Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում նախընտրական թեմաներով ակտիվությամբ աչքի ընկան ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Մասնավորապես` Տիգրան Ուրիխանյանը խոսեց ընտրակաշառքների մասին` մեղադրելով կառավարող քաղաքական ուժին ընտրակաշառքներ բաժանելու, քվեարկության նպատակով մարդկանց վերագրանցում անելու մեջ: Նրա խոսքով` ընտրակաշառքների վեցանիշ թվերի մասին է խոսվում:
Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ անբիծ ընտրությունները բոլորից են կախված, ոչ միայն իշխող քաղաքական ուժից: «Եթե մտածում եք մի օրենք կազմել, որ այդ ընտրակաշառքների դեմն առնեք, խնդրեմ, ներկայացրեք նման օրենքի նախագիծ»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ընտրական օրենսգիրքը պետք է փոխել, որովհետև թեկնածուներին հանում է մեկը մյուսի դեմ և պառակտում առաջացնում:
ՀՀԿ- խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը արձագանքեց Լյովա Խաչատրյանին` ասելով, որ ԸՕ փաստաթուղթը ամենաշատն է քննարկվել ԱԺ-ում, և հենց ընդդիմադիր ուժերն են ԸՕ փոփոխությունների ընդունումը համարել ժողովրդավարության հաղթանակ:
«Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, այս ԸՕ-ն բացառում է կարուսելը: Ինձ ավելի շատ զարմացնում է, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են կուսական կեցվածքով: Գնացեք, Գյումրիում հարցրեք, թե ով էր ընտրակաշառք բաժանում, և ով էր բարձրացել ընտրակաշառքի գինը: Բոլորն, առանց բացառության, այդ արատը օգտագործում են: Եկեք խոսենք դրա մասին, ոչ թե ընտրակաշառքը վերագրեք միայն իշխող քաղաքական ուժին»,- ասաց նա:
Այդ արձագանքը վեճ առաջացրեց ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների միջև:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հարկ համարեց բարձրաձայնել, որ ՀԱԿ-ը հաստատ ընտրակաշառք չի բաժանել: