարացի է քաղաքական դերակատարում ու փորձառություն ունեցող քաղաքական գործիչներին թողնել ցուցակի ստորին տեղերում, Խոսրով Հարությունյանը նշեց, որ նրանք թեև ստորին հատվածներում են, բայց անցողիկ տեղերում են:
«Հերմինե Նաղդալյանն, անկասկած, անցնելու է խորհրդարան: Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը նույնպես անցնելու են խորհրդարան: Բայց առաջիկայում քաղաքական լուրջ դերակատարումը ստանձնելու են համեմատաբար երիտասարդները»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է 4-րդ համարը զբաղեցնում ոչ երիտասարդ Արա Բաբլոյանը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ Արա Բաբլոյանն էությամբ միշտ երիտասարդ կմնա, և որ նա առողջապահական գիտության զինվոր է, ահա, թե ինչու զբաղեցրել է 4-րդ տեղը: