կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 21:07
Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ա՛յ, հիմա պիտի Ալիեւին ասի` հանգի՛ստ նստեք տեղներդ, այլապես մենք ոչ մի բանի համար պատասխանատու չենք․ Խոսրով Հարությունյան

Տավուշյան վերջին սահմանային դեպքերն ապացուցեցին, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նախապատվությունը տալիս է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն: ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Yerkir.am-ի հետ զրույցում  չբացառեց, որ այս ամենը կարող է աղերսներ ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հետ:

- Թշնամու կողմից ագրեսիային ականատես եղանք, այս անգամ ինչո՞ւ հենց Տավուշի կողմից թիրախավորեց թշնամին։

- Պետք է, նախ եւ առաջ, վերլուծել վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական, քաղաքական ղեկավարության կողմից որդեգրած արտաքին քաղաքական նկրտումները, որոնք արտահայտվում էին ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հռետորաբանությամբ։ Դեռ մայիսի 26-ին, միջազգային հանրության հետ ականատես եղանք Ալիեւի հայտարարությանը, որ Երեւանը հին ադրբեջանական հողերի վրա է կառուցված։ Նրանք վաղուց են սրա մասին խոսում, այսինքն՝ այլեւս անթաքույց խոսում են իրենց նկրտումների՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստան պետության ու պետականության հանդեպ։ Իսկ այն, ինչի ականատեսը եղանք, դրա հերթական դրսեւորումն էր ռազմաճակատում՝ պատերազմի շփման գծում։ Թեպետ, պետք է արձանագրենք, որ այս ամենը կարող է աղերսներ ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հետ, բայց, կարծում եմ, սա նորովի դրսեւորում է։

Այս կոնֆլիկտը ցույց տվեց Դուշամբեի պայմանավորվածության քաղաքական, աշխարհաքաղաքական սնանկությունը, դա հեռանկար չէր կարող ունենալ: Արձանագրում եմ, որ այդ պայմանավորվածության շնորհիվ սահմանների վրա քիչ, թե շատ միջադեպերը նվազել էին եւ զոհերի թվաքանակն էլ էր նվազել: Բայց մենք պետք է գիտակցեինք, որ սա չէր կարող դառնալ երկու պետությունների միջեւ, կամ ղարաբաղյան կոնֆլիկտի համար ինստիտուցիոնալ դրսեւորում, որը կարող էր հանգեցնել սպառնալիքների չեզոքացմանը։

Բազմիցս ասել եմ, հարգելի համանախագահողներ, բանակցողներ, եթե ուզում եք ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, նախ եւ առաջ պետք է չեզոքացնել ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու որեւէ հնարավորություն: Չի կարելի մի ձեռքով խոսել խաղաղության մասին, մյուս ձեռքով կռիվ անել, չի կարելի բանակցել՝ կռվելով: Այս կոնֆլիկտը ապացուցեց, որ Դուշամբեն չէր կարող դառնալ ինստիտուցիոնալ կարգավորումների հենք, դրա հենքը միմիայն Վիեննայի  եւ Սանկտ Պետերբուրգի ձեռք բերած պայմանավորվածություններն են: Տավուշյան իրադարձությունների կարեւորագույն եզրակացություններից մեկը պետք է լինի ցանկացած գնով օրակարգ բերել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այստեղ իշխանությունները ստիպված են ընդունել, որ երկու տարվա ընթացքում այս մեխանիզմները գործի գցելու տեսանկյունից, ժամանակ ենք կորցրել:

Մի շատ կարեւոր հանգամանք եւս, որ Ալիեւը փոխեց իր արտգործնախարարին, իսկ երկրի արտգործնախարարին փոխելը շարքային պաշտոնի նշանակման գործառույթ չէ: Երկրի պաշտպանության եւ, հատկապես, արտաքին գործերի նախարար փոփոխելը քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխությունների նշան է: Բոլորին իսկույն հետաքրքրում է իսկ ո՞վ եկավ նրա տեղը եւ դրանից կախված սկսում են ենթադրել՝ արտաքին քաղաքական վեկտորը լուրջ փոփոխություններ կկրի՞, թե՝ ոչ: Պրոֆեսիոնալ Մամեդյարովը, որը թեպետ բանակցային սեղանի շուրջ մեր հակառակորդն էր, բայց բոլորը նրան ճանաչում են որպես փորձառու դիվանագետ: Նրան փոխարինում է մի մարդ, որը դիվանագիտության ոլորտում որեւէ փորձառություն չունի: Սա խոսում է այն մասին, որ սուբստանտիվ բանակցություններ վարելը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչեւ այս մարդը մտնի կուրսի մեջ՝ փորձառություն, հմտություն, բանակցություն… Սա խոսում է այն մասին, որ Ալիեւը այլեւս հայ-ադրբեջանական հարաբերություններում, կամ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում դիվանագիտական ռեսուրսը համարում է անիմաստ: Որ Ալիեւը անթաքույց նախապատվությունը տալիս է ուժային ճանապարհով հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, նախկինում էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա եղել են ինչ-որ ինցիդենտներ, բայց ռազմական բախում, օգտագործելով հրազենի ամենատարբեր տեսակները, ըստ էության, մեծ զինական  կարողություններով, նման բան չենք տեսել։

- Ի դեպ Թուրքիան արդեն հայտարարել է, որ սպառազինությամբ օգնություն է ուղարկել Ադրբեջանին։

- Թուրքիան միշտ սպառազինությամբ օգնել է Ադրբեջանին։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1990-ականներին, նա նույնպես աջակցում էր թե՛ իր ռազմական խորհրդականներով,  թե՛ զինական ուժով, թե՛ զինտեխնիկայով։ Այսինքն՝ թուրքական նման աջակցությունը նորություն չէ։ Ես այստեղ այլ հարց եմ տեսնում։ Թուրքիան  անթաքույց սատար կանգնեց եւ պատրաստակամություն հայտնեց ներգրավվել այս ռազմական գործողությունների հետագա զարգացումներում։ Միշտ էլ Թուրքիան ունեցել է հարավային Կովկասի նկատմամբ իր նկրտումները՝ տարածաշրջանում ունենալ կարեւոր ռեգիոնալ պետության դերակատարում եւ դա փորձում է հիմնականում անել Վրաստանի միջոցով եւ Վրաստանի տարածքով։ Բայց սա արդեն Հայաստանի պարագայում ակնհայտ ռազմատենչ եւ ագրեսիվ հայտարարություններ են, որոնք, կարծում եմ, միայն դիվանագիտական ձեւակերպելը կամ որակելը սխալ կլինի։ Հետեւաբար՝ պետք է արձանագրենք, որ սա էլ պատահաբար չէր։ Թեպետ հիմա ականատեսն ենք իրավիճակների մի քիչ հանդարտ զարգացումներին, բայց, անկեղծ ասած, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ բան է նախապատրաստվում եւ անմիջապես Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ, գուցե նաեւ հրահրմամբ։

- Ըստ Ձեզ՝ Նախիջեւանի կողմի՞ց, թե՝ Արցախի։

- Մենք պետք է պատրաստ լինենք այս սպառնալիքին դիմագրավելու բոլոր հնարավոր կողմերից։ Իմ պատկերացմամբ, այս իրադարձությունները ակնհայտորեն աղերս ունեն, եթե ոչ ուղղակի, ապա՝ անուղղակի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հետ, բայց դիտարկել այս իրադարձությունները միայն այդ կոնտեքստում, սխալ կլինի։ Միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Փաստորեն, սա կապում են բացառապես ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր զարգացումներով։ Ես դա չեմ բացառում, բայց, եթե ելնենք այդ վարկածից, ապա կնշանակի, որ միջազգային հանրությունը այդուհանդերձ ղարաբաղյան կոնֆլիկտի առարկան դիտում է որպես տարածքային վեճ, մինչդեռ դա տարածքային վեճ չէ, որովհետեւ միայն այդ դեպքում կարելի է ասել Հայաստան-Ադրբեջան առճակատում։ Սա, կարծում եմ, շատ լուրջ ազդանշան է մեր դիվանագիտությանը, մեր արտաքին քաղաքականությանը, որպեսզի միջազգային հանրության մոտ վերականգնենք ընկալումները, որ սա տարածքային վեճ չէ, առավել եւս, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ խնդիր, որեւէ աղերս չունենք։ Միջադեպը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, Ղարաբաղի հետ կապ չունի, բայց մեզ ասում են դադարեցրեք եւ վերադարձեք բանակցային սեղանի շուրջ, ընդ որում մեզ խորհուրդ են տալիս սկսել առարկայական, քննարկումներ։ Փաստենք, որ այս պահին դիմագրավում ենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այստեղ է, որ էական է դառնում հայ-ռուսական ռազմավարական գործունեության ողջ իմաստը, որը շատ կարեւոր է  ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար, որովհետեւ օբյեկտիվորեն երկուսիս համար էլ տարածաշրջանում իրական սպառնալիքները նույն աղբյուրներն են՝ Ադրբեջան-Թուրքիա։ Պետք է արձանագրենք, եթե կա մի պետություն, որը բոլորովին շահագրգռված չէ, որ հարավային Կովկասում սկսեն լայնածավալ ռազմական գործողություններ՝ Ռուսաստանն է։

-Հայ-Ադրբեջանական սահմանային վերջին օրերի լարվածության մասին ՀԱՊԿ-ի ոչ էական հայտարարություններն, ինչպե՞ս կմեկնաբանեք, բավարար ե՞ն այդ հայտարարությունները, թե՞ ավելիին պիտի սպասեինք։ 

- ՀԱՊԿ-ի դերակատարմանը, երբեմն, ավելին ենք վերագրում, քան՝ իրականում այն կարող է իրացվել։ ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը հնարավորություն է տալիս հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեկ այլ ֆորմատով՝ ավելի լուրջ ներգրավվածություն ապահովելով։ Այդ համագործակցության շնորհիվ ունենք միավորված ռազմական ուժերի միավոր հարավային Կովկասում, որի ղեկավարը, ի դեպ, հայ է եւ նա շատ էական դերակատարում կարող է ունենալ հարավային Կովկասում՝ ռազմական զարգացումների համար, սա ՀԱՊԿ-ի շնորհիվ է։ ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը նաեւ հնարավորություն է  տալիս Ռուսաստանից, համեմատաբար մատչելի պայմաններում ստանալ զինամթերք։ Այսինքն՝ մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ոչ միայն ենթադրում է ստանալ մնացած անդամ երկրների ուղղակի ռազմական աջակցությունը, թեպետ գրված է կանոնադրության մեջ, այլ՝ որքան օգտվել այն հանգամանքից, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի անվտանգության անբաժանելի բաղկացուցիչն է եւ մեր մասնակցությամբ նպաստում է Ռուսաստանի անվտանգային  հնարավորությունների ավելացմանը։ Հետեւաբար, ՀԱՊԿ-ից ավելին  պետք չէ սպասել։ Եթե նույնիսկ սպասենք ինչ-որ ռազմական աջակցություն, ապա ոչ Ադրբեջանի հետ առճակատման պարագայում։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանում ռուսական ռազմաբազան, թե՛ ՀԱՊԿ-ը ամբողջությամբ կոչված են թուրքական հնարավոր սպառնալիքը ոչնչացնելուն, բայց ոչ Ադրբեջանի։

- Նաեւ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, որ իրենց հրթիռներն ուղղված են  Մեծամորի ատոմակայանին, այս առումով մենք «վախենալու» բան ունե՞նք, թե դա պարզապես հայտարարություն էր։

- Այդ մասին հայտարարելը միջազգային ծովահենություն է, անգամ նույնիսկ մտածելը՝ հանցագործություն է։ Մեծ վերլուծություն եղավ, որ Հայաստանի տարածքը՝ երկինքը, հակաօդային պաշտպանության նոր կայանի միջոցով, որը կոչվում է կոնտեյներ, ըստ էության,  պաշտպանված է, հետեւաբար պաշտպանված է նաեւ ատոմակայանը։ Այդ կոնտեյներ համակարգը թույլէ տալիս նույնիսկ Ադրբեջանի, կամ որեւէ այլ երկրի խորքից, մեր ուղղությամբ արձակած հրթիռը ֆիքսել, հետեւաբար՝ համապատասխան քայլեր կատարել, դրանց վերացման համար։ Այդուհանդերձ, միջազգային հանրությանը ներկայացնել այն սպառնալիքը, որն ուղղված է ոչ այնքան Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին, ընդհուպ նաեւ Ադրբեջանին։ Օրերս անկախ պատգամավորներից մեկն ասաց, որ Հայաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի, երաշխավորի, որ այն գազանավթային  ենթակառուցվածքները, որոնք անցնում են Ադրբեջանով եւ սնում եվրոպային, պետք է երաշխավորել դրանց անվտանգությունը։ Ճիշտն ասած, զարմացա, երբ օրերս Պաշտպանության նախարարությունում ելույթի ժամանակ  վարչապետը, ըստ էության, հայտարարեց, որ մենք  ենթակառուցվածքների անվտանգության երաշխիքը տալիս ենք։ Ես այն կարծիքին չեմ, որ երբեւէ հայկական կողմը իր ռազմական գործողություններում, որպես թիրախ, պետք է ընտրի այդպիսի ենթակառուցվածքները, բայց ես այն կարծիքին չեմ, որ դրա մասին պետք է կամ հայտարարել, կամ չասել։ Ավելին՝ Ադրբեջանը պետք է դրա մասին մտահոգվի, Ադրբեջանն է  պատասխանատու «Բրիթիշ պետրոլիումի» առջեւ՝ իր ռազմական նախաձեռնությամբ, ոչ թե Հայաստանը։ Դրա համար պետք է «Բրիթիշ պետրոլիումի» ու ձեր ընկերոջ՝ Ալիեւի նկատմամբ պահանջներ ներկայացվի, թող նա հանդարտվի։ Արձանագրենք, որ այդ ենթակառուցվածքները նպատակ են ունեցել  Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանի համագործակցության բոլոր նախագծերից, եւ դրանք ուղղված են Հայաստանի դեմ։ Բայց նույնիսկ այդ պարագայում դրա համար մեկ պատասխանատուն Ալիեւն է, եւ մենք սա պետք է հնչեցնենք։ Այն, որ ասում էր, հանգի՛ստ նստե՛ք տեղներդ, ա՛յ, հիմա պիտի Ալիեւին ասի` հանգի՛ստ նստեք տեղներդ, այլապես մենք ոչ մի բանի համար պատասխանատու չենք։ Մենք պատրաստակամ ենք ասիմետրիկ եւ շատ հուժկու հակահարված տալ եւ դա պետք է իմանան բոլորը՝ «Բրիթիշ պետրոլիումից» սկսած մինչեւ Ալիեւ։ Մենք ուրիշի փոխարեն ավելորդ պատասխանատվություններ չպիտի վերցնենք եւ ընդհանրապես լավ կլինի տարբեր կառույցների ազդեցությամբ գործակալների խորհուրդներին քիչ հետեւեն։

- Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը երկրորդ պլան մղեց հայաստանյան ներքին կոնֆլիկտը, ըստ Ձեզ, երկար կտեւի այս իրավիճակը։

- Հայաստանում քաղաքական ընդդիմությունը, գիտակցելով պահի ողջ լրջությունը, զերծ մնաց որեւէ խիստ քննադատությունից, թեպետ դրա առիթները կային: Սկսած հենց առաջին պահից, երբ վարչապետը մեկնաբանում էր պաշտպանության նախարարին, թե ինչ է տեղի ունեցել եւ կապում էր կորոնավիրուսի հետ: Կներեք, բայց Հայաստանը կորոնավիրուսի առաջատարն է ողջ տարածաշրջանում, դուք նման մեկնաբանություն եք անում, որ դիմացինին շանս տաք, որ  ասի դուք եք այդպես վարվում, կորոնավիրուսից ձեր ուշադրությունը շեղելու համար եւ գնում եք այս ճանապարհով: Կամ, ամենալարված պահին մեկնել Մինսկ, ոչինչ չտվող գործուղում,  ոչինչ չտվող այցելություն: Կներեք, կարծում եմ, որ ընդդիմությունը ուղղակի դեռ զերծ է մնում գիտակցելով քաղաքական բացասական զարգացումների ողջ պատասխանատվությունը: Նույնիսկ կոչեր եղան համախմբվել բանակի շուրջ,  համախմբվել եւ սատարել արտգործնախարարությանը, որովհետեւ ռազմական հաջողությունները պետք է դիվանագիտական հարթակներում կապիտալիզացվեն: Ընդդիմության կեցվածքը շատ հստակ էր, դա չի նշանակում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը մարեց, չի նշանակում, որ քաղաքական հարցադրումները օրակարգից դուրս են, բացարձակապես՝ ոչ: Դրանք սթափեցնող քննադատություններ էին, այլ ոչ թե իշխանությանը ոչնչացնելու նպատակով, փոխարենը, ցավոք սրտի, չեմ կարող ասել իշխանության ներկայացուցիչների մասին: Մենք ականատես եղանք նույնիսկ այս օրերին ԱԺ-ում այնպիսի արտահայտությունների, այնպիսի կոչերի, որ զարմանում եմ…

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.